▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցիկի և տգեղի ձուլումից վերջում հաղթողը միշտ գեղեցիկն է

Գեղեցիկ, հանճարեղ ստեղծագործությունները, որոնք մարդկային մտքի և անկեղծության, տաղանդի վկայություններն են, հայտնում են այն ամենի մասին, ինչ հնարավոր է ասել մարդու և աշխարհի վերաբերյալ առհասարակ…Բայց, այդ ստեղծագործությունները միաժամանակ նաև հասկացնում են, որ մեզ համար անհասկանալի, անիմանալի ինչ-որ բան էլ կա, որն անտեսել ու մոռանալ չի կարելի…

Ամեն գլուխգործոց, ամեն տաղանդավոր ստեղծագործություն խորհրդավորության այդ գիծն ունի: Միշտ մտածելու, խորհելու, գլխապտույտ առաջացնող զգացում ապրելու նման մի բան: Արվեստն առհասարակ մարդկանց ցույց է տալիս իրենց գոյության իմաստը: Նրանց համար հայտնաբերում է կյանքի իմաստը, լուսաբանում է նրանց ճակատագիրը, հետևաբար նաև նրանց կողմնորոշում է կյանքում:

Արվեստագետներն ու մտածողներն առհասարակ, նման են անսահմանորեն նուրբ ու հնչեղ քնարների, իսկ այն ելևեջները, թրթռումները, որ կորզում են նրանցից յուրաքանչյուր ժամանակաշրջանի հանգամանքները, ներթափանցում են մնացած բոլոր մահկանացուների մեջ:

Դա նման է կարծես հոգևոր հոսքի, ցայտման, որ տարածվում է հազարապատիկ ջրվեժներով, մինչև ծփացող մեծ մակերևույթ դառնալը, որ ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի մտածողությունը…Արվեստը մարդու վեհագույն առաքելություններից է, քանզի մտքի գործադրությամբ ջանում է հասկանալ աշխարհը և ճանաչելի դարձնել այն:

Արվեստը հոգու, մտքի ցոլանքն է, արվեստը նաև ճաշակ է…Դա մարդկային հոգու ժպիտն է, մտքի ու զգացմունքի հմայքը` միաձուլված այն ամենին, ինչ ծառայում է մարդկանց: Շատերն ասում են` ինչը օգտակար է, կարիք չունի գեղեցիկ տեսքով հանդես գալու: Իսկ առանց գեղեցկության օգտակարս ո՞րն է...

Գեղեցիկի և տգեղի ձուլումից վերջում հաղթողը միշտ գեղեցիկն է…Աստվածային օրենքով Բնությունը շարունակ վերադառնում է լավագույնին, անընդհատ կատարելության է ձգտում և ստեղծում ամենագեղեցիկը, ամենալավը, ամենակատարյալը…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին