▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկատվական դարաշրջանի զոհերը

Տեղեկատվական տեխնոլոգիաներ... տեղեկատվական դարաշրջան... տեղեկատվական հասարակություն... ամեն օր լսում ենք այս արտահայտությունները, բայց տեղեկատվությունն առհասարակ ի՞նչ է: 
Օրինակ բերեմ տառերի վրա. տառերն ինֆորմացիա չեն այնքան ժամանակ, քանի դեռ չկա նա, ով կարողանում է տառերի այդպիսի դասավարության մեջ իմաստ տեսնել: Եթե ճապոներեն գրված տեքստ վերցնեք, դա ձեր համար ինֆորմացիա չէ, քանի որ չենք կարողանում այն կարդալ, չունեք լեզվական այդ ձևերին (տառերին, իերոգլիֆներին) իմաստ հաղորդելու, իմաստավորելու բանալին: Ուրեմն, ինֆորմացիան հայտնվում է միայն այն ժամանակ, երբ կա կարդացողը, իմաստավորողը, ապակոդավորողը:

Կիբեռնետիկայի հիմնադիր Ն.Վիները սահմանել է այսպես. «Տեղեկատվությունն այն ազդակն է, որին սպասում էին»: Այստեղ է տեղեկատվությունը հասկանալու հաջորդ գաղտնիքը: Մարդիկ սխալվում են, երբ փորձում են շատ բան իմանալ: Շատ բան իմանալ սկզբունքորեն հնարավոր չէ, քանի որ ինչքան էլ շատ իմանաս, քո չիմացածը դրանից շաաաատ ավելի շատ է լինելու: Այսինքն, միշտ կարելի է, կրկնելով Սոկրատեսին, ասել «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ», քանի որ իմ իմացածն իմ չիմացածի նկատմամբ այնքան քիչ է, որ ստավում է, որ մարդ միշտ ավելի շատ բան չգիտի, քան գիտի: Ուրեմն, շատ իմանալն անիմաստ է: Իսկ այդ դեպքում ի՞նչ անել: Իրականում պետք է ոչ թե շատ բան իմանալ, այլ այդ շատից իմանալ անհրաժեշտը, պետքականը: Ահա այստեղ է բացվում «Տեղեկատվությունն այն ազդակն է, որին սպասում էին» արտահայտության իմաստը. մարդու համար տեղեկատվություն է այն ինֆորմացիոն ազդակը, որին նա սպասում էր, որի կարիքը նա ուներ, որը նրան պետք էր ինչ-որ բան հասկանալու կամ անելու համար:

Օրինակ. եթե ես այսօր իմացա, որ աշխարհում կա X քանակությամբ լեզու, դա ինձ բացարձակապես ոչինչ չասեց. երեկ էլ չգիտեի, այսօր էլ որ իմացա՝ վաղվա օրս դրանից չփոխվեց: Բայց եթե այդ տեղեկատվությունը լսում է լեզվաբանը, ով կարող է այդ ինֆորմացիան օգտագործել՝ հետևություններ անել, հետազոտություն անցկացնել՝ հասկանալու համար աշխարհում լեզուների պակասելու կամ ավելանալու պատճառները և այլն, ապա դա նրա համար տեղեկատվություն էր, որովհետև պետքական նյութ էր պարունակում: Կամ, երբ ես ամեն օր լսում եմ, թե քանի ՃՏՊ է տեղի ունեցել հանրապետությունում: Էհ, ի՞նչ, այդ ինֆորմացիան ու՞մ է պետք. ոստիկաններին, սոցիոլոգներին, համայնքային ղեկավարներին, բայց ոչ՝ հեռուստացույցի կամ համակարգի առջև նստած և այդ կատեգորիաների մեջ չմտնող մարդուն, քանի որ ինքն այդ տեղեկատվությունն օգտագործելու հնարավորություն չունի:

Դուք կարող եք ասել, որ իմանալն ամեն դեպքում վնաս չէ: Ահա այստեղ է թաքնված տեղեկատվության էությունը հասկանալու երրորդ գաղտնիքը. շատ բան իմանալը վնաս չէ, եթե դու կիրառում ես իմացածդ, մտածում ես դրա մասին, ենթադրություններ ու եզրակացություններ են անում այդ տեղեկատվությունից: Իսկ եթե դա ընդամենը ծանրաբեռնում է մարդու գիտակցությունը, մտածողությունը և հիշողությունը, ապա վնաս է, իրոք վնաս է: Ինչպես շատ սնունդն է վնաս, որից օրգանիզմն արդեն չի կարողանում վերցնել անհրաժեշտն ու պիտանին, այնպես էլ շատ ինֆորմացիան է վնաս:

Հիմա ամենակարևորը. տեղեկատվությունը կարող է վիրուսի դեր խաղալ, մտնել մարդու մեջ, տեղ զբաղեցնել մտածողության ու հիշողության մեջ և չթողնել, որ այդ մարդուն անհրաժեշտ և պիտանի ինֆորմացիան մտնի նրա գլուխը: Չե՞ք զգացել, որ հեռուստացույցի առջև կամ սոց.ցանցերում երկար նստելուց հետո շատ դժվար է կենտրոնանալ պիտանի և անհրաժեշտ աշխատանքի վրա, քանի որ ուղեղը լցված է ավելորդ, ուրեմն՝ անպինան և վնասաբեր տեղեկատվությամբ: Որոշակի ժամանակ է պետք, մինչև ուղեղն այդ տեղեկատվական աղբը մշակի, մեծ մասը ջնջի, մի մասն էլ ուղարկի հիշողություն, դրանից հետո նոր մարդ կարող է մտածել իր գործի ու կյանքի մասին:

Հ.Գ. Մարդ եթե կենդանի է, դեռ չի նշանակում, որ զոհ չէ. մեծ հավանականությամբ նա տեղեկատվական վիրուսի զոհ է, պարզապես չգիտի դրա մասին:

 

Մովսես Դեմիրճյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին