▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 միլիոն մրցանակային ֆոնդ, ուկրաինական Лига смеха-ին մասնակցելու հնարավորություն. նոր՝ նախադեպը չունեցող նախագիծ

 

Հոկտեմբերի 20-ին «Շանթ» հեռուստաընկերությամբ կմեկնարկի նոր՝ Հայաստանում նախադեպը չունեցող հումորային նախագիծ, որը շատերին հնարավորություն կընձեռնի ցույց տալու իրենց հումորային ունակությունները:

Asekose.am-ը զրուցել է «Հումորի լիգա» անվանումը կրող նախագծի գլխավոր պրոդյուսեր՝ Արմեն Սուքիասյանի հետ նախագծի մասնակիցների, ժյուրիի անդամների, մրցանակային ֆոնդի և այլ մանրամասների մասին:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ամիսներ առաջ КВН-ի նախկին տղաներից մի քանիսի կողմից, ովքեր որ վերջին տարիների ընացքում ռուսական և բելառուսական տարբեր լիգաների ֆինալիստներ են, փառատոնների հաղթողներ, առաջարկ ստացա համատեղ նախագիծ սկսելու: Եվ այդ ժամանակահտվածից սկսած՝ նախագծեցինք հենց այս հաղորդումը»,- պատմեց Արմեն Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ «Հումորային լիգա»-ն ռուսական КВН-ի, ուկրաինական Лига смеха-ի, X Factor-ի, Voice-ի միքսն է.

«Ստացվում է այսպես՝ հումորային ձևաչափի մրցութային ծրագիր, որի շնորհիվ հումորիստների համար հարթակ է ստեղծվում ինքնադրսևորվելու և ստեղծագործելու»,- նշեց պրոդյուսերը և ավելացրեց.

«Հայաստանում հումորային նախագծերի վակուում կա, ավելի շատ շեղվել ենք դեպի սիթքոմներ: Մեր նախագծով մենք նոր կադրերին հնարավորություն ենք տալիս ցույց տալ իրենց ունակությունները: Ցանկացողները կարող են մասնակցել միայնակ, դուետով, մեծ թիմերով և, իհարկե, կարող են ներկայանալ ցանկացած հումորային ժանրում»,- մանրամասնեց Արմեն Սուքիասյանը:

Իսկ ինչ վերաբերվում է նախագծի ժյուրիի անդամներին և մրցանակային ֆոնդին, հաղորդման պրոդյուսերը տեղեկացրեց.

««Հումորի լիգայի» հաղթողը «Շանթ» հեռուստաընկերության հետ կստորագրի պայմանագիր, որով հնարավորություն կստանա հանդես գալ հեռուստաընկերության տարբեր նախագծերում, ինչպես նաև կարժանանա 1.000.000 դրամ մրցանակին: Եվ բացի այդ, նախագծի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու ուկրաինական Лига смеха-ին: Իսկ ժյուրիի անդամներն են դերասանուհիներ Անահիտ Կիրակոսյանը, Թամարա Պետրոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, ռեփեր Նարեկը և նախկին «32-ատամ»-ի» Արմանը, իսկ որպես նախագծի հաղորդավար՝ հանդես կգա Եգոր Գլումովը»,- նշեց Արմեն Սուքիասյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս նկատեց, որ նախագծի շրջանակներում ոչ ոք չի անցնի կոռեկտության սահմանը և, ինչպես արդեն տարբեր նախագծերի փորձն է ցույց տվել, չի դառնա ծաղրի առարկա.

«Մենք՝ հայերս, շատ հումորով ենք վերաբերվում ինքներս մեզ, անգամ ամենադժվար իրավիճակերի միջով փորձում ենք կրկին հումորով անցնել: Մեզ մոտ շատ պրոֆեսիոնալ թիմ է հավաքված՝ սկսած խմբագիրներից, վերջացրած մինչև ժյուրիի անդամներ: Նրանցից յուրաքանչյուրն իր ձևով ուղղորդելու է մասնակիցներին՝ չթողնելով, որպեսզի անորակ արտադրանք ցուցադրվի եթերում»,- շեշտեց պրոդյուսերը:

Անդրադառնալով նախագծում քաղաքական հումորների առկայությանը, վերջինս նշեց, որ հաղորդման կիսաեզրափակիչ փուլերը լինելու են խորագրերով՝ մշակույթ, սպորտ և քաղաքականություն:

«Չենք սահմանափակելու ոչ ոքի մտքերը: Եթե մասնակցի կողմից վիրավորանք չկա որևէ անձի նկատմամբ, ապա մեր կողմից ևս ոչ մի արգելք չի լինի: Եթե ամեն բան արվում է որակով և հումորով, ապա բարի գալուստ «Հումորի լիգա»,- շեշտեց Արմեն Սուքիասյանը:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Արմենը, նախագծին մասնակցելու համար արդեն իսկ բավական քանակով գրանցված մասնակիցներ կան բուհերից, ուժային կառույցներից, մարզերից, Արցախից և Ջավախքից:  

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին