▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարդալ իմացող ամեն մեկը դեռ գրքի խմբագիր չէ

Հիմա գիրք բավական շատ է հրատարակվում: Թափելիքը չհաշված՝ երևույթն ինքնին լավ է, շատ-շատ լավ է, որովհետև խոտան-աղբը թափելուց հետո տակը հաստատ կարգին գրքեր մնում են:

Իսկ որ այդ խոտան-աղբը մեխանիկորեն դուրս է մղվելու, կասկած չունեմ:

Բայց մի երևույթ անկեղծորեն՝ եթե չասեմ զայրացնում, ապա գոնե զարմացնում է:

Չգիտեմ՝ հեղինակների, թե առանձին հրատարակիչների (գոնե արտասահմանյան գրականության ու դասականների դեպքում՝ հաստատ հրատարակիչների) խնայելը հաճախ բռնում է սրբագրության վրա:

Կազմերը՝ ճոխ, դիզայնը՝ ճոխ, թուղթը՝ ճոխ, բավական գումարներ արժեն ու թող արժենան, ոչ ոք դեմ չէ:

Դրանց համար գումար խնայելը հատկապես բիզնես տեսակետից համարվում է գրեթե սրբապղծություն:

Բայց այն, ինչին ուզում եմ ուշադրություն դարձվի, նույնքան էական է: Գրքեր կան, գնում ես, ուզում ես կարդալ ու... սկսվում են տոննայով սխալները:

Հատուկ չեմ նշում ՎՐԻՊԱԿ բառը, քանզի 1-2 վրիպակ ամեն գրքում կլինի:

Տասնյակ վրիպակների հետ բազմաթիվ կոպիտ սխալներ կան, անգրագետ սխալներ, անընդհատ կրկնվող, երբեմն միտքն աղավաղող սխալներ (կետադրության մասին խոսելն անիմաստ եմ համարում):

Հեղինակներ ջան, հրատարակիչներ ջան, գրքի սիրունությունից, հենց բովանդակությունից պակաս կարևոր չէ գրագետ, մաքուր շարվածքը, ուստի խնդրում եմ՝ մեկ-մեկ էլ դրան ուշադրություն դարձրեք:

Ինչ վերաբերում է թարգմանություններին ու դրանց խմբագրմանը, սա արդեն այլ խոսակցության նյութ է:

Այս դեպքում երբեմն այնպիսի տեքստերի կարելի է հանդիպել, որոնց մոտ «Սուրբ կիրակիի տոն»-ի կամ «Օ հինգ»-ի կարգի թարգմանություններն ուղղակի վրիպակներ են:

Ժողովուրդ ջան, ախր ամեն բանասիրական կրթություն ունեցող դեռ սրբագրիչ չէ, օտար լեզվին տիրապետող ամեն ոք դեռ թարգմանիչ չէ, կարդալ իմացող ամեն մեկը դեռ գրքի խմբագիր չէ:

 

Արտակ Ճաղարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին