▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անելու ենք ամեն ինչ՝ լավ արդյունք գրանցելու համար». Արմեն Գյուլբուդաղյանց

Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան – Ֆինլանդիա ընտրական խաղից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Պարոն Գյուլբուդաղյանց, մոռանալով երկու օր առաջ կրած պարտությունը՝ համեմատեք խնդրեմ Բոսնիայի և Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Ֆինլանդիայի հավաքականն առաջվա պես երկար փոխանցումներով խաղացող թիմը չէ։ Նրանք շատ են առաջադիմել, լավ ֆուտբոլ են խաղում։ Ազգերի Լիգայում նրանք իրենց խմբում գրավեցին առաջին տեղը։ Շատ մեծ չէ նրանց և մյուս թիմերի՝ Բոսնիայի և Հերցեգովինայի, Հունաստանի հավաքականների տարբերությունը։ Խոսքը թիմերի մակարդակների մասին է, ոչ թե խաղաոճի։

-Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներից մի քանիսը «ի՞նչն էր պակասում» հարցին պատասխանեցին՝ «հավատը»։ Ի՞նչն է պատճառը, որ նրանք չէին հավատում հաղթանակին։



-Ես էլ եմ այդ կարծիքին։ Հայկական ֆուտբոլում դա դեռ մանկապատանեկան ֆուտբոլից սկսած է պետք սերմանել երիտասարդների մեջ, որպեսզի նրանք մեծ հավատով մարզվեն։ Նույնիսկ պատանեկան թիմերի հանդիպումների ժամանակ, երբ կարևորը ոչ թե արդյունքն է, այլ խաղացողների զարգացումը, այդտեղից սկսած է պետք հավատալ սեփական ուժերին, որպեսզի մեծ հաջողություններ գրանցել։ 

-Անցած խաղից հետո կազմի կամ մարտավարական փոփոխություններ լինելու՞ են։  

-Մենք մինչև հիմա վնասվածքներով ֆուտբոլիստներ ունենք։ Առջևի գծում այլընտրանք ունենք, ապա օրինակ հենակետային կիսապաշտպանի դիրքում փոփոխություն անելը մի փոքր դժվար է։ Վաղը նոր կորոշենք, թե ինչ կազմով դուրս կգանք դաշտ։   

-Պարոն Գյուլբուդաղյանց, Յուրա Մովսիսյանը հայտավորվելու՞ է արդյոք խաղին։

 

 

 

 

 

 

 

 

 

-Ոչ, նա այս խաղը նույնպես բաց է թողնելու։   

-Այս խաղերից առաջ շատ խոսվեց այն մասին, որ մեր ֆուտբոլիստներից շատերը խաղաժամանակ չեն ստանում։ Խնդրում եմ մեկնաբանել։ 

-Քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներից մեկը Արամ Հայրապետյանն էր, ով կարողացավ իրեն լավագույն կողմերով դրսևորել։ Քիչ խաղաժամանակ էր ստանում նաև Կառլեն Մկրտչյանը, ով հիվանդության պատճառով բաց էր թողել հավաքականի վերջին խաղերը։ Նա նույնպես լավագույններից էր իր կատարած աշխատանքով։ Գևորգ Ղազարյանն էլ պաշտպանական գծում շատ մեծ ծավալի աշխատանք էր կատարում։ Նրանք իրենց նվիրվածության հաշվին կարողացան խաղաժամանակի բացը լրացնել։ 

-Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ մենք մեր խմբում ուժեղ ենք միայն Լիխտեյնշտեյնի հավաքականից։ Արդյո՞ք դա այդպես է, և ի՞նչ եք առաջարկելու նրանց վաղը խաղադաշտում, որպեսզի նրա կարծիքը փոխվի։

-Նա կարծես նշել էր նաև, որ հաղթելու են Հայաստանի հավաքականին, խմբում գրավելու են առաջին տեղը և մասնակցելու են ԵՎՐՈ 2020-ին։ Մենք դուրս ենք գալու դաշտ, որպեսզի լավ արդյունք գրանցենք և մեր ազգին ուրախացնենք։ 

-Վարազդատ Հարոյանը նախորդ խաղից առաջ առողջական խնդիրներ ուներ։ Ինչպե՞ս է նրա վիճակը։

-Վարազդատ Հարոյանին փոքրուց եմ ճանաչում, նա մարտիկի բնավորություն ունի։ Այո, նա ջերմություն ուներ, չնայած խաղից առաջ իրեն արդեն լավ էր զգում։ Ի վերջո բոլորդ էլ տեսաք, թե ինչպես խաղաց, կարողացավ ամբողջությամբ վնասազերծել Ջեկոյին։

 

 



-Կխնդրեմ մեկնաբանել Բալեկյանի խաղը նախորդ մրցավեճում։ Արդյո՞ք նա պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում։

-Լատինական Ամերիկայից ժամանող ֆուտբոլիստների համար շատ բարդ է հարմարվել։ Բայց արդարության համար պետք է նշել, որ նա էլ մարտիկի բնավորություն ունի, դուրս եկավ դաշտ, վտանգավոր պահեր ստեղծեց և սրեց մեր թիմի խաղը։

-Պարոն Գյուլբուդաղյանց, այս խաղում երիտասարդ ֆուտբոլիսները վերջապես խաղաժամանակ ստանալու՞ են։ Օրինակ Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղաց և գոլի հեղինակ դարձավ 19-ամյա Մոյզե Քինը, որ իր թիմում խաղաժամանակ չի ստանում։

-Ես ձեզ մի ուրիշ օրինակ բերեմ։ Անգլիայի հավաքականի վերջին 30 տարիների պատմության մեջ առաջին անգամ երկու 18-ամյա ֆուտբոլիստներ միասին խաղում էին դաշտում։ Եթե դուք ինձ ճանաչում եք, ապա գիտեք, որ ես իմ ամբողջ կարիերայի ընթացքում միշտ երիտասարդներին վստահել եմ և խաղաժամանակ եմ տրամադրել։ Մենք ունենք տաղանդավոր Էրիկ Վարդանյան, Հովհաննես Հարությունյան, Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան, Արթուր Քարտաշյան, ովքեր երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստներ են։ Ուղղակի ուզում եմ, որ հավաքականում երիտասարդների ներգրավվումը հիմնական կազմ լինի սահուն, ոչ թե արհեստական ձևով։



-Սարգիս Ադամյանը իր ակումբում հիմնականում հանդես է գալիս հարձակման կենտրոնում կամ ձախից, իսկ հավաքականի կազմում խաղում է կիսապատշանության աջ եզրում։ Չե՞ք կարծում, որ նա իր ամբողջ ներուժը չի կարողանում օգտագործել այդ դիրքում։

-Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղից առաջ Սարգիսն այդ հարցին պատասխանել էր և ասել էր, որ նրա համար տարբերություն չկա, թե որ դիրքում կխաղա։ Երևի կհիշեք Լիխտեյնշտեյնի և Մակեդոնիայի դեմ խաղերում նրա ցույց տված արդյունավետ խաղը։ Նրա թիմի մարտավորությունն է ենթադրում խաղալ երկու հարձակվողով, իսկ մեր մոտ նա գործում է եզրից։ Ես վստահ եմ, որ մեր ընտրած մարտավարության մեջ նա մեծ օգուտ է տալիս թիմին։ 

-Կարո՞ղ ենք ակնկալել, որ Արազ Օզբիլիսը վաղը ավելի շատ խաղաժամանակ կստանա։



-Մեկնարկային կազմը վաղն է որոշվելու։ 

-Ինչքանո՞վ է հավաքականը պատրաստ փոխել մարտավարությունը և խաղալ երկու հարձակվողով։ 

-Մենք մեր մարտավարությունը ընտրում ենք մեր խաղացողների լավագույն կողմերը հաշվի առնելով։ 

-Առաջիկա հինգ խաղերից չորսը տնային են լինելու։ Քանի՞ միավոր է պետք հավաքել այդ խաղերում, որպեսզի կարողանանք պայքարել ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար։

-Մենք յուրաքանչյուր խաղից առաջ կենտրոնանում ենք միայն այդ խաղի վրա։ Հիմա կենտրոնացել ենք Ֆինլանդիայի հետ խաղի վրա և անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին