▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի Հենրիխն իր հետ Հայաստանն է բերել. The New York Times-ի անդրադարձը՝ հայ ֆուտբոլիստին

The New York Times-ը ծավալուն անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանի անցած ուղուն:

Հենրիխ Մխիթարյանի առաջին սեզոնը Պրեմիեր լիգայում այնքան հագեցած էր, որ դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար փոխել ալիքը՝ զրկվելով նրա մասնակցությամբ խաղը վայելելու բերկրանքից:

Հենրիխը պայքարել է և կարողացել է վաստակել իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում. սկզբում՝ հիանալի, մարտահրավեր նետող գոլերի մի հավաքածու, իսկ ապա, երբ մրցարշավը հասավ իր կիզակետին, անխնա աշխատանքային ծանրաբեռնվածություն, որն իր կուլմինացիային է հասնում չորեքշաբթի օրը՝ Ստոկհոլմում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչում, «Այաքս»-ի դեմ:

Հենրիխը նաև այն ֆուտբոլիստներից է, ով պայքարում է փոքր-ինչ հանգստանալու համար: Իր կարիերայի սկզբնական շրջանում նա անջատում էր իր հեռախոսը խաղից 3 օր առաջ, որպեսզի կարողանար լիովին կենտրոնանալ իր առաջադրանքի վրա:

Այժմ 28 տարեկանում հետ հայացք նետելով՝ նա հասկանում է, որ այդպիսի լարվածությունը վնասակար էր, նա հաճախ խաղից հետո օրերով տխուր հոգեվիճակում էր լինում՝ ինքն իրեն մեղադրելով ցանկացած սխալի և պարտության համար, չպատասխանելով ընկերների և ընտանիքի անդամների զանգերին, որպեսզի հանկարծ իր զայրույթը նրանց վրա չթափի:

Այժմ նա ավելի հեշտ է այս ամենը կառավարում՝ վստահորեն ասելով, որ շարունակ մկանները լարվածության մեջ պահելն անարդյունավետ է: Սակայն անգամ հիմա դա նրանից գիտակցված ջանքեր է պահանջում, նրա համար իսկապես դժվար է այս ամենին թեթև նայելը:

Նա ակտիվորեն փորձում է հնարավորինս իր միտքը կտրել ֆուտբոլից: Նա պարբերաբար ընթրում է իր թիմակիցների՝ Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի հետ, գնում է կինո այնքան հաճախ, որքան ժամանակը թույլ է տալիս: Նա ունի ֆուտբոլից մտովի կտրվելու կարիք, որպեսզի անհրաժեշտ պահին էլ ավելի լավ կարողանա կենտրոնանալ:

Նա անում է միայն մեկ բացառություն. անկախ նրանից, թե որքան ուժասպառ է լինում շաբաթվա ընթացքում, Մխիթարյանը՝ 34 միլիոն դոլար արժողությամբ այս սուպերաստղը, մշտապես YouTube-ով ժամերով դիտում է կասկածելի որակի ֆուտբոլ իր հայրենի Հայաստանից:

Նա դա չի անում հաճույքի համար, քանի որ ստանդարտ այդպիսի մի խաղն անգամ մոտ չէ այն ամենին, ինչ նա վերապրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում անգամ մարզումների ժամանակ: Հայաստանում բարձրագույն լիգայում կա ընդամենը 6 թիմ, որոնց խաղաոճերը, ինչպես նա է խոստովանում, բավականին միանման են և կրկնվող:

Նա դա անում է մասամբ «Փյունիկ»-ի հանդեպ հավատարմությունից դրդված, քանի որ այդ թիմում է նա սկսել խաղալ և իր անունը հնչեղ դարձրել, և իհարկե, Հայաստանում խաղացող իր ընկերների համար: Չնայած մեծապես նա դա անում է, քանի որ, անկախ նրանից, թե որտեղ է և ով է նա դարձել հիմա, Մխիթարյանի մի մասը մշտապես ապրում է Հայաստանում՝ իր տանը:

Արդեն 8 տարի է, ինչ Մխիթարյանը լքել է հայրենիքը: Այս տարիների ընթացքում նա խաղացել է ֆուտբոլային 4 ակումբներում՝ «Մետալուրգ» և «Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա, «Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա և այժմ «Մանչեսթեր Յունայթեդ», և սովորել է 4 լեզու՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն՝ ավելացնելով դրանք իր իմացած 3-ին՝ հայերենին, ֆրանսերենին և պորտուգալերենին:

Նա ճանապարհորդել է հազարավոր մղոններ հեռու: Ճանապարհորդությունը երկար էր և հաճախ միայնակ: «Ես չէի ցանկանում հեռանալ»,- ասում է նա: Նա այդպես է վարվել, քանի որ երազել է «խաղալ աշխարհի ամենամեծ թիմերից մեկի կազմում, ամենամեծ ստադիոններում, ամենամեծ հակառակորդների դեմ», սակայն դա հեշտ չէր:

Նա սկզբնական շրջանում համաձայնվեց մեկնել Ուկրաինա «6 ամսով, գուցե մեկ տարով», ինչպես իրեն վստահեցնում էր «Մետալուրգ»-ի հայազգի սեփականատերը, նա կարող էր վերադառնալ, եթե զգար, որ չի կարողանում հարմարվել նոր միջավայրին: Ընտանիքից այդքան հեռու գտնվելը նրա համար իսկական մարտահրավեր էր:

Երբ նա տեղափոխվեց «Շախտյոր», բնակվում էր ֆուտբոլային ակումբի ուսումնական հաստատությունում, իսկ նրա թիմակիցներն նրան տվել էիր «Նախագահ» մականունը: Միայն Դորտմունդում նա համաձայնվեց վերցնել ակումբի կողմից առաջարկվող բնակարանը: Դեռևս դժվար էր, նա ասում է, որ իրեն պետք եկավ մեկ տարի՝ գերմաներեն հասկանալու և 18 ամիս՝ գերմաներեն խոսելու համար:

Հետադարձ հայացք նետելով՝ այս ամենն, իհարկե, արժեր այդ բոլոր ջանքերին: Մխիթարյանն արդեն իսկ համարվում է իր երկրի կողմից արձակված լավագույն խաղացողը, և եթե չորեքշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի «Այաքս»-ին, նա կլինի առաջին հայը, ով կհաղթի եվրոպական խոշոր մրցանակ:

Նրա համար սա ավելին է, քան պարզապես մի մրցանակ: Որոշակի բեռ կա ծանրացած նման բարձրակարգ սպորտսմենների վրա, որոնք ծագում են ցածր վարկանիշ ուենցող երկրներից: Նրանք, կամա թե ակամա, դառնում են իրենց երկրի ներկայացուցիչը, պատվիրակը և իրենց երկրի պատկերն են ներկայացնում աշխարհին:

Մխիթարյանն ասում է, որ խաղթանակի պարագայում նա չէր ցանկանա պարզապես մի մեդալ շահել, այլ կցանկանար մարդկանց հնարավորություն ընձեռել իմանալ Հայաստանի մասին, ճանաչելի դարձնել այն:

Այս թեման ժամանակ առ ժամանակ կրկին բարձրանում է: Անցած ուրբաթ օրը, երբ նա նստած էր Քերինգթոնի «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական ակադեմիայի հանդերձարանում, նա ասում էր. «Ուր էլ հայերը գնան, նրանք նոր Հայաստան են ստեղծում իրենց շուրջ»: Նա նույնն է արել Մանչեսթերում: Մխիթարյանը նաև հպարտությամբ նշել է, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը 301 թվականին:

Նա դարձել է հայկական փոքրիկ պանդոկի մշտական հաճախորդը, որը գտնվում է քիմմաքրման կետի և բանկի միջև՝ հենց քաղաքի սրտում: Պանդոկը գործում է 1968 թվականից, սակայն սկսել է մարդկանց և պապարացիների ուշադրությունը գրավել Մխիթարյանի հաճախումներից հետո: Այդ վայրը նրա համար տան արձագանքն է: «Մանչեսթերում Նոր Հայաստանը քաղաքի կենտրոնում է՝ ինձ մոտ»,- ասում է նա:

Նա նաև ասել է, որ վերջին անգամ կինոթատրոնում դիտել է «Խոստումը» ֆիլմը, որը ներկայացնում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից դաժանաբար սպանված 1.5 միլիոն հայերի պատմությունը, որը պատմաբանների կողմից որակվում է որպես Ցեղասպանություն:

Այս թեման շատ մոտ է իր սրտին, նա ուսումնասիրել է դա դպրցում և ասում է, որ այն յուրաքանչյուր հայի համար առանցքային նշանակության թեմա է: «Սա պարզապես ֆիլմ չէ»,- ասում է Մխիթարյանը: Նա այն չի քննարկել իր թիմակիցների հետ՝ կարծելով, որ դա նրանց համար կարող է անհետաքրքիր լինել, սակայն հենց ինքը խորապես ազդված էր: «Ֆիլմը դիտելուց հետո ես մի կողմից լցվեցի տխրությամբ, մյուս կողմից՝ մեծ հպարտությամբ»,- ասել է Մխիթարյանը:

Նա հպարտ է լինել եթե ոչ ամենահայտնի հայը (ինչպես ինքն է խոստովանում, այդ տիտղոսը պատկանում է Քիմ Քարդաշյանին), ապա բավականին ճանաչելի մեկը, ով հպարտորեն ներկայացնում է իր երկիրը ոչ միայն սպորտային, այլև սոցիալական շրջանակներում:

Մխիթարյանը որոշակի առումով ավելի մեծ սիմվոլիզմ ունի. նա միակն է նախկին Սովետական միության տարածքից, ով խաղում է եվրոպական էլիտար ակումբներից մեկում: Ներկայումս խաղացող այդպիսի ֆուտբոլիստ կարող է համարվել թերևս միայն ուկրաինացի Եվգենի Կոնոպլյանկան:

«Հայաստան սկաուտներ չեն գալիս»,- ասում է Մխիթարյանը,- ոչ էլ Ռուսաստան կամ Ուկրաինա, քանի որ այնտեղ ֆուտբոլիստները շատ փող են ստանում և այլևս չեն ցանկանում լքել երկիրը, գալ Եվրոպա և կատարելագործվել որպես ֆուտբոլիստներ»:

Մխիթարյանը բացառություն է: Նա գնացել է այնքան հեռու, որ անգամ երազել չէր կարող, սակայն երբեք չի մոռանում, թե որտեղից է սկսել: Նա հիմա էլ փնտրում է այդ տան համը:

Թարգմանությունը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին