▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին զինվորական հիմնարկությո՞ւն է, թե՞ բյուրոկրատական կառույց

«Ղողանջ տագնապի» տեսանյութը կրկին դիտելուց հետո ես վերապրեցի այն ցավը, որը ձեռք ձեռքի բռնած պատճառեցին մեզ Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ. Ներսիսյանն ու իր եղբայրը` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսյանը։

Եզրաս Սրբազանը իր իսկ բառերով արտահայտեց այն միտքը, որ ինքը պատրաստ է ոչ միայն 350 հոգի, այլև 3 միլիոն հավատացյալ զոհաբերել` եկեղեցում «կարգ ու կանոն» հաստատելու համար։ Հետաքրքիր է` նա ինքն իրեն հարցնո՞ւմ է, թե ինչ է ասում, ո՛ր հոգիներին է զոհաբերում և ո՛ւմ։

Սրանով Եզրաս Սրբազանը հաստատում և միաժամանակ բարձրորեն գնահատում է Տեր Մարտիրոսին` որպես երեք միլիոն հավատացյալների հոգևոր առաջնորդ, միայն թե ազատվի նրա նման ազնիվ, հավատացյալ և արժանավոր քահանայից։ Տեր Մարտիրոսը խանգարում էր Սրբազանին եկեղեցում «կարգապահություն» հաստատելու գործում. ասես պիոներական ճամբար լինի: Տեր Մարտիրոսն ինչքա՜ն թանկ արժե համայնքի համար, Առաջնորդը դա շատ լավ է հասկանում` հաստատելով իր իսկ խոսքերով։ Մարդուն և հատկապես Աստծու ծառային գնահատում է իր հովված հավատացյալների հոտը, համայնքը։ Քահանան ստորագրո՞ւմ է ներկա-բացակայի «աշակերտական» տետրակում, թե` ոչ, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Նա շուրջօրյա քահանա է։ Ի՞նչ է` եկեղեցին զինվորական հիմնարկությո՞ւն է, թե՞ բյուրոկրատական կառույց։ Ի՞նչ է` աշխատանքային ութժամյա օրը ավարտվելուց հետո քահանան այլևս պետք է չծառայի՞ ժողովրդին` ասելով, որ իր աշխատանքային ժամն ավարտված է։ 

Եթե քահանան երեկոյան ուշ ժամի հիվանդի կողքին է կամ որևէ ընտանիքում, որը խնդիրներ ունի, որտե՞ղ պետք է նա գրի կամ ստորագրի, կամ ինչպե՞ս կարող է հաշիվ տալ Եզրաս Սրբազանին իր գործունեության մասին։

Ի դեպ նշեմ, որ Տեր Մարտիրոսը իր ծառայությունն անարծաթ է իրականացրել, նա անշահախնդիր քահանա է, ինչը կարող են վկայել բոլոր նրանք, ովքեր առնչվել են նրա հետ։ Տեր Մարտիրոսը իր  ծառայության համար Դատաստանի օրը հաշիվ է տալու Քրիստոս Տիրո՛ջը և ո՛չ թե Եզրաս Սրբազանին: Աստծուն նաև հաշիվ են տալու Գարեգին կաթողիկոսը, Եզրաս սրբազանը, ողջ հոգևորականաց դասը, նույնիսկ եթե իրենց մեջ գտնվեն մարդիկ, ովքեր չեն հավատում Ահեղ Դատաստանին։

Մի փոքրիկ միջադեպ Տեր Մարտիրոսի առօրյայից։

Տղաս, որպես զինվորական, բուժվում էր Մերձմոսկովյան Նիկոլսկի զինվորական հոսպիտալում : Նրա հետ նույն պալատում բուժվում էին նաև պատերազմի վետերան երկու զինվորներ: Վերջիններս, լսելով թոռնիկիս` Ալինայի հրաշքով բժշկության մասին, հավատքով են լցվում մեր Առաքելական սուրբ եկեղեցու նկատմանբ և խնդրում տղայիս, որ Տեր Մարտիրոսն իրենց այցելի և Սուրբ Հաղորդություն տա: Տղայիս խնդրանքով առանց տատանվելու Տեր Մարտիրոսը նույն օրը` երեկոյան ուշ ժամին, գալիս է հոսպիտալ ու քարոզելով զինվորներին և բացատրելով, թե ինչպես պետք է մոտենալ Սուրբ Հաղորդությունն ընդունելու համար, հանձնարարում է պատրաստվել հաջորդ առավոտ ստանալու Սուրբ Հաղորդություն. և աղոթում է։ Հաջորդ օրվա առավոտյան` շատ վաղ, քանի դեռ նրանք դեղորայք չէին ընդունել, Տեր Մարտիրոսը դարձյալ գնում է հոսպիտալ և Սուրբ Հաղորդություն է տալիս զինվորներին` առանց որևէ նյութական ակնկալության։

Այսպիսի այցելություններն անհաշիվ են: Տեր Հայրն ասում է, որ քահանայի պարտքը հավատքով աղոթելն է և Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդվելն է: Մնացածը Աստծու կամքն է. եթե Տերը կամենում է, օգնում է։ Հավատացյալ ժողովուրդը լավ է ճանաչում իր հոգևոր հովվին, շատ լավ է ճանաչում նաև թեմի Առաջնորդին։

Հարգելի՛ կաթողիկոս և Եզրաս Սրբազան, ինչո՞ւ առիթ տվեցիք, որ հավատացյալ ժողովուրդը գրիչ և բարձրախոս վերցնի ու հրապարակայնորեն բարձրացնի այսպիսի հարցեր։ Ի՞նչ է` մե՞նք պետք է ձեզ հուշենք, թե ո՛ր քահանան է արժանավոր, իսկ ո՛րը` ոչ։ Ինչո՞ւ եք հավատացյալ ժողովրդի կողմից սիրված և գնահատված քահանաներին խլում ժողովրդից` ապօրինաբար կարգազուրկ անելով նրանց ի գին վրեժխնդրության ու նախանձի։ Իսկական պատճառը ոչ միայն դուք, այլ նաև մենք էլ քաջ գիտենք. չէ՞ որ ժողովրդի աչքից ոչինչ չի վրիպում, ինչպես նաև ձեր ծածուկ մտադրությունները, չար դիտավորությունները, եկեղեցականին անհարիր ընթացքը։

Աղոթում և աղերսում ենք Աստծուն, որ կա՛մ Երկնավոր Հայրը ձեզ դարձի բերի, որպեսզի ապաշխարությամբ արժանանաք մեղքերի թողությանն ու Երկնքի Արքայությանը, կա՛մ էլ, եթե պիտի համառեք դարձի չգալ, վարձատրի ձեզ ըստ արժանվույն և մի հավատացյալ ու սրբակենցաղ հայրապետ պարգևի հայոց տառապած ազգին` փրկվելու այս գահավիժող անդունդից։

Ալինա Գրիգորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին