▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ՀՀ Օրհներգի մեղեդին ոչ մի ընդհանրություն չունի հայկական ազգային երաժշտության հետ

Նախապես հայցում եմ ընթերցողի ներողամտությանը. չնայած, որ նյութի բովանդակությունը վերաբերում է ԽԻՍՏ լուրջ խնդրի` առանց զավեշտի այս հարցին մոտենալը բավականին բարդ է…

Ի՞նչ անել, երբ ուզում ես կառուցել պետություն… բայց չունես «հայկական» օրհներգ: Վստահ եմ, որ շատ քչերն են երբևէ տրվել այս հարցով (և, գիտեք, դա նորմալ է), բայց հավաստիացնում եմ, որ 1991 թ. հունիսին մարդկանց մի խումբ շատ լուրջ (հուսով եմ) մտորումների մեջ է եղել այս հարցի կապակցությամբ. օրհներգ էր պետք… Չնայած, որ ամենահաճելի և «ջերմ» տարիների մասին չէ խոսքը, այնուամենայնիվ, փորձենք ետ նայել, զգալ և հասկանալ, թե ինչ խնդիրներ, ինչ խոչընդոտներ և ինչ հակասություններ կարող էին առաջանալ նորանկախ Հայաստան Աշխարհի գլխավոր մեղեդին հաստատելու գործընթացի ընթացքում: Չգիտեմ, թե ինչ են կարծում մյուսները, բայց ձեր խոնարհ ծառան այստեղ տեսնում է ուղիղ 3 տարբերակ, որոնք կարող էին դիտարկվել և քննարկվել այդ ժամանակահատվածում` «ժողովրդի մեծերի» առջև ծառացած խնդրի հետ կապված.

1. Գրել նոր օրհներգ:

…Ո՞վ գրի, ո՞նց գրի, ե՞րբ… դրսում պատերազմ, քաոսային վիճակ, քայքայված ամեն ինչ. դե արի ու օրհներգ գրի… Եվ եկեք խոստովանենք, որ դրա համար տաղանդ է պետք… 

Բնական է, որ այս տարբերակը միանգամից դրվեց մի կողմ:

2. Բայց ունեինք, չ՞է…

Իհարկե, ունեինք և ունենք: Բայց, ախր ինչպե՞ս վերցնել և հաստատել որպես օրհներգ մի մեղեդի, որը անքակտելիորեն կապված է մի համակարգի հետ (ԽՍՀՄ), որի դեմ բառացիորեն մի քանի ամիս առաջ, կներեք արտահայտությանս համար, ապստամբել ես: Ինչպե՞ս…

Նորանկախ Հայաստանի Օրհներգը… այն պետք է լինի ՆՈՐ. սա տրամաբանական է: Դարե՜ր շարունակ մարտական մեղեդին, սիրտ տվող մեղեդին տարել է մարդկանց առաջ` թշնամուն տապալելով, մահի երեսին թքելով, հուսահատությունը ճեղքելով: Եվ այն ՉԻ կարող լինել նույնիսկ անուղղակի կապի մեջ վերը նշված երեք բաղադրիչներից որևէ մեկի հետ: Այն պետք է լինի նոր:

3. Նորը` դա լավ մոռացված հինն Է...

Եվ խնդիրն այլևս լուծված է: Կեցցե Բարսեղ Կանաչյանը և Միքայել Նալբանդյանի բանաստեղծության հանճարեղ խմբագիրը: Հալալ է: Այս մի դարդից պրծանք. 1991 թ. հուլիսի 1-ին, որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության Օրհներգ հաստացվեց (չնչին տեքստային փոփոխություններով) Առաջին Հանրապետության Օրհներգը: Գեղեցիկ մեղեդի է, տպավորիչ, ինչպե՞ս կարելի էր մոռանալ… Այո, հիմա արդեն մենք ունենք օրհներգ, 2 ամիս հետո կհռչակվենք որպես ազատ անկախ պետություն… Արդյո՞ք կարող ենք մենք ստեղծել դարեր շարունակ հազարավոր հայորդիների երազներում եկած բաղձալի անկախ Հայաստանը, արդյո՞ք կարող ենք մենք ստեղծել կուռ, կայուն հիմքեր` մեր զավակներին պայծառ, բարեկեց և արժանապատիվ ապագա ապահովելու համար…

Անցան տարիներ, անցավ ժամանակ: Իսկ ժամանակը մի բնավորություն ունի. ամեն ինչ դնում է իր տեղը, ամեն ինչին պատասխան է տալիս… նույնիսկ, եթե չես ուզում: Շատ հարցերի պատասխաններ մենք արդեն ստացել ենք, շատ հարցերի պատասխաններ դեռ կստանանք, շատ հարցեր դեռ վախում ենք տալ… Եվ վերջերս ես ստացա ինձ արդեն երկար ժամանակ հուզող մի հարցի պատասխան:

Օրհներգի երաժշտական բաղադրիչը պետք է ՎԵՐ բարձրանա, այն պետք է լինի կուլմինացիոն, պետք է քեզ վեր բարձրացնի, գոնե մի պահ աչքերդ փակելու ցանկություն առաջացնի, իսկ մե՞րը… ապա հիշեք… Ինչո՞ւ է այդպես: Եվ ինչո՞ւ է այդպես ստացվել, որ Հայաստանի Հանրապետության պետական Օրհներգի մեղեդին ոչ մի ընդհանուր բան չունի հայկական ազգային երաժշտության հետ: Իրականում այն քիչ բառերից մեկը, որի առջև մենք հանգիստ խղճով կարող ենք դնել «հայկական ազգային» բառերը, դա «երաժշտությունն» է: Ով ինչ ուզում է թող ասի (ու չի էլ ասի` այնքան ակնհայտ ու ճչացող է դա)` մենք ունենք մեր երաժշտությունը, որը տարբերվում է ամեն ինչից: Որը, եթե քնից նոր ելած էլ լսես, կհասկանաս, որ դա «հայկական է»: Ինչո՞ւ մեր օրհներգը, մեր պետականության երաժշտական խորհրդանիշը, Ամենայն Հայոց Երգը «հայկական» չէ…

Պատասխանը հետևյալն էր. այն «հայկական» չէ, քանի որ այն… հայկական չէ…

1898 թ. հունվարին (երբ Բարսեղ Կանաչյանը դեռ 13 տարեկան էր) Պետերբուրգում կայացավ Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գլազունովի «Ռայմոնդա» բալետի պրեմիերան: Ներկայացումը ցնցեց ողջ Պետերբուրգը և հռչակվեց` որպես տաղանդաշատ կոմպոզիտորի հերթական նվաճում: Հավանաբար, այն ցնցեց ոչ միայն Պետերբուրգը, այլ տարիներ հետո նաև Բարսեղ Կանաչյանին: Այնպես ցնցեց, որ Կանաչյանն ուղղակի վերցրեց դրա մի հատվածը (մի փոքրի՜կ հատված) և ներկայացրեց այն որպես Առաջին Հանրապետության Օրհներգի մեղեդի, որն, ի դեպ, նաև այսօր Հայաստանի Հանրապետության Օրհներգի մեղեդին է: Միայն լսողության 4-րդ կարգից ավելի բարձր կարգի հաշմանդամություն ունեցողը` խուլը, չի հասկանա, որ ՀՀ պետական օրհներգի մեղեդին վերցված է Գլազունովի «Ռայմոնդայից»: Ես սպասում եմ, թե երբ է գալու այն օրը, երբ «Ռայմոնդան» կբեմադրվի Հայաստանում, միգուցե բեմադրվել է արդեն, չգիտեմ, բայց ես սպասում եմ դրան: Սպասում եմ, թե երբ է գալու 3-րդ ակտի, 2-րդ մասը: Եվ երբ այն սկսվի, սպասելու եմ մոտ 1 րոպե և կանգնեմ ոտքի: Ոչ միայն այն պատճառով, որ հնչում է մեր պետական օրհներգը, այլ նաև նրա համար, որ ուղղակի տեսնեմ մարդկանց դեմքերը. տեսնեմ, թե դրանք ինչպես են փոխվում, իրոք` հետաքրքիր է: Տեսնեմ, թե ինչպես են նրանք իրենք իրենց ներսում խայտառակ լինում, ինչպես որ եղա ես` սենյակումս նստած, երբ առաջին անգամ լսեցի այդ սքանչելի ստեղծագործությունը:

Հայաստանի Հանրապետության Պետական Օրհներգի Մեղեդին` դա Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից մի հատված է` շատ չնչին տարբերությամբ… խոսքերը` Միքայել Նալբանդյանի խղճահարույց բանաստեղծությունն է` չնչին տարբերությամբ: Կեցցե Բարսեղ Կանաչյանը…

Բայց ունեինք, չէ՞…

Իհարկե, ունեինք և ունենք: Ունենք 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորների շարքին դասվող հանճարի` Արամ Խաչատրյանի կողմից մեզ ընծայված սքանչելի, անկրկնելի, վեհ և հուզիչ, պաթոսային և արտասուք բերող, ավելի «հայկական» ստեղծագործություն: Ու՞մ են պետք համերգասրահի, փողոցի և միջազգային մրցույթի` Խաչատրյանի անվամբ լինելը, եթե նրա կողմից կոնկրետ մեզ` հայերիս համար ստեղծագործածը դեն է նետած: Արդյո՞ք չունենք մենք այդքան կամք և պատասխանատվություն այս տարօրինակ, զավեշտալի (ինչպես և խոստացել էի) և միաժամանակ ցավալի անհեթեթությանը վերջ տալու համար: Չէ՞ որ լուծումն այս հարցի կախված չէ ոչ օգտակար հանածոների պակասից, ոչ աշխարհագրաքաղաքական դիրքից, ոչ կոռուպցիոն ռիսկերից, ոչ մի բանից, բացի` մեզանից: Ընդամենը պետք է գրվեն պատշաճ խոսքեր և վերջ: Վստահ եմ` հարգարժան ընթերցողներից շատերի մոտ հարց կառաջանա. «-Ուրիշ դարդ ու ցավ չունե՞մ` հիմա էլ հիմնի մասին մտածեմ»: Ընդունելի դիրքորոշում է: Սակայն, հարգելիս, եթե մեր պետական օրհներգի մասին մտածելը չի մտնում քո և մեծամասնության «դարդ ու ցավերի» մեջ, ապա` մատնված ենք այս հողի վրա ապրել միայն դարդերով ու ցավերով:

Շարունակել ամեն օր կեսգիշերին լսել Գլազունովի բալետից մի հատված, թե՞ ամեն օր այդ ժամին մեր օջախներ հրավիրել հայ ազգի մեծագույն կոմպոզիտորին` Արամ Խաչատրյանին: Ընտրությունը մերն է: Հուսով եմ` գոնե մեկ անգամ մենք կանենք ընտրություն, որի համար չենք փոշմանի: 

Ահա Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գլազունովի «Ռայմոնդա» բալետի այն փոքրիկ հատվածը, որի մասին գնում է խոսքը (լսել 1:05-ից) 

Գոռ Գևորգյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին