▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում ենք ցույց տալ՝ ավանդական արժեքները մոռացված չեն. Ալեքսանդր Սահակյանը և Արամ Մովսիսյանը նոր նախագիծ ունեն

 

Ալեքսանդր Սահակյանը և Արամ Մովսիսյանը Jean-Paul Existential Cafe-ում-ում դեկտեմբերի 22-ին ժամը 20:00-ին կներկայացնեն «Եռախոսության առաջին մենախոսությունը»:

 

«Նախագիծը կոչվում է «Եռախոսություն», այսինքն՝ եռախոսություն թառի, դափի և երգի միջև: Ըստ այդմ՝ առաջին համերգ ասելու փոխարեն, նախընտրում ենք ասել մենախոսություն», -նշեց երգիչ Արամ Մովսիսյանը:

Նշենք, որ թեպետ սա տղաների առաջին մենահամերգն է, սակայն նախկինում նրանք համագործակցել են՝ հանդես գալով տարբեր խմբերի կազմում: 

«Արտերկրում մի շարք համերգներ ենք ունեցել, պարզապես մի փոքր ավելի ընդարձակ կազմով՝  երգ, դափ, թառ, դուդուկ և քամանչա: Անսամբլը կոչվում էր «Գուսան», հիմնականում շրջագայել ենք եվրոպական երկրներով՝ Ավստրիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն: Հետո Արամի հետ որոշեցինք ավելի փոքր կազմով հանդես գալ՝ ներկայացնելով ավանդական հնչողությամբ հայկական ժողովրդական, հոգևոր, աշուղական երգն և երաժշտությունը»,-նշեց Ալեքսանդր Սահակյանը:

Շարունակելով թեման՝ երգիչ Արամ Մովսիսյանը նշեց, որ սա առաջին համերգն է, երբ իրենք ներկայացնելու են ամբողջական ծրագիր: Ըստ նրանց՝ Jean-Paul Existential Cafe-ում, թերևս, միայն, հոգևոր երաժշտություն չեն ներկայացնի, քանի որ վայրի ընտրությունը մի փոքր դինամիկ երաժշտություն է պահանջում, պարեղանակներ:

Չնայած պարեղանակներին՝ նախագծի անդամները կոմերցիոն երաժշտություն չեն ցանկանում  մատուցել, նրանց խոսքով՝ իրենց առաքելությունը երաժշտության միջոցով կրթելն է:

«Մենք ցանկանում ենք այս նախագծի շնորհիվ ցույց տալ, որ ավանդական  արժեքները մոռացված չեն, կան մարդիկ, ովքեր թեկուզ միջնադարյան մշակույթի կրողներն են: Մենք չենք փորձում երաժշտությունն աղավաղելով՝ լսելի դարձնել այն: Մենք ինքներս արդեն երկու տեսահոլովակ ունենք, ժամանակի ընթացքում կավելացնենք, աշխատում ենք նոր ձայնագրությունների վրա: Հայ համայնքներից էլ հետաքրքրություն կա մեր երաժշտության հանդեպ: Մեր լսարանն այսօր հիմնականում ավելի տարիքով մարդիկ են, սակայն այս նախագիծը, կարծես, հաղորդագրություն լինի երիտասարդներին, որ օրինակ՝ անտառ գնալիս կարող են ոչ միայն կիթառ նվագել, այլև՝ թառ և ուրախանալ»,-նշեց նախագծի անդամ Ալեքսանդր Սահակյանը:

Հեղինակ՝ Ա. Գ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին