▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյանը չի կարող խաղալ միայն դարպասապահի դիրքում, քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ». Արթուր Պետրոսյան

 

Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը՝ մարտի 25-ինՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի ընտրանու հետ վաղը կայանալիք ընտրական հանդիպմանը հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին.

-Խաղալու են հավասար թիմեր, նշանակություն չունի, որ հետնապահներ են ենթախմբում: Շատ լարված խաղ է ընթանալու: Դիտել եմ Կիպրոսի հավաքականի հետ ընկերական խաղը և արել եզրակացություններ: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար: Երկրպագուներին հորդորում եմ աջակցել մեր թիմին:

Պաշտպանության աջ թևում կա մեծ մրցակցություն՝ Կամո Հովհաննիսյանի և Հովհաննես Համբարձումյանի միջև: Որոշե՞լ եք, թե ով է խաղալու վաղը:

-Կամոն իր ակումբում խաղում է կիսապաշտպանի դիրքում, ուստի եթե որոշում կայացնենք նրա օգտին, ապա նա կխաղա որպես կիսապաշտպան: Հովհաննեսը փոքր վնասվածք է ստացել, վերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան:

Դավիթ Մանոյանը բացակայելու է: Դա ինչպե՞ս կազդի թիմի ելույթի վրա:

-Դա մեծ հարված էր մեզ համար: Բայց մենք կփորձենք ելք գտնել: Հուսով եմ՝ կկարողանանք ճիշտ որոշում կայացնել:

Ուսումնասիրե՞լ եք մրցակցի խաղը, ի՞նչ մարզավիճակում է մրցակիցն ըստ Ձեզ:

-Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Ֆիզիկապես շատ ուժեղ են, ամբողջ խաղի ընթացքում փորձում են պրեսինգի դիմել: Իսկ թույլ կողմերի մասին չեմ ցանկանում խոսել:

Ֆունկցիոնալ ի՞նչ վիճակում է Հենրիխ Մխիթարյանը:

-Նա պատրաստ է: Ոչ մի բացասական բան չեմ կարող ասել այդ կապակցությամբ:

Նախորդ խաղից առաջ ասել էիք, որ ոչ-ոքին դրական արդյունք կլինի: Իսկ ա՞յս խաղում ինչ կասեք:

-Նաև ասել էի, որ փորձելու ենք հաղթել: Այդ կարծիքին եմ նաև այժմ:

Մեր հավաքականի ամենաթույլ կողմը երևի հարձակման գիծն է: Ի՞նչ եք կարծում այդ կապակցությամբ:

-Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Արել ենք տակտիկական փոփոխություններ, որպեսզի ավելի լավ հանդես եկանք:

Ի՞նչ մարզավիճակում է Արաս Օզբիլիսը:

-Արասն իր թիմում հիմնական կազմում չի խաղում: Նա մասնակցել է միայն երկրորդ թիմի խաղերին: Բայց նա մարզումից մարզում ավելի լավ մարզավիճակ է ձեռք բերում:

Հայաստանի առաջնությունից ընդամենը 6 ֆուտբոլիստ է հրավիրվել հավաքական…

-Ընդամենը երեք տուր է անցել առաջնությունից, և տեղի ֆուտբոլիստները չեն հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, իսկ լեգեոներները հասցրել են լավ մարզավիճակ հավաքել:

Հրայր Մկոյանն այս տարի խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով: Նա ինչպիսի՞ մարզավիճակում է:

-Վերջին երկու ամսում նա չի խաղացել: Երկրորդ շաբաթն է, որ սկսել է մարզվել, դեռ չի հավաքել լավագույն մարզավիճակ:

Հետևո՞ւմ եք «Ռոստովում» հանդես եկող Խորեն Բայրամյանի ելույթներին:

-Մենք Մոնտենեգրոյի հետ խաղից հետո կապվել ենք նրա հետ, երկու անգամ հեռախոսազրույց ունեցել, նույնիսկ պայմանավորվածություն կար, որ անձամբ պետք է մեկնեի Ռոստով և հանդիպեի, բայց ոչ մեր մեղքով դա չեղավ: Նա մեզ ասել էր, որ մեծ ուրախությամբ կմիանա Հայաստանի հավաքականին, բայց մեր հանդիպումը չկայացավ: Հուսով եմ՝ այս խաղից հետո նորից կկարողանանք պայմանավորվել ու հանդիպել նրա հետ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» մի քանի խաղերում հանդես եկավ հարձակման գծում: Ո՞րն է նրա օպտիմալ դիրքը:

-Նա կարող է խաղալ բոլոր դիրքերում, բացի դարպասապահից, քանի որ այդքան էլ բարձրահասակ չէ (ծիծաղում է): Տեսել եմ նրա խաղը հարձակման գծում, կարծում եմ՝ դա նրա լավագույն դիրքը չէ:

Հետևո՞ւմ եք «Շտայնբախում» ելույթ ունեցող Սարգիս Ադամյանի ելույթներին:

-Նա խաղում է Գերմանիայի 4-րդ դիվիզիոնում: Եթե ապացուցի, որ արժանի է հավաքական հրավիրվելուն, ապա կհրավիրվի:

ՈՒԵՖԱ-ն կազմակերպելու է «Ազգերի լիգա» մրցաշարը, որը լավ հնարավորություն է Հայաստանի հավաքականի համար: Ի՞նչ կարծիք ունեք այդ մրցաշարի կապակցությամբ:

-Մենք մտադիր չենք պարտվել բոլոր խաղերում ու մնալ 4-րդ խմբում (ծիծաղում է): Իհարկե, պայքարելու ենք 3-րդ խումբ տեղափոխվելու համար: Առայժմ լրջորեն չենք մտածում այդ ուղղությամբ: Թող ավարտվի այս ընտրական փուլը, այնուհետև կմտածենք:

Որոշվա՞ծ է, թե ովքեր պետք է իրացնեն ստանդարտ խաղարկումները:

-Ունենք 3-4 ֆուտբոլիստներ, ովքեր շատ լավ կարող են իրացնել դրանք: Միայն Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը չեն: Դա փոփոխական է լինելու:

 

vivaronews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին