▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռադիոակտիվ վարակվածություն ունեցող սննդամթերք է ներկրվու՞մ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության 2012 թ. նոյեմբերի 8-ի նիստը, ինչպես հայտնի է, սկսել է սննդի անվտանգության հարցի քննարկմամբ: Նա ասել է, որ Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Մեկ շաբաթ անց` նոյեմբերի 15-ին, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը վերստին անդրադառնալով սննդի անվտանգության խնդիրներին, ասել է` «Մեր նպատակը հետևյալն է` մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այս դաշտում չի լինելու` ոչ մի պատճառաբանությամբ»:

Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը` սննդամթերքի անվտանգության նկատմամբ իրական մտահոգության արտահայտությո՞ւն է, թե հերթական շոուն, ինչի ականատեսն ենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

Գաղտնիք չէ, որ Հայաստան մեծ քանակության տարբեր սննդամթերքներ են ներկրվում նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից աղետալիորեն տուժած Բելառուսից և Ուկրաինայից: Բացառված չէ, որ որոշ քանակության սննդամթերքներ բերվում են նաև օվկիանոսային այնպիսի երկրներից, որոնց ափամերձ ջրերում ժամանակին միջուկային փորձարկումներ են կատարվել:

Բնականաբար, հարց է առաջանում` Հայաստանում սպառողն արդյոք ունի՞ անվտանգության բավարար երաշխիք, որ իր գնած, սպառած սննդամթերքը չի պարունակում թույլատրելի մակարդակից ավելի ռադիոնուկլիդներ (ռադիոակտիվ իզոտոպներ): Հետաքրքիր է, թե վարչապետն այս մասին ի՞նչ կասի... Եվ ինչո՞ւ միայն վարչապետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` նույնպես:

Դեռևս 2009 թ. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունում 2007-2008թթ. կատարած ուսումնասիրությունների մասին տեղեկանքում արձանագրել է, որ «լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են սահմանափակ թվով սննդամթերքների համար, 20-30 տարվա հնություն ունեցող խորհրդային ԳՕՍՏ-երի պահանջներով` ժամանակակից սարքավորումներ չունեցող հավատարմագրված լաբորատորիաներում»:

Նույն տեղեկանքում նշված է նաև, որ «Օրինակ, առողջության համար խիստ վտանգավոր ծանր մետաղների կամ ռադիոնուկլիդների առկայությունը սննդամթերքում գործնականում չի հայտնաբերվում, կամ չափվում է շատ հեռու մոտավորությամբ, քանի որ նախարարության մրցույթում հաղթած լաբորատորիաներն այդ հնարավորությունները չունեն: Բացի այդ, ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերը ընդամենը 8-ն են և վերաբերվում են սահմանափակ թվով սննդամթերքների (մսամթերք, կաթնամթերք, կոնյակներ և այլն), որոնց մեծ մասը ոչ մի անգամ փորձաքննության չի ենթարկվել»:

Ի՞նչ է փոխվել դրանից հետո անցած 4 տարում: Մասնավորապես` ծառայության ենթակայության ներքո գտնվող լաբորատորիաներն ունե՞ն սննդամթերքում ռադիոնուկլիդների (ռադիոակտիվ իզոտոպների) առկայությունը, ինչպես նաև քանակը որոշելու հնարավորություն: Ո՞ր լաբորատորիան ունի այդպիսի հնարավորություն, որի հետ ծառայությունը պայմանագիր է կնքել:

Հավելենք հարցերը` այժմ քանի՞սն են ՀՀ կառավարության կողմից հաստատված այն տեխնիկական կանոնակարգերը, որոնցով նախատեսվում է սննդամթերքներում ռադիոնուկլիդների լաբորատոր հետազոտություն, որոշակի ո՞ր սննդամթերքներին են դրանք վերաբերում, նախորդ տարիներին այդ սննդամթերքներից որո՞նք և քանի՞ անգամ են փորձաքննության ենթարկվել, եթե չեն ենթարկվել, ինչո՞ւ...

Ըստ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, որը հիշյալ տեսչության իրավահաջորդն է, իրենք 2011 թ. հոկտեմբերի 10-ին կնքել են ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ` սննդամթերքի փորձաքննություն կատարելու համար: Սակայն այն ցուցանիշների ցանկում, որոնցով կատարվել է փորձաքննությունը, ռադիոնուկլիդները նշված չեն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկացմամբ, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուժսանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ը միջազգային արդի եղանակներով մի շարք նյութերի նկատմամբ (որոշ թունավոր տարրեր, որոշ հակաբիոտիկներ, ռադիոնուկլիդների ճշգրիտ քանակական որոշում, որոշ միկրոտոքսիններ, դիօքսիններ, հիստամին, խինին, մելամին, մի շարք վնասակար քիմիական նյութեր) չի կարող կատարել լիարժեք քանակական որոշումներ` համաձայն համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և կառավարության որոշումների, ինչի պատճառը որոշ սարքավորումների և ստանդարտ հավաքածուների բացակայությունն է:

Հիշյալ աշխատանքները կատարելու համար ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ին անհրաժեշտ են պոլյարոգրաֆ, ատոմ ադսորբացնող սարք, լուսարձակիչ սպեկտրոֆոտոմետր, բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆ, գազհեղուկային քրոմատոգրաֆ, սարք Cpn-68-01 կամ համարժեք, ռոտացիոն ցնդեցնող սարք, պոմպ, քրոմոտոմաս սպեկտրոմետր, մազախողովակային էլեկտրոֆորեզի սարք, ջերմացիկլեր (PCR abi Prizm 7700 կամ համարժեք), ախտորոշիչ հավաքածուներ ELISA սարքի համար:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստմամբ, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը ռադիոնուկլիդները որոշում է որակական ցուցանիշով: Սա նշանակում է, որ լավագույն դեպքում կարող է որոշել, թե սննդամթերքում այս կամ այն ռադիոնուկլիդն ընդհանրապես կա՞, թե չկա, ինչը, ըստ էության, չորոշելու հաշիվ է: Բացատրենք. Երկիր մոլորակը վաղուց չունի իր նախաստեղծ մաքրությունը, միջուկային փորձարկումների և վթարների հետևանքով սննդամթերքներում կան տարբեր ռադիոնուկլիդներ: Դրանց որոշ չափաքանակները (տարբեր ռադիոնուկլիդների դեպքում չափաքանակները տարբեր են), որոնք սահմանված նորմերը չեն գերազանցում, թույլատրելի են համարվում, հետևաբար պետք է այն սննդամթերքների ներկրումն արգելվի, որոնցում ռադիոնուկլիդները գերազանցում են սահմանային քանակները: Սակայն հենց այդ քանակները (քանակական ցուցանիշները) ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում այժմ էլ որոշել չկարողանալու պատճառով, Հայաստան սննդամթերքների մուտքն այս առումով չի արգելվում: Դրանք ներկրվում, օգտագործվում են և այդպես էլ չենք իմանում, թե դրանցում ռադիոնուկլիդների քանակները սահմանված նորմաները գերազանցո՞ւմ են, թե՞ ոչ:

Վարչապետը սննդամթերքի անվտանգությունից խոսելուց բացի, լավ կանի, որ նաև գործ անի` անձամբ կամ կառավարության միջոցով լուծի ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ն անհրաժեշտ, բայց դեռ բացակա սարքով կամ սարքավորումներով համալրելու խնդիրը, այլապես հիվանդանոցներում քաղցկեղով և այլ հիվանդություններով տառապողների քանակի աճը կշարունակվի ու գուցե դեռ կարագանա:

 

Աղբյուրը` «Հայացք» թերթ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին