▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էին Մոսկվա հասած ուղևորների ուղեբեռները մնացել Հայաստանում

Օրերս գրանցվել է հերթական արտառոց միջադեպը` կապված ավիափոխադրումների հետ: Բավական չէ, որ հուլիսի 20-ին Երևան-Մոսկվա 912 չվերթի ինքնաթիռը օդ է բարձրացել շուրջ 30 րոպե ուշացումով` 22:30-ին, Մոսկվայում ուղևորներին էլ ավելի տհաճ անակնկալ էր սպասվում:

ASEKOSE.am-ի տեղեկություններով` ուղևորներին հայտնել են, թե ուղեբեռները մնացել են Երևանում և միայն առավոտյան մեկ այլ ինքնաթիռ դրանք կհասցնի Մոսկվա:

«Ուղևորների մի մասը ստացավ իրենց ուղեբեռները,  հետո ասացին` Երևանի ուղեբեռները վերջացան: Պատճառն իհարկե չասացին, միայն տեղեկացրին, որ առավոտյան 8:30-ին Երևանից մեկ այլ  ինքնաթիռով կհասցնեն: Ապա առաջարկեցին կամ գիշերը մնալ օդանավակայանում և սպասել, կամ գնալ, կրկին վերադառնալ: Ես հավելյալ 160 կմ ճանապարհ եմ կտրել»,- ASEKOSE.am-թղթակին պատմեց ուղևորներից մեկը:

Մեր զրուցակից մեկ այլ ուղևորի  կարծիքով`

«Հավանաբար ինչ-որ մեծահարուստի համար ինչ-որ բան են բերել, մեր ուղեբեռները թողել Երևանում»:

 Նույնիսկ ավելորդ է մեկնաբանել, թե որքան անհարմարություն ու անախորժություն է պատճառվել ուղևորին: Ոմանք կիլոմետրերով ճանապարհ են կտրել, հաջորդ օրը կրկին վերադարձել օդանավակայան: Հիշեցնենք, խոքը «Դոմոդեդովո» օդանավականի մասին է, որը Մոսկվայի կենտրոնից 45 կմ հեռավորության վրա է:

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել չվերթը սպասարկող «Սիբիր ավիաուղիներ» ընկերության  հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, գլխավոր ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատճառն ընդամենը տեխնիկական անսարքությունն է եղել:

Նրա խոսքով` ընկերությունը ևս վնաս է կրել, քանի որ ինքնաթիռը օդ է բարձրացել կիսադատարկ բեռնախցով:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու՞ ուղևորներին չի զգուշացվել, Մուշեղ Սայադյանը պատասխանեց,

«Իսկ ի՞նչ էր փոխվելու դրանից, միայն ավելորդ լարվածություն էր առաջանալու: Բացի դրանից` մենք չգիտեինք, թե որ ուղևորի ուղեբեռն է մնալու, դրանք ընտրվել են բացառապես պատահականությամբ: Հետևողական ենք եղել, որ անպայման փոխադրվեն տրանզիտային չվերթներից օգտվող ուղևորների ուղեբեռները: Ինքնաթիռն օդ բարձրանալուն պես ըտրվել են մնացած բոլոր ուղեբեռները, որ շփոթմունք չլինի»:

Ի պատասխան դիտարկմանը, թե ուղևորները հարկադրված են եղել  հավելյալ ծախսեր անել, մեր զրուցակիցը տեղեկացրեց.

«Յուրաքանչյուր ուղևոր կարող է ներկայացնել ծախսերը, ընկերությունը պատրաստ է փոխհատուցել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին