▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Քոչարը՝ հիվանդության, թե ինչու բուժումը Հայաստանում չստացավ և հայրենիք վերադարձի մասին

 

ArmDaily.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ՝ ծանր հիվանդության,երկարատև բուժման, առողջական ներկա վիճակի, որդու, դժվարությունները հաղթահարելու և անձնական կյանքի մասին:


-Անի , նախ ինչպես եք։ Ի՞նչ փուլում է բուժումը։ Ինչպես՞ իմացաք, որ քաղցկեղ ունեք։
- Փառք Աստծո շատ լավ եմ: Դեղորայք եմ ստանում, որը պետք է խմեմ մինչև հունվար ամիսը: Ինչպես նաև բնական մեթոդներով փորձում եմ պահել բուժման արդյունքները. օգտագործում եմ խոտաբույսեր և հակաքաղցկեղային պտուղներ:
Հիվանդությունը շատ պատահական է բացահայտվել, մահամերձ եմ անգամ եղել, ամիսներ շարունակ հիվանդանոցում անցկացրել, քիմիաթերապիա ստացել, սակայն այդ ամենն արդեն իսկ հաղթահարված է. այդ դժոխքը հիշել անգամ չեմ կամենում: Աստծո հրաշքով շատ արագ հաղթահարեցի այդ չարաբաստիկ հիվանդությունը, ինչի համար ամեն օր փառք եմ տալիս Տիրոջը: Գերմանացի բժիշկներն անգամ ապշած են արդյունքներից, քանզի ինձ մոտ արյան քաղցկեղի մի տեսակ էր, որից շատ քչերն են փրկվում:

-Հիասթափություն, վախ, մարդկանցից մեկուսանալ.... ի՞նչ զգացողություններ էին։ 
- Այդ ամենը եղել է և դեռ ավելին. Մարդկային բոլոր հնարավոր զգացմունքներն ու զգացողությունները, հույզերն ու ապրումներն ունեցել եմ և դա բնական է կյանքի համար կռիվ տվող մեկի համար: Շատ հակասական զգացողություններ ես ունենում, շատ մտատանջող հարցեր` ինչպես, ինչու. Հատկապես, երբ ողջ կյանքդ առողջ ապրելակերպ ես վարել և վնասակար որևէ սովորություն էլ չես ունեցել: Դժվար է ընդունել, որ բախվել ես նման խնդրի, բայց և փորձում ես գերմարդկային ճիգեր գործադրել և դուրս գալ անդունդից: Երբ թվում էր, թե ամեն բան ավարտված է, անգամ այդ պահերին փորձում էի ժպտալ և կողքիններիս հույս տալ, որ ապրելու եմ, որ հաղթելու եմ, որ ամեն բան լավ է լինելու:
Մեծ և անմնացորդ հավատքի շնորհիվ հաղթեցի այդ չաիքին և այսօր առավել քան երջանիկ եմ, որ ապրում եմ, որ որդուս կողքին եմ, որ ծնողներիս չդժբախտացրի և որ շատերի համար հույսի շող եմ դարձել:

-Գերմանիայում այժմ ինչո՞վ եք զբաղված։ Աշխատում ե՞ք։
- Այժմ հիմնականում զբաղված եմ իմ վերականգնմամբ, վերջնական ապաքինմամբ. մերսումներ, ֆիզիոթերապիա, ասեղնաբուժություն, էլեկտրոխթանում, … ինչպես նաև դեղորայքային բուժումն ու ամեն 3-4 շաբաթը մեկ օնկոլոգի մոտ ստուգումները. դեռևս երկար տարիներ պետք է հսկողության տակ լինեմ:
Հիվանդությունից ի վեր մեկ տարի ի վիճակի չեմ եղել աշխատել /աշխատում է Բիլիֆելդ քաղաքի սոց. Նախարարությունում որպես թարգմանիչ և խորհրդատու/, սակայն այժմ քիչ-քիչ վերադառնում եմ գործերին: Սակայն, ի տարբերություն նախկինի, փորձում եմ չգերլարվել և ինձ շատ չծանրաբեռնել: Ինձ բացարձակ հակացուցված է սթրեսսն ու ջղաձգվելը:

-Բուժումն այդտեղ անվճա՞ր է։ 
- Բնականաբար բուժումն անվճար չէ, բուժհամակարգն է այստեղ այլ: Գործում է պարտադիր բուժապահովագրության սիստեմը: Ես ունեմ բժշկական ապահովագրություն, որն ամբողջությամբ հոգում է ծախսերը և դեռ ավելի, վճարում վերականգնողական բուժումներն ու անհրաժեշտ ամեն բան կախված իմ և որդուս առողջության հետ: Այս իմաստով, Գերմանիան անգերազանցելի է: Չեմ ուզում անգամ պատկերացնել, թե ինչ կպատահեր, եթե ես հասցնեի վերադառնալ Հայաստան և նոր միայն բացահայտվեր հիվանդությունը: Այս հիվանդության բուժումը հարյուր հազարավոր եվրոների պատմություն է, որը հոգալն այնքան էլ դյուրին բան չէ:

-Ինչու որոշեցիք մնալ այդտեղ և բուժումն այդտեղ ստանալ, Հայաստանում հնարավոր չէ՞ր։ 
- Նախ այնպես ստացվեց, որ ինձ մոտ ախտորոշվեց արդեն այն ժամանակ, երբ վիճակս օրհասական էր. հիվանդության բացահայտման նույն օրն իսկ ինձ հոսպիտալացրել են և անհապաղ բուժում սկսել, ժամանակ չկար անգամ ընտրելու, թե որտեղ բուժվել: Բացի այդ Գերմանիան ողջ աշխարհում ամենազարգացած բժշկություն ունեցող երկրներից է: Եվ հհետո, այս թանկարժեք բուժումը հայաստանում ստանալն անհնարին կլիներ, իսկ իմ ապահովագրությունն ինձ այդ հնարավորությունը տալիս էր: Դեղորայքներ և քիմիաթերապիաների տեսակներ կան, որոնք ինձ անհրաժեշտ էին, դրանք հայաստանում անգամ գոյություն չունեն: Ես մի դեղորայք եմ ստանում, որը դեռևս ողջ տարին պետք է ստանամ` Միդոսթաուրին, մեկ ամսվա կուրսն արդե մոտ 25.000 եվրո, իսկ այն Հայաստանում անգամ չկա և պետք է պատվիրել արտերկրից:
Այնպես որ լավագույն տարբերակը հենց Գերմանիայում մնալն ու բուժվելն էր, ինչպես նաև այստեղ վերականգնվելն ու լիարժեք ապաքինվելը, ինչն այսօր իմ առջև դրված համար առաջին խնդիրն է:

-Փաքրիկ Դավիթն ինչով է զբաղված, հարմարվել է Գերմանիային, Հայաստանը չի կարոտում։
- Որդիս սովորում է 1-ին դասարանում, փոխադրվեց 2-րդ դասարան: Նա ընդամենը 2 տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Գերմանիա, այնպես որ խոսել սկսել է այստեղ, մանկապարտեզ և խմբակներ հաճախել և լիարժեք ինտեգրվել է: Սակայն Հայաստանը մեր ամենօրյա թեման է, և նա մեծանում է հայեցի և հայկական ոգով և շատ մեծ ցանկություն ունի Հայաստան գալու:

-Նախկին ամուսնուդ հետ շփումներ կա՞ն։ 
- Ներեցեք, իհարկե, բայց հրաժարվում եմ առհասարակ անձնական թեմայով որևէ հարցի պատասխանել: Դառը փորձը ցույց տվեց, որ անձնական թեմաները հանրայնացնելն ամենասխալ բանն է, իսկ ես սխալների վրա սովորում եմ և ջանում այլևս չկրկնել դրանք:

-Երբ կվերադառնաք Հայաստան։
- Այս պահին դժվարանում եմ ասել և հստակ ժամկետներ նշել, քանզի կյանքը ցույց է տալիս, որ մեր ցանկություններն ու իրադարձությունների զարգացումները միշտ չէ, որ համընկնում են: Դեռևս 2018-ին պատրաստվում էի հետ վերադառնալ, կազմակերպում էի մեր հետ վերադարձը, իսկ օրեր անց հոսպիտալացվեցի, այնպես որ վախենում եմ անգամ հստակ որևէ բան ասել: Հայաստան վերադառնալը երազանքի նման մի բան է դարձել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին