▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ չեն հարվածել, հաջորդ օրը Մխիթարյանը զանգահարեց ինձ». խաղադաշտ մտած հայ երկրպագու

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Արսենալ» – «Ղարաբաղ» մրցավեճում հայ ֆուտբոլասեր Սպարտակ Ադամյանը մտավ խաղադաշտ և փորձեց մոտենալ պահեստայինների նստարանին գտնվող Հենրիխ Մխիթարյանին: Նա Արցախի դրոշով էր ու Մոնթե Մելքոնյանի լուսանկարով շապիկով: Այդ ակցիան իրարանցում է առաջացրել Ադրբեջանում և որակվել որպես հայերի կողմից սադրանք: ArmFootball.com-ը կապվեց Ադամյանի հետ և զրուցեց ակցիայի մասին:

 

 

- Կպատմե՞ք Ձեր մասին: Որտե՞ղ եք բնակվում և ինչո՞վ զբաղվում:

 - Վերջին օրերին մի քանի տեղ գրել էին, որ բնակվում եմ Լոնդոնում, բայց ես Բելգիայից եմ: Արդեն 21 տարի այդ երկրում եմ բնակվում: Մասնագիտությամբ հաշվապահ եմ և աշխատանքս էլ այդ ոլորտում է: Ունեմ նաև փոքր բիզնես: Բելգիայում այս տարի «Սպարտակ Արմենիա» անունով ակումբ եմ հիմնել: Այն հիմնականում կազմավորված է հայ այլ երկրների ֆուտբոլիստներով: Վերջիններս պրոֆեսիոնալ խաղացողներ են: Ակումբը պրոֆեսիոնալ է, այլ ոչ թե սիրողական, ելույթները սկսելու է Բելգիայի ցածր դիվիզիոններից: 

- «Արսենալի» խաղի ժամանակ բավականին ռիսկային ակցիա անկացրեցիք:  Ինչո՞ւ որոշեցիք նման քայլի դիմել:

- Անկեղծ ասած, որոշել էի այն օրը, երբ Հենրիխին թույլ չտվեցին մասնակցել «Ղարաբաղ» - «Արսենալ» խաղին: Ես ամենևին չէի ուզում ինձ ցուցադրել: Այս քայլով ուզում էի ադրբեջանցիներին հասկացնել, որ խաղին Հենոյին մասնակցել թույլ չտալը նրանց կողմից սխալ էր: Որոշեցի միայնակ գնալ Լոնդոն ու ներկա լինել խաղին:

- Ինչպե՞ս կարողացաք խաղադաշտ ներխուժել:

- Սկզբում մարզադաշտում պատահաբար հանդիպեցի մի քանի հայերի և ասացի իմ ծրագրերի մասին: Նրանց խնդրեց պատրաստ լինել և հեռախոսներով նկարահանել: Խաղի ընթացքում նստած էինք ադրբեջանցի ֆուտբոլասերների սեկտորի մոտ, որպեսզի հետևեինք` հայերի մասին ավելորդ բառեր իրենց թույլ չտան կամ համարժեք պատասխան ստանան: Հետո քայլելով գնացի դիմացի տրիբունայի կողմը, որտեղ անվտանգության աշխատակիցները քիչ էին և այնտեղից մտա:

- Ի՞նչ էիք անելու, եթե Մխիթարյանը խաղադաշտում լիներ:

- Ի սկզբանե սպասում էի, որ Հենրիխը խաղադաշտում կլինի: Բայց երբ տեսա, որ երրորդ փոխարինումը կատարվեց և նա այդպես էլ խաղալու շանս չստացավ, որոշեցի մոտենալ պահեստայինների նստարանին: Մտքիս կար, պետք է անեի:  Ուզում էի դրոշը տալ Մխիթարյանին, համբուրել և հանգիստ հեռանալ:  Ցավոք, չկարողացա հասնել նրան, անվտանգության աշխատակիցները փակեցին ճանապարհս և տարան:

- Տեղյա՞կ էիք, որ խաղադաշտ մտնելու համար գումարային և վարչական տուգանքների կարող եք ենթարկվել:

- Ամեն ինչից տեղյակ էի: Նշեմ` որևէ տուգանք կամ մարզադաշտ այցելելու արգելք չեմ ստացել: «Արսենալում» հայերի նկատմամբ շատ լավ են տրամադրված և լավ հասկանում են, թե հայերն ինչ ազգ են, իսկ ադրբեջանցիք` ինչպիսին են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Ձեզ ե՞րբ բաց թողեցին:

- Ընդամնեը կես ժամ հետո: Անվտանգության գլխավոր սպան մոտեցավ, հարցրեց որտեղից եմ եկել և արդյոք հասկանում եմ արարքիս պատասխանատվությունը: Ասացի Բելգիայից եմ և ներկայացրեցի հիմնավորումս: Նա ասաց, որ լավ է վերաբերվում հայերին և դրա համար ինձ բաց է թողնելու: Գնացի հյուրանոց, իսկ հաջորդ օրը վերադարձա Բելգիա:

- Երկրից Ձեր գնալը վերահսկո՞ւմ էին:

- Ոչ, բացարձակ ազատ էի:

- Հենրիխ Մխիթարյանն ինչպե՞ս արձագանքեց, երբ խաղադաշտ մտաք:

 

 

- Երբ տեսավ, որ «Ղարաբաղի» ֆուտբոլիստը հետևում է ինձ, ցանկացավ մոտենալ, բայց կարիք չկար, անվտանգության աշխատակիցները տանում էին ինձ: Ճիշտ վարվեց, որովհետև մոտենալն այլևս բան չէր փոխի:

- Հետագայում Մխիթարյանը կապնվե՞ց Ձեզ հետ:

- Այո: Հաջորդ օրը, երբ արդեն պատրաստվում էի օդանավակայան մեկնել, զանգահարեց ինձ և ասաց Հենրիխ Մխիթարյանն է: Սկզբում չհավատացի, մտածեցի ընկերներս են կատակում: Հետո տեսա անգլիական հեռախոսահամար և հասկացա, որ իսկապես նա է: Հասկանալի պատճառներով մեր անձնական խոսակցության մասին չեմ կարող մանրամասն պատմել: Սակայն ուզում եմ նշել, որ շատ շնորհակալ եմ Մխիթարյանին իր վերաբերմունքի համար:

- Այս օրերին Ադրբեջանական մամուլը լցված է հերյուրանքներով, իբր աղդամցիների ավագ Ռաշադ Սադախովն ապտակել է Ձեզ: Արդյո՞ք նրա հետ բախում եղել է:

- Դա բացարձակ սուտ է, նա ինձ չի ապտակել: Երբ անվտանգության աշխատակիցները բռնել էին ձեռքերս, Սադախովը հետևից մոտեցավ և հպվեց մեջքիս: Նա իբր ուզում էր Արցախի դրոշը խլել, բայց միայն հասցրեց թեթև հպվել: Որպես ապացույց ներկայացնում եմ երրորդ տեսանյութը, որը նախկինում չէր հրապարակվել: Եթե նա այդքան դուխով էր, թող առջևից գար և փորձեր դրոշը խլել կամ հարվածել ինձ, այլ ոչ թե հետևիս, ու այն էլ կեսից կանգ առներ: Ավելին, եթե նկատեի, որ մեջքիս հետևում նա է, այլ ոչ թե մարզադաշտի աշխատակիցը, իմ արձագանքը ցույց կտայի:

Ահա այդ տեսանյութը

- Ադրբեջանական թիմի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը քո քայլը վախկոտություն էր որակել: Ի՞նչ պատասխան կտաս նրան:

- Նախ, եթե վախկոտ լինեի, խաղադաշտ չէի մտնի: Եվ հետո, վախկոտը նա է: Եթե այդպես չէ, ուրմեն թող ադրբեջանցիների ղեկավարներին կամ ՈւԵՖԱ-ին միջնորդեր, որ Մխիթարյանին թույլ տան մասնակցել «Ղարաբաղ» – «Արսենալ» խաղին և ապահովեն անվտանգությունը, ինչպես դա արեցին Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ հայ մարզիկների համար: Երևի հիշում էին, թե 2015 թվականին «Բորուսսիա» – «Գաբալա» խաղում Հենրիխը նրանց հետ ինչ արեց (գոլ+գոլային փոխանցում-խմբ.), հետո մեր ըմբիշները` Բաքվում ինչպիսի արդյունքների հասան : Վախեցան, որ Մխիթարյանը նրանց դաշտում գոլ կխփի:

- Հետագայում ադրբեջանցիները փորձե՞լ են սպառնալ Ձեզ:

- Այո, հայերի անունով էջեր են բացում և հարցուփորձ անում: Օրինակ` որտեղ եմ ապրում, բայց ես անմիջապես հասկանում եմ, որ նրանք են: Երբ ստադիոնից հյուրանոց գնացի՝ արդեն կեղծ էջերից վիրավորանքներ էին գրել: Ես էլ չեմ սիրում «տակ մնալ» և նրանց պատասխանը տվեցի: Մոտ կես ժամ հետո կրկին միացրեցի հեռախոսը. արդեն 50-100 հաղորդագրություններ կային: Բոլորին արգելափակեցի:  

- Եվ վերջում: Եթե Ձեր ակցիան Մխիթարյանի համար էր, ինչո՞ւ էիք Արցախի դրոշով:

- Այն պատճառով, որ նրանք Աղդամ քաղաքից են, բայց իրենց ներկայացնում են որպես «Ղարաբաղ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին