▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրահարվեցի, շոկի մեջ էի, չէի քնում գիշերները. Արման Խաչատրյանն անկեղծանում է

Արման Խաչատրյանին շատերը ճանաչում են «Այրված անուրջներ»  սերիալից, որում նա մարմնավորում է Տիգրանին: Asekose.am-ը զրուցել է երիտասարդ դերասանի հետ՝ անցած ուղու, ստեղծագործական երազանքների, անձնական կյանքի մասին և ոչ միայն:

Ինձ անլուրջ են մոտենում

Մինչև օրս, երբ արդեն թատրոնում մեծ զբաղվածություն ունեմ, նկարահանվում եմ սերիալում,  ծնողներս լուրջ չեն վերաբերվում աշխատանքիս:  Մայրս թատերասեր է, սակայն հայրս ու ազգականներիցս մի քանիսը լուրջ չեն մոտենում ինձ՝ ասելով, որ դե թատրոն է:  Նրանք ինձ համար այլ մասնագիտություններ էին պատկերացնում, օրինակ՝ պատկերացնում էին, որ հայտնի պլաստիկ վիրաբույժ կդառնամ, բայց ես ապրում եմ թատրոնով: Դա, թերևս, պայմանավորված է նաև այն կարծրատիպով, որ դերասանները լավ չեն վարձատրվում, բայց ես, փառք Աստծո,  վատ չեմ վարձատրվում, չեմ բողոքում: Իհարկե, կցանկանայի ավելի շատ վարձատրվել, բայց ես երջանիկ եմ, որ իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում:

Սիրահարվեցի, շոկի մեջ էի, չէի քնում գիշերները

Դերասան դառնալու որոշումս պայմանավորված էր նրանով, որ պաշտում էի թատրոնը, հիմա ավելի շատ եմ պաշտում (եթե նման բառ կա):  Երբ դպրոցական էի, գնացինք ներկայացում նայելու: «Մեր տան տերերը» ներկայացումն էր՝ Սվետլանա Գրիգորյանի մասնակցությամբ: Նայեցի ներկայացումն ու սիրահարվեցի, շոկի մեջ էի, չէի քնում գիշերները: Ինքս ինձ տեսնում էի բեմում, ինչպես եմ խաղում տիկին Սվետայի հետ: Նույն էլ ասում էին նաև համադասարանցիներս՝ ասելով, թե ինչպես է, որ արդեն բեմում չեմ: Պետք է նշեմ, որ այդ տարիքում առավել մտածում էի բեմադրիչ դառնալու մասին, որովհետև հավաքվում էինք բակի երեխաներով, տարբեր հանդես, ծաղկի փառատոններ և այլ նմանատիպ բաներ էին բեմադրում:

Շատ մեծ էր հիասթափությունս

Ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, շատ մեծ էր հիասթափությունս, սակայն շատ շնորհակալ եմ իմ վարպետին՝ Վահե Շահվերդյանին, ում շնորհիվ էլ ավելի սկսեցի պաշտել թատրոնը:  Մեծ բողոք ունեմ կինոռեժիսորներից, քանի որ  պրակտիկ գիտելիքներ չեն տրվում, չկա փորձ, թե ինչպես պետք է աշխատել տեսախցիկների հետ: Սովետական տեխնիկա, սովետական գրականություն, որևէ անդրադարձ չկա արդի դրամատուրգիային, միշտ հինը, ես կողմ եմ դասականին, սակայն պետք է քայլել ժամանակին համընթաց:

Ամեն ներկայացումից ստանում էի 3000-3500 դրամ

Երկու տարի աշխատել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այնտեղ էի հայտնվել ընկերոջս՝ մոդել Դավիթ Ղարիբյանի միջոցով, նա էր ասել, որ թափուր հաստիք կա: Մասսայական դերերում էի հանդես գալիս:  Հեռացա նախքան սերիալներում նկարահանվելը, որովհետև ժամանակս չէր բավականացնում, ուսանողական ներկայացումներում  մեծ զբաղվածություն ունեի, չէի հասցնում: Բացի դրանից, կլինեմ անկեղծ՝ շատ քիչ էի վաստակում,  ամեն ներկայացումից ստանում էի 3000-3500 դրամ, ընդհանուր առմամբ՝ ամսական մոտ 15.000 -20.000 դրամ էի աշխատում: Գումարի համար չէի աշխատում, դերասանի համար մեծ փորձ էր:

Սերիալում չես ինքնաարտահայտվում

Սերիալում եմ նկարահանվում, սակայն առաջնայինն ինձ համար թատրոնն է: Նախքան նկարահանվելս շատ էի մտածում՝ գնալ այդ քայլին, թե՝ ոչ: Ահավոր մեծ է տարբերությունը, իրականում սերիալում չես կարողանում ինքնաարտահայտվել:  Իհարկե,  սերիալում ընկերներ ես ձեռք բերում, շրջապատդ է մեծանում, ճանաչում, սակայն թատրոնն այլ է: Այս պահին  իմ առաջին վարպետը՝ Սամսոն Ստեփանյանը, ինձ հրավիրեց Կամերային երաժշտական թատրոն, մանկական ներկայացումներում եմ ընդգրկված, առջևում սպասվում են նոր դերեր: Շատ շնորհակալ եմ վարպետիս, նախապատրաստում եմ նաև ներկայացումներ այժմյան վարպետիս՝ Վահե Շահվերդյանի հետ: Կլինեն մոնո ներկայացումներ:

Ցանկանում էլ, որ նա էլ ինձ սիրի

Անձնական կյանքումս փոփոխություն չկա, ընկերներիս ասում եմ, որ ապրում եմ անանձնական կյանքով: Ամեն ինչ մասնագիտական է, ինձ թվում է՝ կամուսնանամ թատրոնի հետ:  Ինչ վերաբերվում է երազանքներին, ապա կասեի, որ երազում եմ նկարահանվել Բրիժիտ Բարդոյի և Սոֆի Լորենի հետ, սակայն իրական երազանքներից, թերևս կնշեմ, որ ցանկանում եմ օգուտ տալ իմ արվեստով կամ օրինակ լինել: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ցանկանում եմ, որ նա էլ ինձ սիրի, այդ դեպքում, երևի, մի բան կստացվի:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին