▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը պարգևատրել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը պարգևատրել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին հիրավի մարդասիրական և կյանք փրկող իր գործունեության 15 ամյակի առիթով:

Արարողության ժամանակ քաղաքապետարանի խորհրդի անդամ՝ Փոլ Գրեգորյանը հանձնեց պարգևը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանին և հիմնադրամի մյուս ներկայացուցիչներին: Իր ելույթում Փոլ Գրեգորյանն ասաց. «ՈԴՀՌ բարեգործական հիմնադրամը ահռելի աշխատանք է կատարել կյանքին սպառնացող հիվանդություններով տառապող հայ հիվանդների փրկության և բուժման համար: Ինձ համար մեծ պատիվ է պարգևատրել նման կազմակերպությանը 15 ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բոլոր կամավոր դոնորներին, որոնք մեծ հույս են ամբողջ աշխարհի հիվանդների համար”: Միջոցառմանը ներկա էր նաև Լոս Անջելեսի Քաղաքային Խորհուրդի նախագահը, ՈԴՀՌ բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ տիկին Բելլա Քոչարյանը, գործադիր տնօրեն պարոն Սևակ Ավագյանը և հիմնադրամի խորհրդի այլ անդամներ:

Իր խոսքում դոկտոր Ջորդանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի անունից մեծ շնորհակալություն հայտնեց Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդին, խորհրդի անդամ՝ Փոլ Գրեգորյանին և համառոտ ներկայացրեց ռեեստրի խոշոր ձեռքբերումներն ու նպատակները: «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը վստահեցնում է, որ կյանքին սպառնացող արյան հիվանդություն ունեցող հիվանդն այսուհետ կունենա ապաքինվելու շատ ավելի մեծ հնարավորություն: Մեր հիմնադրամը առաջարկում է բոլորին դառնալ դոնոր և մասնակցել այս մարդասիրական գործին»:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում:

Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է մոտ 26.000 դոնոր: Ռեեստր դիմած 2985  հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին