▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի նկատառում կառավարման եւ ընտրական համակարգերի վերաբերյալ

Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի հաղորդում էի դիտում, որի ընթացքում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսում էր ընտրական համակարգի իր պատկերացումների մասին:
Անկախ նրանից` ինչքանով եմ ընդունում Հայրիկյանի մոտեցումները, նրանից շնորհակալ եմ` քաղաքական դաշտում նման դիսկուրս առաջացնելու համար:
Ես կարծում եմ, որ կառավարման գործող համակարգն արդյունավետ է, ու դրանում կարող ենք համոզվել, եթե ընտրական ինստիտուտները լիարժեքորեն գործեն:
Այս պահին նախագահի իշխանությունը բացարձակ է թվում, բայց այստեղ ոչ թե սահմանադրության կամ կառավարման մոդելի մեղքն է, այլ այն իրողության հաստատումը, որ գործող նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը նույն կուսակցությունն են ներկայացնում ու վարչապետին, անկախ անձից, վերապահվում է, այսպես կոչված, տեխնիկական գործառույթ:
Սակայն, եթե նախագահը ու խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնեն տարբեր կուսակցություններ, ապա կառավարման համակարգում մեծանում է վարչապետի դերակատարությունը: Դա է գործող սահմանադրության տրամաբանությունը: Այլ բան, որ այդ տրամաբանությունը դեռևս չի գործարկվել:
Հիմա գանք մեծամասնական-համամասնական ընտրակարգի խնդրին:
Գործող խառը համակարգն ապացուցել է իր խոցելիությունը:
Բացառապես համամասնական ընտրակարգին անցումը հեշտացնելու է ընտրությունների կեղծումը, որովհետեւ հեշտ է մեկ կենտրոնից ուղղորդումը:
Չկայացած քաղաքական համակարգերում` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը նաև հանգեցնելու է կոռուպցիոն երևույթների արմատավորմանը, ներկուսակցական ավտորիտարիզմի խորացմանը:
Սխալ է նաև միայն մեծամասնական համակարգով ընտրությունների անցկացումը. դա էլ բերելու է ընտրատարածքների ֆեոդալականացմանն ու խորհրդարանի օլիգարխացմանը:
Անհրաժեշտ է համադրել համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը, կիրառել բազմամանդատ օկրուգների գաղափարը:
Հարկավոր է երկիրը բաժանել 43 ընտրատարածքի. յուրաքանչյուր ընտրատարածքից ընտրվում են երեքական, երկուսում՝ չորսական պատգամավոր:
Այս համակարգը կօգնի, որպեսզի ընտրողների ձայները հնարավորինս քիչ փոշիանան, երկրում ձեւավորվեն երեք-չորս լուրջ կուսակցություններ, որոնց աշխարհագրությունը Երևանից կտարածվի մարզեր:
Ընտրատածաքների փոքրացումը հանգեցնելու է նրան, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող մարդիկ ևս կարող են մասնակցել ընտրություններին եւ հաղթանակ տանելու շանս ունենալ: Այսպիսով՝ փոքրանում է նաև օլիգարխիկ ռեսուրսի ազդեցությունը:
Սրանք ընդամենն առաջարկներ են. ուրախ կլինեմ, եթե դրանք հարստացվեն նոր գաղափարներով:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին