▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ սպասել Հռոմի նոր պապից

Հեղինակավոր Forbes պարբերականը «Ի՞նչ սպասել Հռոմի նոր պապից» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է  Սուրբ Գահում ընտրված Ֆրանցիսկոս պապին։

«Իտալացի կարդինալներին չհաջողվեց կոնկլավի (գաղտնի ժողով) ժամանակ ռևանշ վերցնել ու Հռոմի պապի պաշտոնում իտալացու ընտրել։ Լեհ և գերմանացի Պապերից հետո Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, ով, սակայն ունի իտալական արմատներ»,- հոդվածը սկսում է Բորիս Ֆիլիպովը։

Նա նշում է, որ պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ընտրված Հռոմի պապը Լատինական Ամերիկայից է և ճիզվիտ (անդամ կաթոլիկ կազմակերպության, որը հիմնվել է 1534թ․-ին ռեֆորմացիայի դեմ պայքարելու, կաթոլիկ եկեղեցին ու Հռոմի պապի իշխանությունը մեծարելու համար): Հոդվածագրի կարծիքով՝ այս 2 հանգամանքներն անչափ կարևոր են նոր հովվապետի բնավորությունը հասկանալու համար։

«Արգենտինան տիպիկ լատինամերիկյան երկիր է, որտեղ շքեղությունն ու աղքատությունն ապրում են կողք կողքի։ 1976-83 թթ. ընթացքում Արգենտինայում տիրել է խստագույն ռազմական բռնապետություն, որի ընթացքում մոտ 30 հազար բնակիչ է զոհվել»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ինչպես և տարածաշրջանի մյուս երկրներում, արքեպիսկոպոս Բերգոլիոն աջակցել է ռազմական խունտային՝ որպես կոմունիզմին դիմակայող ուժի։ Սակայն Բերգոլիոյի նման դիրքորոշումը չափից ավելի բարդացրել է նրա հարաբերություններն աշխարհիկ իշխանությունների հետ։ Արքեպիսկոպոսին մշտապես հիշեցնում են այն փաստը, որ ժամանակին նա կանգնած է եղել արյունալի ռեժիմի կողքին։ Սակայն Բերգոլիոյի նման պահվածքը բացատրվում է նրանով, որ կոմունիստական ռեժիմը դեմ է եղել կրոնին։ 

Ֆրանցիսկոս պապի երիտասարդ տարիները համընկել են «ազատագրման աստվածաբանություն» շարժման ծաղկուն տարիների հետ։ Այդ պատճառով էլ սոցիալական անարդարության մասին նրա ընկալումը շատ սուր է։ Արքեպիսկոպոս և կարդինալ եղած ժամանակ Բերգոլիոն մշտապես արծարծել է այս թեման իր քարոզներում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ սոցիալական անարդարության հարցում նա պատասխանատվությունը դրել է ինչպես կառավարության, այնպես էլ մեղքերի մեջ ապրող ժողովրդի և հոգևորականների վրա։

Հռոմի նոր պապը ճիզվիտ է։ Լատինական Ամերիկայի պատմության մեջ ճիզվիտները զբաղեցնում են հատուկ դեր։ Հենց նրանք են դեռևս 17-րդ դարում եղել առաջին սոցիալական փորձի, մասնավորապես՝ առաջին քրիստոնեական պետության (ճիզվիտների պետություն Պարագվայում) հիմնադիրները։ Տարածաշրջանում նրանք հիմնել են կրթական  ամբողջական համակարգ՝ հիմնել առաջին համալսարաններն ու քոլեջները, ուստի տարօրինակ չէ, որ ապագա Պապը գերազանց կրթություն է ստացել։ 

1970-ական թվականներին ճիզվիտներն ակտիվորեն աջակցել են ռազմական բռնապետությունների դեմ մղվող պայքարին, սակայն անձամբ Բերգոլիոյին հաջողվել է խուսափել «ազատագրման աստվածաբանության» գայթակղությունից։ Պատճառն այն է, որ բռնապետության տարիներին նա եղել է Արգենտինայում ճիզվիտների միաբանության ղեկավարն ու, ի տարբերություն մյուս գաղափարակիցների, բռնապետության նկատմամբ նա ավելի երկակի դիրքորոշում է ունեցել։ 

Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդին դուր չի եկել ճիզվիտների՝ Լատինական Ամերիկայում ցուցաբերած ակտիվությունը քաղաքական հարցերում։ Սա հանգեցրել է լուրջ կոնֆլիկտի Պապի և միաբանության միջև, ինչի հետևանքով ճիզվիտները հեռացվել են Վատիկանի առանցքային պաշտոններից։ Այնուհանդերձ ճիզվիտ Բերգոլիոն ոչ միայն արքեպիսկոս է դարձել, այլ նաև կարդինալ (2001թ.), ինչը նշանակում է, որ անձամբ Բերգոլիոյի դեմ Հովհաննես Պողոս 2-րը որևէ բան չի ունեցել։ Իսկ 2005թ. գաղտնի կոնկլավին Բերգոլիոն եղել է Յոզեֆ Ռատցինգերի ( Բենեդիկտոս 16-րդ) գլխավոր մրցակիցը։

Կարդինալն արքեպիսկոպոսների համար նախատեսված պալատում բնակվելու փոխարեն ապրել է փոքր բնակարանում, օգտվել հասարակական տրանսպորտից, այլ ոչ թե լիմուզինից։ Կարելի է ասել, որ նա պրակտիկորեն իրականացրել է Բենեդիկտոս 16-րդի հետևյալ կոչը.«Եկեղեցին պետք է լինի ոչ թե աղքատների համար, այլ աղքատ Եկեղեցի»:

2001թ. Սբ Հինգշաբթիի օրը՝ Խորհրդավոր ընթրիքի հիշատակի օրը, նա այցելել է անօթևանների և հիվանդների համար նախատեսված հաստատություն, որտեղ լվացել և համբուրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակակիրների ոտքերը։

Բերգոլիոյի հայացքները բավական պահպանողական են, սակայն նրա պահպանողականությունը շատ ակտիվ բնույթ է կրում։ Եվ դա ամենագլխավոր փաստն է։ Ոլորտի մասնագետները գտնում են, որ Պապը շատ ակտիվ է վերաբերվում ժամանակակից խնդիրներին։ Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ նա աջակցում է աշխարհիկ կաթոլիկների ստեղծած միջազգային պահպանողական կաթոլիկ շարժմանը (Comunione e Liberazione)։ Այն ստեղծվել է 1954թ. մի խումբ ուսանողների կողմից, ովքեր դժգոհ են եղել եկեղեցական կյանքի բնույթից։ Այժմ այս շարժումն ունի հարյուր հազարավոր հետևորդներ։ Նա, ով ուզում է հասկանալ Հռոմի նոր պապի մտքի ուղղությունը, պետք է ուշադիր ուսումնասիրի այս շարժումը։ 

Իսկ Բերգոլիոյի կրոնական իդեալի մասին խոսում է այն անունը, որը Պապ ընտրվելուց հետո նա վերցրել է՝ Ֆրանցիսկոս։ Ըստ ամենայնի՝ իր կյանքի ընթացքում նա հետևել է հենց այս սրբին։ Ֆրանցիսկոս Խավիերոսը քրիստոնեության պատմության ամենահաջողված միսիոներներից մեկն է։ Թե որքանով Հռոմի նորընտիր պապին կհաջողվի կյանքի կոչել իր իսկ կողմից ընտրված իդեալը, ցույց կտա ժամանակը։

«Շատ բան կախված է նաև կադրային քաղաքականությունից։ Ժամանակին պետքարտուղարի պաշտոնում Աուգուստինո Կազառոլիի նշանակումը հնարավոր դարձրեց Հովհաննես Պողոս 2-րդի ծրագրի իրականացումը, իսկ նույն պաշտոնում Տարչիզո Բերտոնեի նշանակումը Բենեդիկտոս 16-րդի համար անլուծելի խնդիրներ ստեղծեց և դարձավ Վատիկանի շուրջ ծագած սկանդալների պատճառներից մեկը»,- եզրափակում է հոդվածագիրը:

 

Աղբյուրը` Թերթ.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին