▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաշխարհային բժիշկը



Ահա ձեզի հիվանդանոց մը, որ կկոչվի Եվրոպա։

Քով-քովի անկարգ ձևերով գետնի վրա տարածված են պետությունները, ամենքն ալ փորացավե մը բռնած՝ կմռռան, կգալարվին։ Այս բազկատարած գալարումներուն ատենն է, որ իրարու քիթը կարյունեն կամ մեկի աչքը կհանեն, և ասիկա դիվանագիտական բարբառով «կոնֆլիկտ» կկոչվի։ Վա՜յ է, թե մեկը մեռնի այդ դժբախտ հիվանդներեն. իսկույն անոթի գայլերու նման վրա կհասնեն, ինչ ձեռքն իյնա՝ բերանը կխոթեն։

Այս հիվանդանոցի հսկող միակ սրտացավ բժիշկը Ամերիկան է, որուն տունը թեև շատ հեռու է, բայց Երևանի բժիշկներուն նման կառք չի պահանջեր քեզմե, ան իր նավը կհեծնի կուգա։ Իբրև վիզիտի վարձ ոսկի կուզե, բայց ավելի շատ նավթ կառնե։ Գրեթե նավթի ամանը միշտ ետւը կախած կպտտի. մեկին գործ մը տեսավ թե չէ՝ իսկույն «Խնդրեմ ամանս լեցուր» կըսե։

Հենց այս րոպեիս, որովհետև երկու նավ է ղրկեր Բոսֆոր, խոշոր նավթի տակառ մը ունի տնկած Լոզանի կոնֆերանսին կիպ մեջտեղը սա վերտառությամբ, թե «Մոսուլի նավթը որուն իյնա, նա տակառը պիտի լեցնե»։ Ու պետությունները շվարած մեկ հսկա տակառին կնային, մեկ Մոսուլի նավթին և ոչ մեկը սիրտ չի ըներ հանքերը վերցնել։

Աշխարհի բոլոր «կոնֆլիկտները» Ամերիկայի դեղահատովը կլուծվեն ու դեղահատը բաղկացած է 2 անգլիական կարծիքե, մեկ ու կես ֆրանսիական, մեկ իտալական՝ լուծված երեք բաժակ ամերիկյան կարծիքի մեջ։

Բայց Ամերիկան, սա համաշխարհային բժիշկն ալ զերծ չէ հիվանդութենե։ Ուրույն հիվանդություն մը ունի, որ Մոնրոյի օրենք կըսվի ու հաճախ անկողինը կնետե զինքը։ Այս հիվանդությունը, նկատված է, որ կբռնե Ամեիկային այն պահերուն, երբ աղքատ, նավթազուրկ հիվանդի մը վրա կկանչվի։ Այսպես, երբ չորս տարի առաջ, կեսգիշերին հանկարծ Հայաստանին սանճին բռնեց և անկախություն կուզեր, 14 անգամ մարդ ղրկեց Ամերիկայի ետևեն՝ չեկավ, չեկավ առարկելով թե Մոնրոն պատվիրեր է տունեն դուրս չելնել։ Իսկ այսօր, երբ Անգլիան կկանչի Մոսուլի նավթը կիսելու՝ քրտնաթաթախ, ոտաբոբիկ, փանթալոնին կոճակները վեր ձգելով կվազե, դեմն ելած Մոնրոյի օրենքը ոտով գետինը գլորելով…

Լեռ Կամսար

1922թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին