▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկե՛ք պայքարենք մեր Սեւանի համար. հասարակական քարոզարշավ ի պաշտպանություն Սեւանա լճի

Եկե՛ք` պայքարենք մեր Սեւանի համար: Ակտիվ հասարակությունը, մի շարք հասարակական կազմակերպություններ, ՀՀ Գեղարքունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի մի շարք բնակիչներ հասարակական քարոզարշավ են սկսում ի փրկություն Սեւանա լճի: Սեւանա լիճը մեր քաղցրահամ ջրի միակ ռազմավարական պաշարն է: Կորցնելով այն` մենք կկորցնենք մեր ազգային հարստությունը, կկորցնենք մեր երկիրը:

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզի Սեւան, իսկ ապրիլի 15-ին Գավառ քաղաքներում անցկացված կլոր սեղանների արդյունքում, որին մասնակցում էին Երեւանի եւ վերոնշյալ մարզերի ակտիվ հասարակությունը, անկախ փորձագետները, որոշվեց բաց նամակով դիմել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով կանգնեցնել Սեւանա լճի գոյությանը սպառնացող ծրագրերի իրականացումը:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ այս քարոզարշավին եւ ստորագրել բաց նամակի տակ: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ վարչապետ

պարոն Հովիկ Աբրահամյանին

Պարո՛ն վարչապետ,

նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնաթող եղավ` ստորագրելով եւ ամբողջ ազգին պարտադրելով երկու որոշում, որոնք Սեւանա լիճը դնում են ոչնչացման վտանգի տակ: Առաջինը` փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի 5 տարի ժամկետով: Երկրորդը՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է, որը նախատեսում է մինչեւ 2023 թվականը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։ 

Հասարակությունը դեմ է այս որոշումներին` առաջին հերթին մատնանշելով այն, որ ծրագրերի իրականացման դեպքում մենք կկորցնենք  քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը` 37 միլիարդ խմ, կկորցնենք այլ ջրային աղբյուրները, որոնց գոյությունն ապահովված է Սեւանա լճի բարձր մակարդակի շնորհիվ:

Այս ծրագրերի իրականացման դեպքում առավել դժվարին իրավիճակում կհայտնվեն Գեղարքունիքի մարզի բնակիչները: Սեւանն այս տարածքի ժողովրդի եկամտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ջրի և ձկան համար:

Ե՛վ հասարակությունը, ե՛ւ Գեղարքունիքի, Արարատի եւ Արմավիրի բնակիչները համոզված են, որ Սեւանա լճից ջրբացթողումների ավելացումը պետական շահ չի հետապնդում, որ Արարատյան դաշտի ջրային պաշարների դեֆիցիտը ուղղակի առիթ է Սեւանա լճից ջրբացթողումներն ավելացնելու համար, ինչն իրականում պայմանավորված է առանձին անհատների սեփական շահով:

Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին կառավարությունը մերժում է ոռոգման նպատակով Սեւանա լճից ջուր տրամադրել` պատճառաբանելով, որ Սեւանի ջրի մեկ կաթիլն անգամ ոսկու արժեք ունի, և, որպես հայ, բնակիչները պետք է հասկանան, որ Սեւանա լճի ջրի հետ գործ չունեն:

Սեւանա լճում իշխանի պաշարների  վերականգնման համալիր ծրագիրը  ո՛չ բնապահպանական, ո՛չ տնտեսական գիտական հիմքեր չունի, հակառակը, այն վտանգում է Սեւանա լճի ջրի որակը եւ  կեսաբազմազանությունը:

Երկու ծրագրերն էլ հակասում են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին:

Երեւանի, Գեղարքունիքի մարզից հասարակության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, բնապահպանության նախարարության, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, իսկ մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` կապված Սեւանա լճի հիմնախնդիրների հետ:  Նամակներ են ուղղվել ՀՀ Նախագահին, կառավարությանը եւ Ազգային ժողովին: Նամակներում բերվել են փորձագիտական գնահատականներ, հիմնավոր փաստարկներ այս ծրագրերի ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկներ այդ ռիսկերի մեղմացման ուղղությամբ: Եվ այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, չնայած հասարակության հետ կոնստրուկտիվ երկխոսության խոստումներին, անտեսեց բոլոր հիմնավորումները, անկախ փորձագիտական գնահատակնները եւ չընդունեց եւ ոչ մի առաջարկություն:

Հաշվի առնելով այն, որ Սեւանա լիճը ունի կենսական նշանակություն, մենք դիմում ենք Ձեզ` որպես ՀՀ նորանշանակ վարչապետի, կանգնեցնելու այս ծրագրերը եւ անցկացնելու արտաքին անկախ  փորձաքննություն` ներգրավելով միջազգային փորձագետների, օրինակ, ԵԱՀԿ-ի ENVSEC ծրագրի շրջանակներում, որի հետ ակտիվորեն համագործակցում է կառավարությունը:

Եթե ծրագրերը չկանգնեցվեն, ապա Սեւանա լճի փրկության համար Գեղարքունիքի մարզի բնակիչները եւ հասարակությունը պատրաստ է դիմել ակտիվ գործողությունների»:

ԷկոԼուր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին