▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր Խաչը տեսակցել է ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, բարի կամք դրսեւորելով, հաշվի առնելով փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնեւի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաեւ քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջեւ, դիմել է Ադրբեջանի Հանրապետության՝ ԼՂՀ տարածքում ձերբակալված քաղաքացիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է:

Հանդիպումը կայացել է այսօր՝ հուլիսի 26-ին: Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու եւ մի շարք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի եւ քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, եւ մեկ ծանր վիրավոր:

Հենվելով ունեցած եւ արդեն հրապարակված տվյալների վրա՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որեւէ մեկին: Հաստատված համարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այդ անձանց թշնամական գործողությունները եւ հենվելով Ժնեւի 4-րդ կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա՝ հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում նաեւ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի կոնվենցիան, միաժամանակ վստահեցնում, որ նրանց նկատմամբ դրսեւորվում է մարդասիրական վարվելակերպ՝ Ժնեւի 4-րդ կոնվենցիայի 3-րդ մասով սահմանված նորմերի շրջանակներում, եւ հետագայում էլ, քրեական հետապնդման ժամանակ, նրանք օգտվելու են արդարացի դատաքննության իրավունքից:

Ինչ վերաբերում է խմբի երրորդ՝ սպանված անդամին, Պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում անձը պարզելուց եւ քննչական գործողությունների ավարտից հետո Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում եւս: ԿԽՄԿ-ն կարող է զգալի արագացնել գործընթացը՝ այդ անձի ինքնությանը վերաբերող պաշտոնական հարցում ուղղելով Ադրբեջանի Հանրապետությանը եւ հավաստի տեղեկատվություն ստանալով:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին