▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիմա ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ-ՖԵԼԼԵՐ. «Հայաստանում ազգային փոքրամասնությունները ՔԻՉ ԵՆ. դա ՄԵԾ ՄԻՆՈՒՍ Է»

«Շատ զարմանալի է,  որ Հայոց ցեղասպանության  100-ամյակի պատրաստվելուն նվիրված հանձնաժողովում չեն ներառվել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ չնայած, որ մենք՝ հրեաներս, շատ բան ենք արել և անում ենք աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ», - այս մասին  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան - Ֆելլերը:  Միևնույն ժամանակ, նա ընդգծեց,  թե իրենք շատ երախտապարտ են այն կապակցությամբ, որ ՀՀ կառավարությունը աջակցում է իրենց մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպման հարցում:

 Խոսելով Հայաստանում ապրող հրեաների խնդիրների մասին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ իրենք վարում են հանգիստ ապրելակերպ, չեն խառնվում ոչ տեղի քաղաքականությանը, ոչ տնտեսությանը և ոչ էլ մնացած ոլորտներին և այդ իսկ պատճառով՝առանձնացված խնդիրներ չունեն:

 «Հայաստանում մենք ունենք այն նույն խնդիրները, ինչ Հայաստանի մնացած քաղաքացիները: Այստեղ կյանքը բարդ է, սոցիալական վիճակը շատ վատ է, այդպիսին է նաև առողջապահության ոլորտը, թոշակառուների վիճակն է կատաստրոֆիկ: Բայց մենք հուսով ենք՝ ժամանակի ընթացքում կյանքը կդառնա ավելի դյուրին», -ասաց Ռ. Վարժապետյանը:

 Ըստ նրա՝ ներկայում Հայաստանում ապրող հրեաները չեն գտնվում անտիսեմիտների ուշադրության կենտրոնում: « Իսկ անտիսեմիտներ Հայաստանում, անխոս, կան: Նրանք կան ամենուր, ուր կան հրեաներ: Բայց մենք դա չենք զգում, մեզ չեն հետապնդում կամ սպառնում: Այստեղ մենք անվտանգ կյանք ենք վարում»,-  նշեցնա:

 Ռ. Վարժապետյանը հիշեցրեց, որ Հայաստանում, բացի Հրեական համայնքից, չկա մեկ այլ կառույց, որը կամուրջ կհանդիսանա Իսրայելի-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում: « Մենք միայն լսել ենք, որ Կառավարությանը կից գործում է ինչ-որ «Հայաստան-Իսրայել» խումբ, բայց միայն լսել ենք, կոնկրետ գործողություններ չենք տեսել: Այսինքն՝ մենք չենք աշխատում իրենց հետ, պետությունը չի օգտագործում մեր ռեսուրսները, մեր հնարավորությունները: Սակայն բարդ խնդիրներ ունենալու դեպքում մենք դիմում ենք կառավարությանը և միշտ ստանում հոգատար վերաբերմունք »,-  ասաց համայնքի ղեկավարը:

 Իսկ ինչ վերաբերում է հրեա երիտասարդների՝ Հայաստանում ստացած կրթությանը Ռ. Վարժապետյանը, տեղեկացրեց, որ նրանք գրեթե բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստանում ԲՈՒՀ-երում, ընդ որում՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում:

 «Մենք տվել ենք արժանապատիվ ուսանողներ, որոնք արդարացրել են մեր հույսերը: Երիտասարդ տղաները ծառայում են Հայոց բանակում: Մենք Պաշտպանության նախարարությանը խնդրել ենք, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չծառայեն սահմայանին գոտում՝ կոնֆլիկտային գոտիներում, և մեզ ընդառաջեցին»,- նշեց նա:

Ըստ նրա՝ Հայաստանի հրեական համայնքը աշխատում և բարիդրացիական հարաբերությունների մեջ է տեղի մյուս ազգային փոքրամասնությունների հետ՝ ասորական, քրդական, վրացական, հունական, լեհական և այլ համայնքների հետ: Ռ. Վարժապետյանը նկատեց, որ Հայաստանում փոքր է ազգային փոքրամասնությունների թիվը, ինչը ողջունելի չէ:  «Երբ ես արտասահմանում եմ լինում, բոլորը նույն հարցն են տալիս՝ ինչու՞ են Հայաստանում քիչ ազգային փոքրամասնությունները, ու՞մ մեղքով է դա այդպես, քանի որ հասարակության զանազանությունը  առավելություն է: Երբ մենք խոսում ենք, որ տվյալ երկրում քիչ են ազգային փոքրամասնությունները, դա մեծ մինուս է  երկրի համար: Իսկ, թե ում մեղքով է դա, ինձ շատ դժվար է պատասխանելը»,- նշել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը:

 Նա նաև անդրադարձավ Հայաստանում արտագաղթի աճին՝ նշելով, որ այստեղ կյանքն այնքան էլ բարվոք չէ: «Գնում են շատերը, քանի որ այստեղ ամեն ինչ դեռ հեռու է գոհացնող լինելուց: Գլխավորը, ասեմ ձեզ,  մարդն իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ իր կեցությունը ապահովված է, որտեղ ապահովված է հացը, սոցիալական վիճակը և նա չի վախենում ոչ հիվանդությունից, ոչ էլ ծերությունից, որովհետև զգում է, որ պետությունն իրեն պաշտպանում է  օրենքներով: Բայց այստեղ դա այնքան էլ այդպես չէ»,- հավելեց համայնքի ղեկավար:

Նկատեցինք, որՀայաստանի հրեական համայնքը առանձին գրասենյակ չունի: Ռ. Վարժապետյանը այս կապակցությամբ նշեց, որ շատ ավելի լավ կլիներ, որ իրենք ունենային իրենց առանձին գրասենյակը:

Նշենք, որ Հայաստանի հրեական համայնքն ունի 800-900 անդամ: Նրանց ղեկավար՝ՌիմաՎարժապետյանը Հայ-հրեական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար 2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

 Սեդա ՀԵՐԳՆՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին