▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք գնում ենք հաղթելու. երկու հայ երեխաներ առաջին անգամ մասնակցելու են «SanremoJunior» հեղինակավոր մրցույթին

 

 

Հայաստանն առաջին  անգամ միացել է «SanremoJunior»  հանրահայտ մրցույթին մասնակցող մի շարք երկրներին, իսկ օրերս կայացել են պատանեկան «Սանրեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները: Հարկ է նշել, որ այս հեղինակավոր մրցույթին մասնակցելու հարցում մեծ ներդրում  է ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր Կարինե Ավդալյանը: Վերջինս Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ նախքան  հայաստանյան ընտրություններն այն շատ չէր լուսաբանվել, բայց բավական շատ երեխաներ մասնակցության հայտեր էին ներկայացրել: Միաժամանակ, Կարինե Ավդալյանը նշեց, որ հույս ունի, որ հետագա տարիներին հայտերի թիվը միայն կավելանա.

«Մրցույթին կարող էին մասնակցել 6-15 տարեկան երեխաները: Այն անցկացվեց 3 օր` շատ արհեստավարժ և երկարամյա փորձ ունեցող ժյուրիի մասնակցությամբ: Ընտրությունները տեղի էին ունենում թափանցիկ և արդար, դռները բաց էին բոլորի համար: Շատ դժվար էր գնահատականներ դնել, քանի որ մեր հայ հողից շնորհաշատ երեխաներ են ծնվում, այնպիսի անզուգական ձայներ ունենք, որոնք, վստահ եմ` մշակվելուց հետո կարող են զարդարել աշխարհի բեմերը: Իսկ առավելագույն միավորներ ստացած երկու հրաշամանուկների հարցում վերջնական որոշումը, թե ով նրանցից պետք է գնա «Սանրեմո», կայացրի ես` որպես հանձնաժողովի նախագահ: Արդյունքում` «Սանրեմո»-ում հայկական դրոշի ներքո կներկայանան երկու տաղանդավոր երեխաներ` Համլետ Բադալյանը` Դիլիջանից և Գոռ Հարությունյանը` Իջևանից»:

Բուն մրցույթը տեղի է ունենալու ապրիլի 19-ին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում: Կարինե Ավդալյանի խոսքով` իրենք մեծ ակնկալիքներ ունեն:

«Երբ ինձ բոլորն ասում են, որ կարևորը մասնակցությունն է, չեմ համաձայնվում: Մենք գնում ենք հաղթելու: Աշխարհահռչակ այս փառատոնի շրջանակներում երեխաները երգելու են «Արիստոն» համերգասրահում` լավագույն նավագախմբի կենդանի նվագակցությամբ: Դա արդեն իսկ երազանք է, որը ոչ բոլորին է հասու:  Ի վերջո, այս երեխաների անունը կգրվի «Սանրեմո»-ի պատմության մեջ, և միշտ կհիշվի, որ  առաջին իսկ տարում երկու հայ հրաշամանուկ է մասնակցել:  Մենք մեկնելու ենք ապրիլի 15-ին, մեզ կարող եք հաջողություն մաղթել»:

Կարինե Ավդալյանն անդրադարձավ նաև ֆինանսական խնդիրներին.

«Սա ամենացավոտ հարցն է:  Իտալիայի հետ կնքած պայմանագրում հստակ նշված է, որ ընտրված մասնակիցն ինքն է հոգում իր ծախսերը: Հուսամ, որ գոնե կգտնվեն երաժշտասեր մեկենասներ, ովքեր կկանգնեն մեր կողքին` գոնե հաջորդ տարիների ընթացքում»:

Նշենք նաև, որ  ժյուրիի կազմը  կազմում էին նաև ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, Երևանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Սուսաննա Բարսեղյանը, ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, վերադաշնակող Կարեն Մարգարյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտության տեսության  ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը, ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության  վարչության անդամ Զառա Արամյանը:

Հավելենք, որ  «SanremoJunior»  մրցույթն անցկացվում է 2010 թ.-ից, Իտալիայի համանուն գեղատեսիլ  քաղաքում: Այս տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին