▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակ շուկայում անընդհատ նորանոր շինարարական աշխատանքներ են կատարվում. բնակիչները պահանջում են արձագանքել

Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` վերջապես արձագանքելու և Երևանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող ապօրինությունը շտապ դադարեցնելու, նաև բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը պաշտպանելու խնդրանք-պահանջով:

Ստորև ներկայացնում ենք բնակիչների նամակն ամբողջությամբ.

«Բազմիցս դիմել ենք Ձեզ Երևանի Մաշտոցի պողոտայի ծածկած շուկայի տարածքում իրականացվող ինքնակամ վերակառուցման աշխատանքների մասին, ինչի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը սահմանափակվել է միայն տուգանքներ նշանակելով և ոչ մի միջոցառում չի իրականցրել կանխելու աշխատանքները և դրանք իրավական դաշտ բերելու համար: Ավելին, անընդհատ կատարվում են նորանոր շինարարական աշխատանքներ, որոնք լինելով նախորդներից ավելի անհավանական՝ օրինականությունը խախտելու իմաստով, կարծես մոռացության են մատնում նախորդ արվածները՝ շուկայի կամարների քանդումը, շուկայի շենքի արտաքին ծավալներից դուրս նոր բազմահարկի կառուցումը, շուկայի շենքի պարագծով ինքնակամ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի մոտ 7 մետր լայնքով և 6-8 մետր խորությամբ ու հարևան շենքերից անթույլատրելի հեռավորության վրա, դրանց հիմքերի հիմնատակերից անհամեմատ մեծ խորությամբ փոսորակի քանդումը ու շենքերի սեյսմակայունության վտանգումը և այլն:

Ամիսներ առաջ, չնայած կառուցապատողի բազմաթիվ խոստումների, որ մեր պատուհանների առաջ նոր հարկաբաժինը չի կառուցվելու, սկսվեցին այդ հարկաբաժնի սյուների կառուցումը, ինչը նախագահական ընտրությունների նախօրեին կանխվեց։ Հետագայում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց ապամոնտաժել ինքնակամ կառուցված հարկերը և վերականգնել հուշարձան շենքի կամարներն ու արտաքին տեսքը։ Դրանից հետո թվում էր թե հարցի լուծումը տեղից շարժվել է։ Սակայն վերջին օրերին շուկայի հետնամասում սկսվեց կառուցվել մի նոր կցակառույց ուղղակի շուկան շրջանցող ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, փակելով այն, ինչը բնակիչների համար կստեղծի լրացուցիչ խնդիրներ հետագայում, վատթարացնելով տրանսպորտային իրավիճակը։ Հուսով ենք, որ քաղաքապետարանը, բոլոր գործող օրենքներին և քաղաքաշինական նորմերին հակառակ, չի կատարել նման հողահատկացում ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա, հակասելով հուշարձան շենքի արտաքին տեսքը պահպանելու պարտադիր պայմանի մասին Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուների քաղաքապետի անունից արված բազմաթիվ նախընտրական խոստումներին։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների խոսքն ու գործը չի համընկնում։ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը չի կարող ազդել և համոզել մարդկանց, եթե երևանցիները, մասնավորապես շուկայի հարևանությամբ ապրող բազմնաբնակարան շենքերի բնակիչները, անընդհատ լսում են բազմաթիվ խոստումներ և հավաստիացումներ շուկայի հուշարձան շենքի ինքնակամ կառուցված մասերի քանդման և արտաքին տեսքի վերականգնման մասին, իսկ տեղում տեսնում են հակառակը՝ արագ տեմպերով շարունակվող շինարարական աշխատանքներ, հարկաբաժինների և կցակառույցների շինարարություն՝ նորանոր խախտումներով։

Իսկ այսօր, կառուցապատողը կրկին խախտելով իր բոլոր խոստումները վերսկսել է վերը նշված հարկաբաժնի շինարարությունը մեր ննջարանների պատուհանների դիմաց, անթույլատրելի մոտեցնելով նոր ստեղծվող բազմաֆունկցիոնալ շենքի աղմկոտ և լուսավոր պատուհանները մեր ննջարանների պատուհաններին, խախտելով քաղաքաշինական նորմերն ու էապես վատթարացնելով մեր բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, ինչպես նաև վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:

Ինչու պիտի 40 տարուց ավել այդ շենքում անհոգ ապրած բնակիչների բնակարանների որակների նվազեցման հաշվին կատարվի նման վերակառուցում, մեր շահերը, հանգիստն ու անվտանգությունը թողելով բախտի, ավելի ճիշտ կլինի ասել կառույցի սեփականատիրոջ քմահաճույքին։ Միթե Հայաստանում այդ աստիճան անզոր է պետական համակարգը` բնակիչների օրինական իրավունքներն ու պահանջները պաշտպանելու համար:

Բնակիչների նախորդ դիմումին ի պատասխան ստացել ենք ՀՀ նախագահի աշխատակազմից գրություն, որ այն ուղարկված է քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից 4 ամիս անց ուղարկած պատասխանը փաստում էր միայն, որ ինքնակամ շինարարության համար կառուցապատողը տուգանվել է, այն դեպքում երբ աշխատանքները չեն դադարեցվել, ավելին, ինքնակամ, հողազավթումով, նաև վերը նշված նոր աշխատանքները մեծ թափով շարունակվում են` խախտելով բազմաթիվ բնակիչների հանգստի իրավունքը և անդորրը:

Կրկին ու կրկին խնդրում և պահանջում ենք վերջապես արձագանքեք և շտապ դադարեցնեք ապօրինությունը, կասեցնեք շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը, վերացնեք դրա հետևանքները և պաշտպանեք բնակիչների օրինական իրավունքներն ու հուշարձան շենքը, իսկ ամենակարևորը՝ վերականգնեք մեր հավատը»:

 

Հիշեցնենք, որ ASEKOSE.am-ի տեղեկություններով` հերթը հասել է Փակ շուկայի փոխարեն կառուցվող առևտրի կենտրոնի  ներքին  և այստեղ նախատեսվող սրճարանների ճաշացանկերի դիզայնին, որի վերաբերյալ գաղափարներ են առաջարկվում և ծրագրեր մշակվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին