▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի մասին է լռում Սոնա Անտոնյանը…


Երբ քաղաքական թոհուբոհից հոգնած ուզում ես քայլել դեպի հանգստություն, միակ ճանապարհը, որն անկաշառ է և արդարացվող, գրականությունն է…

Գրականության մեջ դեգերումները բերեցին դեպի Սոնա Անտոնյան… Տարբերվող մտավորական, նորարարության կրող, նուրբ հոգի ու մշտական որոնող…

Սոնա Անտոնյանի  հետ զրուցում եմ իբրև ընթերցող …

-Երբևէ մտածե՞լ եք ընթերցող-գրող երկխոսություն ստեղծելու մասին, ինչ կուզեիք ընթերցողից, և ինչ կառաջարկեիք ընթերցողին:

-Մտածելը քիչ կլինի` գործել է պետք: Գրողը ստեղծում է, իսկ գրականագետը գոնե արձանագրո՞ւմ է (վերլուծելը թողնենք) գրական պրոցեսը, փոփոխությունները, հին ու նոր հոսանքները: Քանակական կողմն եմ դեռ միայն  նշում: Բազմաթիվ գրքեր են տպագրվում, Հայաստանում անթիվ գրողներ կան... Կա՛ պրոցես և չկա՛ պրոցես:

Կիսաթաց փայտը լավ չի վառվում. ծխում է, մխում...

Ես միտինգավար չեմ: Որոշ ընդհանուր դիտարկումներ, կարծում եմ, կլինեն մեր զրույցում, իսկ մնացյալը... թող   ընթերցողը որոշի` ի՞նչ, ինչու՞ և ե՞րբ կարդա: Այդ առումով նա բացառիկ է:

-Մենք այսօր ընթերցող ունե՞նք:

- Իհարկե ունենք: Շատ տարբերվող է մեր ընթերցողը, առանձնահատուկ. նա միայնակն է, պասիվը,  թաքունը, գնահատողը, ցանկություն ունեցողը ...   Նախ այսպիսի ընթերցողի վստահությունն է պետք շահել և շահել գրականությամբ:

Կա ՛ պահանջմունք` զգայական լինի, թե տեղեկատվական` միևնույնն է` կա': Թեև իրականացնողերը կարող են եղանակներ փնտրել: Դու  էլ (գրողը) պետք է գնաս դեպի ընթերցողն անվհատ՝ գնաս,  որովհետև ինքնիրականացվելու անհրաժեշտությունը փոխադարձ է, երկուստեք՝ ընտրողական:

Գրող-ընթերցող փոխհարաբերության մասին շատ է խոսվում և նոր բան այժմ էլ չենք  արձանագրելու:

Պարզապես մենք հաճախ ենք մտածում, որ մեր փոխարեն ուրիշներն են բանալի գտնելու...

Հոգին զմայլելու տարբերակներ որքա՜ն կուզեք. գինեձոներ, շնորհանդեսներ, փառատոներ, տոներ... Պոեզիան ինքնըստինքյան ցնծություն է,  հույզերի հրավառություն` ուրեմն երգասացի շնորհներով միշտ հանդեսի մասնակից դառնանք:

-Մի ստիխում գրում եք. Տարբեր չափի բնավորություններ կան գրապահարաններում.... Ի՞նչ բնավորություն կտաք Ձեր պոեզիային...

Որոշակի կասեմ. աղջկական քմայքից մինչև խոկող տեսակը, հուզախռովն ու բանականը: Խառնվածքի բոլոր տիպերին բնորոշ նրբատոներով, կտրուկ դարձերով, ուր  «բուռն» և «զուսպ»  բնութագրերը հստակ են, գծեր բացող... Ահա բնորոշում եմ և ոչ` սահմանում:

-Նույն ստիխում գրում եք. սա ողբերգություն - սարկազմ է  լացի պես ազնիվ...  լացն ու ծիծաղը որտե՞ղ են խաչվում:
- Ոչ մի տեղ... անխառն են:

-Տարբեր բանաստեղծություններում սերը կորցնելու տագնապ կա... Մի ստիխում անհանգստություն կա. կորցնում էին սերերում անուն շշնջալիս... կամ մյուսում. ծնվում ու հալվում են սերերը ... Անհանգստությունը պոետուհու մոտ ե՞րբ է գլուխ բարձրացնում:

- Փակուղի որոշակի զգացել եմ, տագնապ` ոչ: Բայց ինձ հուզեց Ձեր դիտարկումը: Վերապրեցի ապրումի գրադացիան...

-Սիրտս է խփում, չեմ անհանգստանում...

Սեր և նրան առնչվող ինչ-որ զգացողություններ հոսում, գնում են: Ինչ-որ տաք բան մնում է. նստվածքն է որակական նշաձող դառնում` ինչու՞ հրաժարվել սիրուց, ինչու՞ վերադառնալ սիրուն, ինչու՞ լռեցնել սերը...և այսպիսի թվարկելի   «պատրվակներ»:

-Ովքե ՞ր են Ձեր գլխավոր հերոսները:

-Հերոսը իրական ցավ կրողն է, իր իղձի հետևից գնացող բանականն է, ներքնատեսը` մութ ու լույսի: Նա ճանաչելի է, ես գրեթե չեմ գաղտնագրում:

-Գիտեմ  որ  թևավոր խոսքերի հեղինակ եք, որոնցո՞վ եք ինքներդ շարժվում:

-Չգիտեմ...

Հիմա չգիտեմ:  Հեքիաթի ճամփամիջի քարին նստած Սպասողն եմ դեռ, սիրելի Արմինե: Բայց հաստատ գիտեմ՝  ո՛ր ճանապարհով եմ ընթանալու:

 Մենք, ես առավել քան, միշտ փնտրում ենք Բացակայողին` բոլոր ներկաների մեջ: Եվ  սպասում  ուսիդ իջնող ձեռքին, խաղաղեցնող  ձայնին.  «Մրսածություն է, կանցնի»...

-Ինչի՞ մասին է սիրում լռել բանաստեղծուհի Սոնա Անտոնյանը...

-Արի լռենք... 

-Ի՞նչ կմաղթեք ձեր ընթերցողին:

- Իմ ընթերցող, անտանելի է առանց քեզ և պատասխանատու քեզ հետ: Ես էլ որոնող եմ և մեկը ձեզնից: Չօտարվենք գրքից: Սիրելի, շոշափելի, թրթռուն զգացողությունների ակնկալիքով բացենք այն: Թող միշտ փայփայելի մնա յուրաքանչյուրիս  սպասումը` էջ առ էջ:

Էկոլոգիապես անաղարտ պահենք մեր սրտի, մտքի ու գրի դարակները:

Հ.գ. չեմ սիրում հրաժեշտի պահը... Բանաստեղծուհուն էլ հրաժեշտ չասացի, քանզի ամեն պահ հանդիպելու եմ նրա գրականության հետ ու մտքով ողջունելու….

ՀՐԱԺԵՇՏ

որ գաս

որ եզրերով գաս

որ քարանձավի պաղին գաս

որ ծնկներդ ճգնավորի քարին չոքեն

որ մամուռը ծալ-ծալ քանդես

որ ջրերի պաշտամունքից խոսես

որ մարմինդ ավազանում թաթախես

որ շերտերում հազարամյակդ գտնես

որ չափսոսաս թփերին

թփերին հանգչող աստղերի

 Սոնա Անտոնյան…

Հեղինակ՝ Արմինե Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին