▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք էլ ենք մարդ

 

Վերջին օրերին, լրատվական տարբեր կայքերից հնչում է ինձ ուղղված միևնույն հարցը,կապված` նախարարների վերադասավորումների կամ նշանակումների հետ:Նախ,շնորհակալ եմ կարծիքս հաշվի առնելու,գնահատելու համար,և որպեսզի ստիպված չլինեմ ամեն անգամ կրկնվելու...ևս մեկ անգամ ձևակերպեմ պատասխանս:

Որևէ սենսացիոն միտք ինձանից ակնկալել հարկավոր չէ:Ես չեմ պատկանում այն արկածախնդիրների թվին,ովքեր էժան միջոցներով անուն հանելու բարդույթներով են տառապում:

Վաղուց,շատ վաղուց ապրել և ապրում եմ` քաղաքացու, պետության, հայրենիքի, ընկերոջ, ավանդույթների ու արժեքների պահպանման` հին էրևանցուն հատուկ գաղափարներով և ինձ համար առաջնահերթությունը մշտապես` հանրայինն է եղել:Ուստի և մոտեցումներս բխել են ելնելով,բացառապես` հանրայինի շահերից,քանզի համարել և համարում եմ,որ որևէ խոհեմ ու արժեքներ դավանող մարդու համար,սեփական փառքն ու դափնիները ոչինչ են,եթե շուրջ բոլորը` քաոսային ու աղքատության մեջ ընկղմված իրականություն է տիրում: Ասացեք, խնդրեմ, որ խելամիտ մարդը կարող է այդպիսի պայմաններում վայելքներով ապրել / ընդգծում եմ` ԽԵԼԱՄԻՏ... /:

Ուրեմն` այսպես.

անձերի փոփոխություննրը, իրավիճակի լիարժեք առողջացման գործոն հանդիսանալ չեն կարող:Միամտություն է,որպես ստեղծված իրավիճակի մեղավորներ ճանաչել` այս կամ այն պաշտոնիային: Համակարգը,որի հիմքին կառուցել ենք մեր անկախ պետականությունը,ի սկզբանե,կոչված չի եղել ծառայելու մեր ազգային գաղափարների շահերի իրականացմանը: Այն ծառայել է բացառապես` սեփական շահերի համար...

Արդյունքում,համատարած քաոսային իրավիճակ է:Վերացել է մեծի ու փոքրի,հեղինակության ու շարքայինի,սեփականի ու հանրայինի,ու էլի շատ-շատ կարևոր սահմանումների նշանակությունն ու կարևորությունը:Խզվել է կապը` ազգային արժեքների և դրանք սրբորեն պահպանելու,կիրառելու քաղաքացիական պարտավորությունների միջև:Կարճ ասած,մեր իրականությունն այսօր սեփականից այն կողմ ոչինչ չճանաչող միավորի է վերածվել,ինչը նույնն է,թե կոչենք` մասնատված ու ինքնահոսի...

Այսպիսի իրավիճակում,թեկուզև,հաջողված անձերի վերադասավորումներն ու փոփոխությունները, էական արդյունքների հանգեցնել չեն կարող:Գուցե,լինեն որոշակի բարելավումներ, բայց բարոյահոգեբանական և կենսական այլ խնդիրներ, միևնույն է, իրենց ցանկալի լուծումը չեն կարող գտնել:

Բացթողումների ժամանակահատվածն այնքան աղետալի է,որ մեր փրկությունը միայն` կորսված արժեքների վերականգնման և համակարգային անհետաձգելի փոփոխությունների անհրաժեշտության հրամայականն է:

Վերաձևավորվող աշխարհի անկանխատեսելիության մեջ,միմիայն` կիրթ ու գրագետ,ազգային արժեքներ դավանելու և դրանք խստորեն կիրառելու, հարգելու, սրբացնելու ծրագրերի իրականացումներով է հնարավոր պահպանել սեփական ինքնությունն ու ապրելու իրավունքը:

Եվ մի բան էլ.

մշակույթի նախարարի փոփոխությունից ենք խոսում,առանց ինքներս մեզ հարց տալու, թե` որ մշակույթի մասին է խոսքը...եթե «շոու բիզնես» կոչվածի, ուրեմն ինձ համար լրիվ միևնույնն է, փոխվեց` նախարարը, թե` մնաց նույնը...

Կարծես` կոտորվել ենք մշակութային արժեքներ պահպանելով: Ով է հիմա լսում կամ հարգում հեղինակությունների:

Աստված մի արասցե, եթե զզվելի դարձած ու չփոփոխվող այս իրավիճակը, մի օր էլ` արվեստի ու մշակույթի նվիրյալների դռները բախի, արտագաղթելու որոշումը ձեռքին...

Մենք էլ ենք` մարդ...

 Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին