▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղաները գիտեն հաղթանակի արժեքը». Արթուր Պետրոսյան

Հոկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և մամուլի ասուլիսը.

 

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել պաշտպանության բացերը: Նոր փորձարկում սպասվու՞մ է առաջիկա խաղերին:
-Բոլորս էլ գիտենք մեր հավաքականի խնդիրները: Պետք է փորձենք բացակայող ֆուտբոլիստների բացը լրացնել: Եթե մեկը բացակայում է, ապա դա մյուսի համար հնարավորություն է, և նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փորձեն օգնել թիմին: 
-Որպես ֆուտբոլիստ արդեն խաղացել եք Լեհաստանի դեմ, ինչպիսի՞ հիշողություններ ունեք այդ հանդիպումից: 
-Շատ լավ հիշում եմ այդ խաղը: Ավելի շատ նման էր կռվի, քան ֆուտբոլային հանդիպման (ծիծաղում է-խմբ.): Մեր թիմը ստացավ երեք, իսկ լեհերը՝ մեկ կարմիր քարտ: Շատ լավ հիշում եմ նաև իմ խփած գնդակը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, որը, կարծում եմ, դրական արդյունք էր մեր թիմի համար: 
-Վերջին շրջանում անընդհատ մարտավարական փոփոխություններ եք անում պաշտպանության դիրքում: Ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ տակտիկա՝ 2, թե 3 կետրոնական պաշտպանով խաղը և ինչպիսի՞ տեսք կունենա մեր պաշտպանությունը վաղվա խաղում: 
-Ինձ ավելի հոգեհարազատ է 2 կենտրոնականով խաղը, բայց այդ ամենը կախված է մրցակցից: Վաղվա խաղի մասին երևի հիմա չասեմ, բայց փորձելու ենք ամեն դեպքում մեր ունեցած խնդիրներին լուծում տալ: 
-Ինչպե՞ս եք պատրաստվում չեզոքացնել Ռոբերտ Լևանդովսկուն։
-Նրան չեզոքացնելը շատ բարդ է, բայց եթե ցանկանում ենք վաղը դրական արդյունքի հասնել, ապա պետք է փոխօգնությունը աշխատի, և եթե դա ստացվի՝ ապա հնարավոր է դրական արդունքի հասնել:
-Երկու խաղից կավարտվի Աշխարհի առաջնության նախընտրական փուլը: Կմնա՞ք և ուզու՞մ եք արդյոք մնալ հավաքականի ղեկին:
-Հիմա մտածում եմ մոտակա երկու խաղերի մասին: Դրանցից հետո արդեն վերջնական որոշումը կկայացնեմ: Այս պահին ձեր հարցի պատասխանը չունեմ: 
-Ցավոք, վերջին երկու խաղերում հաղթանակները հավաքականին այլևս ոչինչ չեն տա։ Ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել տղաներին: 
-Տղաներին մոտիվացնելու խնդիր չկա, քանի որ մենք այն հավաքականը չենք, որ շատ հաղթանակներ ենք տոնում: Ըստ իս՝ ամեն մի հաղթանակ մի քայլ առաջ է մեզ համար, և դրա համար տղաները մոտիվացված են, որովհետև իրենք հասկանում են, թե ինչ է նշանակում ամեն մի հաղթանակը մեզ համար: Լեհաստանի դեմ խաղալն ինքնին մոտիվացիա է մեզ համար:
-Այս անգամ մի քանի նոր ֆուտբոլիստներ ունենք հավաքականում: Ինչպե՞ս են այս մի քանի օրերի ընթացքում իրենց դրսևորել և արդյոք կտեսնե՞նք նրանց վաղը խաղադաշտում: 
-Գեղամ Կադիմյանը եղել է արդեն հավաքականում, նա նոր ֆուտբոլիստ չէ: Վերջին շրջանում իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է և շատ լավ մարզավիճակում է: «Շիրակից» հրավիրել ենք Ռոբերտ Դարբինյանին և Արտյոմ Միքայելյանին, որովհետև իրենց թիմում բավականին հաջող են խաղում, իսկ մենք պաշտպանությունում խնդիրներ ունենք։ Արտյոմ Սիմոնյանն էլ, երբ ունեցել է խաղային պրակտիկա, հրավիրվել է հավաքական: Ի ուրախություն մեզ՝ նա հիմա խաղաժամանակ ստանում է «Ալաշկերտում»: 
-Թե Մելիքսեթյանը և թե Բեգլարյանը բավական հաջող խաղ են ցուցադրում առաջնությունում: Ո՞ւմ եք վստահելու դարպասը վաղվա խաղին: 
-Որոշումը կա, վաղը կտեսնեք: 
-Հարձակման գծում այս անգամ բացակայում է Արթուր Սարկիսովը: Ինչպիսի՞ հարձակում եք պատկերացնում առաջիկա երկու խաղերի համար: 
-Շատ եմ ցավում Սարկիսովի համար։ Արդեն խոսել եմ հետը, վիրահատությունը հաջող է անցել, և հիմա նա գտնվում է վերականգնողական փուլում: Միակ դիրքը, որտեղ մենք խնդիր չունենք, դա հարձակումն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին