▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպատասխան սիրո սևազգեստությունը

Մի ազատամարտիկ ընկեր ունեի` աստված հոգին լուսավորի:
Գարունը շատ էր սիրում, գարնանն էլ հերոսի մահով ընկավ:
Կյանքում մի անգամ էր սիրահարվել:
Աղջկան գժի պես սիրում էր, ասում էր` երազում եմ նրա համբույրին արժանանալ:
Էդպես էլ համբույրի չարժանացավ, որովհետեւ հավերժի ճամփորդ դարձավ Ղարաբաղի գողտրիկ մի անկյունում` արնաքամ եղած սրտի վրա պինդ պահելով էն աղջկա նկարը, որին համբուրելը երազանք էր դարձրել:
Հա, մեկ էլ էն նամակը, որ վախելով տվել էր աղջկան, սևագիրն էլ պահում էր` միամիտի պես հուսալով, որ ինչքան երկար պահի գրած նամակը` էնքան շուտ պատասխան կստանա:
Հրաժեշտի պահին նայում էի նրա երիտասարդ, բայց իմաստնացած դեմքին: Ամեն բան խառնված էր իրար. հայրենիքի հանդեպ նվիրում, կիսատ գարնան դառնություն, կարոտած աչքեր, սիրած աղջկա համբյուրին կարոտ շուրթեր...
...22 տարեկան հասակում դժվար է մարդու մեջ խտացնել այն, ինչ կոչվում է սեր ու անավարտություն, չվերջացած գարուն ու անկոչի պես եկած աշուն, չսերտված երիտասարդություն ու գիտակցված մահ:
...Ընկերոջս մահից շաբաթներ էր անցել փողոցում մի աղջկա տեսա` սևազգեստ: Դեմքը ծանոթ էր: Հիշեցի` էն մերժող աղջիկն էր:
Ձայն տվեցի, արտասվեց:
Հասկացա, որ ինքն էլ կորցրել է իր կյանքի համբյուրը ու շտապում է Եռաբլուր` սիրային էն նամակի պատասխանը տալու...

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին