▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը 2-րդ խաղն անընդմեջ ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ «Արսենալ»-«Ուոթֆորդ»

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» լեփ-լեցուն «Էմիրեյթսում» մրցում էր այս մրցաշրջանում  չոր ու սուր խաղով աչքի ընկնող «Ուոթֆորդի» դեմ, ով չնայած այս տարին սկսել էր «լեյսթերյան երազի» հույսով, սակայն կարծես չի դժգոհում մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականից և առանց որոշակի հեռանկարների փորձում է ավարտին մոտեցնել 2017-18 մրցաշրջանը:

Իսկ Արսենալն իր ափսեի մեջ էր։ Երեկոյի գլխավոր իրադարձությունները կրկին  «զինագործների» 7-րդ համարի փայլուն խաղի շուրջ էին պտտվում։ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը աչքի ընկավ խփած գոլով և կատարած գոլային փոխանցմամբ և երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով 8,8 միավոր։

Խաղի հաշվիվը 8-րդ րոպեին բացեց «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով այս մրցաշրջանում խփեց իր 3-րդ գոլը (խոսուն թվեր են կենտրոնական պաշտպանի համար)։ Այնուհետև, խաղի 59-րդ րոպեին Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո «Ուոթֆորդի» դարպասապահին դեմ դեմից դուրս եկավ արագավազ Օբամեյանգը և բարձրկարգ կենտրոնական հարձակվողին բնորոշ սառնասրտությամբ գրավեց դարպասը։

Րոպեներ անց «Ուոթֆորդը» չկարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. նշանակված 11 մետրանոցից վրիպեց Տրոյ Դինին: 77-րդ րոպեին նախկին թմակիցները կրկին աչքի ընկան արդյունավետ գործողություններով։ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Գոլից հետո Մխիթարյանն անմիջապես փոխարինվեց:

 Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակած 48 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Ուոթֆորդը» 36 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Մխիթարյանը շարունակում է երկրորդ խաղն անընդմեջ իր փայլուն խաղի արդյունքում դառնալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և ուրախացնել իր միլիոնավոր երկրպագուներին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին