▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Ռուբեն Հայրապետյանին.Մեր առաջնությունը տարեց տարի զիջում է իր դիրքերը

Բաց նամակ`  ուղղված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որը խորագրված է հետևյալ կերպ` «Հեռացեք կամ կատարեք կտրուկ փոփոխություններ»:

Նամակը` ստորև.

«Մեր առաջնությունը տարեց տարի զիջում է իր դիրքերը: Մեղմ ասած մեռնում է և Եվրոպայում ամենաթույլն է: Մարզերում խայտառակ վիճակ է տիրում: Մեր ժողովուրդը ֆուտբոլի կարոտ է: Ունենք չունենք մի ազգային հավաքական ունենք, այն էլ շատ քիչ խաղեր է անցկացնում, չենք օգտագործում մեզ տրված ընկերական հանդիպումները, էլ խոսք չկա երիտասարդների և պատանիների մասին: Մենք ընկերական խաղերի թվով զիջում ենք գրեթե բոլորին:

Տարրական հարգանք չկա երկպագուների հանդեպ ովքեր չեն կարողանում հեռուստատեսությամբ դիտել հավաքականի բոլոր խաղերը: Իսկ կարևորագույն խաղերը բավական ցածր որակով են եթեր հեռարձակվում: Ամեն անգամ նման խաղերին կրկնվում է նույն խայտառակ իրավիճակը, երբ բազմաթիվ երկպագուներ, որոնցից շատերը ժամանում են հեռավոր մարզերից, տոմսերը ձեռքին հայտնվում են ոստիկանության հրմշտոցի մեջ և մնում ստադոնից դուրս: Ո՞վ պետք է վերջապես պատասխան տա: Ռուսաստանի խաղից հետո անցավ ժամանակը բայց դասեր չքաղեցինք:

Շատ չքննարկելով բոլոր առկա խնդիրները, անդրադառնանք մեր ազգային հավաքականի անփառունակ ելույթներին: Ունենալով այդքան ուժեղ լեգիոներներ, ովքեր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնության առաջատարներն են, մենք չունենք ԹԻՄ: Ինչո՞վ կբացատրեք դա: Մեր կարծիքով մեր հավաքականին պետք է փորձառու և ուժեղ մարզիչ, որից սովորելու բան կունենա ներկա մարզիչը:

Վարդան Մինասյանը իր հարցազրույցներում նշում է, որ մենք նպատակ չունենք Բրազիլիա մեկնելու, մեր նպատակն է թիմի խաղը բարելավելը: Եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, խմբում երկրորդ տեղի համար չպայքարելու հանգամանքը, ապա ոչ մի կերպ չի երևում թե ինչպես է պարոն Մինասյանը բարելավել մեր թիմի խաղը: Դեռ ավելին, թիմի խաղը նահանջ է ապրում: Դրանում կարելի է համոզվել նայելով մի քանի փաստերի. անցած մրցափուլում Եվրոպայի ամենաարդյունավետ հավաքականներից մեկը, այս մրցափուլում խփել է ընդամենը 2 գոլ, որոնցից մեկը գաճաճ Մալթայի դարպասը: Խնդիրներ կան նաև ֆիզիկական պատրաստվածության հետ:

Մինչև ե՞րբ պետք է մեր մազիչը այսպիսի անհաջող փորձեր ձեռնարկի թիմի խաղը բարելավելու համար: Կարելի է ասել, որ նա չի կատարում իր առջև դրված նպատակը: Կարծում ենք, որ մեր ֆուտբոլիստներն ընդունակ են ավելիին, քան վերջին 3 խաղերում պարտվել ընդհանուր 7-1 հաշվով:

Հարգելով վերջինիս, գտնում ենք, որ նա չի կարողանում այս պահին ղեկավարել և մարզել մեր տղաներին: Տվեք նրան հնարավորություն կատարելագործվելու: Տվեք մեզ հնարավորություն, վայելելու մեր սիրած սպորտաձևը: Հրավիրեք բարձրակարգ մարզիչի, ինչու չէ հայազգի, կատարեք կտրուկ փոփոխություններ, իսկ եթե հնարավոր չէ, ապա լքեք ձեր պաշտոնը:

Նամակը պատրաստվել և ստորագրվել է 100 երկրպագուների կողմից»։

Նամակը էլեկտրոնային փոստով ստացել է «Ա1+»-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին