▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերահսկիչ պալատը հաշվել է «ատկատների» իրական արժեքը

ՎՊ-ում պարզել են, որ  «ատկատները» շինարարական արժեքի մեջ բավական պատկառելի թիվ են կազմում` ավելի քան 80 տոկոս: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այսօր  հրապարակել է իրենց կատարած ուսումնասիրության  արդյունքները: 

 

ՎՊ-ն պարզել է,  որ շինարարական նախահաշիվներում կիրառվող միջինացված տոկոսադրույքները ունեն հետեւյալ պատկերը. ԱԱՀ` 20 %, վերադիր ծախսեր` 13,3 %, շահույթ` 11 %, ժամանակավոր շենք-շինություններ` 3%, չնախատեսված ծախսեր` 6%, շինարարական աղբի տեղափոխում` 0,15 %,  փոքր ծավալի շինարարության համար հատկացված լրացուցիչ ծախսեր 2%, այլ նյութերի քանակը հաշվիառնող ծախսեր`5 %, փաթեթավորման ծախսեր` 2%, տրանսպորտային ծախսեր` 9 %, բնակլիմայական ազդեցությունը հաշվի առնող նորմեր` 1,2 %, նախագծային աշխատանքներ` 3,5 %, տեխնիկական հսկողություն` 1,5 %, հեղինակային հսկողություն` 0,6 %, նախագծերի փորձաքննություն 0,3 %: 

 

Այս ամենի հանրագումարում ստացվում է, որ պետության միջոցներով կատարվող ցանկացած շինարարություն պետությանն արժենում է իրական արժեքից  83 %-ով ավելի թանկ: Հենց այս ուռճացված տոկոսներում էլ, ըստ ՎՊ-ի, թաքնվում են «ատկատները»:

 

«Մենք խորապես համոզված ենք, որ «ատկատներ»  կոչվող երեւույթը գնում է հենց այս գումարներից:  Մենք խորապես համոզված ենք, որ հաճախ առանց հիմքերի, հաճախ առանց տրամաբանության, նախարարի մեկ հարամանով՝ վերադիր ծախսերը 5.3 %-ից դառնում է 13 %»,- նշեց ՎՊ նախագահը՝ բերելով նաեւ կոնկրետ օրինակ:

 

«Դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում, մշակույթի տներում, ցանկացած տեղ տեղադրում են հիմնականում տեղական արտադրության եվրոդռներ-պատուհաններ, բայց կիրառում են տոկոսներ՝ պահեստավորման, փաթեթավորման, տեղափոխման համար, ինչ ասես գրում են, ուզում են ցույց տալ,  որ դպրոցում տեղ չկա, հատուկ տեղ են պատրաստում, որ պահեստավորում անեն, փաթեթավորում են»:

 

Ի.Զաքարյանի խոսքով՝ «ատկատների» այս մեխանիզմը նորություն չէ, «այս տոկոսները հնուց եկած նորմեր են, որեւէ անգամ չեն փոխվել»:

 

Բայց ՎՊ-ում մտադիր են փոխել ավանդաբար ձեւավորած նորմերը: Դրա համար այս տարի կառավարությանն առաջարկել են 19 տոկոսով կրճատել շինարարությանը հատկացվող գումարները:

 

Բանն այն է, որ 2013-ին Հայաստանում պետական տարբեր ծրագրերով նախատեսված է 179 մլրդ. դրամ գումար:

 

Վերահսկիչ պալատն առաջարկում է պետբյուջեյով նախատեսված այս գումարը կրճատել 19 %-ով: Այսինքն՝ շինարարական տարբեր ծրագրերին հատկացված գումարից կրճատել 35 մլրդ. դրամը: 

 

Իսկ թե ինչու է ՎՊ-ն առաջարկում կրճատել միայն 19 տոկոսը, երբ իրենց կատարած հաշվարկներով՝ ավելացված տոկոսադրույքները շուրջ 83 տոկոս են կազմում, Ի.Զաքարյանն այսպես մեկնաբանեց. «Առայժմ մենք տրամաբանական ենք համարում այս 19 տոկոսն ուղղակի կրճատել»: 

 

Ի դեպ, այս առաջարկով ՎՊ-ը վաղուց էր դիմել կառավարություն, բայց այստեղ գործը ձգձգվել է:

 

«Մենք երկար ժամանակ խոսել ենք ատկատներից, արդյունքում ուղիղ մեկ ու կես տարի է էկոնոմիկայի նախարարությունից նախագիծը գնում է ֆինանսների նախարարություն, ֆինանսներից` էկոնոմիկա, հիմա նորից հետ է եկել քաղաքաշինության նախարարության ոլորտ»,- ասաց Ի.Զաքարյանը:

 

Բայցեւայնպես, ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ կառավարության հետ ի վերջո ձեռք է բերվել  համաձայնություն, որն էլ Ի.Զաքարյանին թույլ է տալիս վստահաբար պնդելու, թե «շուրջ 2 ամիս հետո այս նախագիծը կդառնա կառավարության որոշում»:


Աղբյուրը`  «Փաստինֆո»

 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին