▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կփոխարինի Սամվել Կարապետյանին

Մամուլը գրել էր, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահությունից։  Սամվել Կարապետյանի այդ քայլը, ըստ մամուլի հրապարակման, բացատրվում էր  Ծառուկյանի հետ ունեցած լարված հարաբերություններով, որը սկիզբ էր դրվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելուց ի վեր:

Եվ ահա այսօր հայտնի է դարձել, որ ընտրվել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նոր կազմ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության,  հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում տարվող աշխատանքները կհամակարգի Արսեն Բադալյանը, ազատ ոճի ըմբշամարտինը՝ Ռոբերտ Խաչատրյանը: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ է ընտրվել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ՝ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:

Ընտրվել են նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Արայիկ Բաղդադյանը, իսկ Երևանի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Խաչատրյանը, որը նիստի ընթացքում Հ. Ռոստոմյանի հրամանով  նշանակվել է նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական:

«Բարձր գնահատելով ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքը՝ բոլորիդ անունից նրան ևս մեկ անգամ հայտնում եմ մեր շնորհակալությունը: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ շարունակելու ենք աշխատել համախմբված՝ մեկ ընտանիքի նման: Միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողանալու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնելու ենք նորանոր հաջողությունների՝ մեդալների և մարզական նվաճումների»,- ասել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը և բոլորին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին