▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերահաստատվեց երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում և համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները:

Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը`  ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը հիմնովին  բարեփոխելու անհրաժեշտությունը:

Ժողովն արձանագրեց, որ կուսակցության` համակարգային փոփոխություններ երաշխավորող քաղաքական, տնտեսական առաջարկությունների փաթեթը շարունակելու է մնալ իշխանությունների և քաղաքական ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում:

Շեշտվեց, որ Գերագույն մարմինը պետք է առավելագույնն անի որակական փոփոխություններով  ազգային պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու նպատակների շուրջ քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբում ձևավորելու համար:

Ժողովը կուսակցության շարքերը երիտասարդացնելու, ժամանակակից արդյունավետ մեթոդներով գործելու, ժողովրդային լայն շրջանակներին բացվելու, անկախության սերնդի մոտ ազգային մտածողություն արմատավորելու խնդիր առաջադրեց:

Վերահաստատվեց երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը: Կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրերի ներկայացմամբ:

Արդարության հաստատումը, ՀՀ քաղաքացիների ազատ, արժանապատիվ կյանքի երաշխավորումը, ինքնիշխանության սահմանափակումներ թույլ չտալը, աղետալի արտագաղթի կասեցումը, աղքատության նվազեցումը, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորումը, Հայ դատի և ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը շարունակելու են մնալ կուսակցության գործունեության գերակա ուղղությունները:

Ելնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակից` ժողովը վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ապրիլի 17-ի հայտարարության հիմնական դրույթները»:

 

 

                                ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով

     Աղվերան

     20 ապրիլի 2014թ          

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին