▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվանից օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը.Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերին

«Այսօրվանից օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը: Արևադարձային օդային հոսանքները նահանջում են դեպի հարավ` տեղը զիջելով արկտիկակական զով օդային հոսանքներին: Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի մեկը ՀՀ տարածքում կնվազի 4-5 աստիճանով: Վաղը և սեպտեմբերի մեկին ջերմաստիճանը չի գերազանցի 34-35 աստիճանը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` լուրջ ջերմաստիճանի անկում է սպասվում Լոռիում, Տավուշում, Սյունիքում: Իսկ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում երեկոյան կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ:

«Սեպտեմբերի 2-ին ջերմաստիճանը կրկին մի փոքր կբարձրանա 2-3 աստիճանով և կնվազի սեպտեմբերի 5-ից: Օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը սեպտեմբերին կլինի նորմայի սահմաններում: Սպասում ենք այնպիսի սեպտեմբեր, որը համահունչ է մեր բազմամյա կլիմայական պայմաններին»,-ասաց Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ լեռնային շրջաններում` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում ամսվա առաջին 10-օրյակում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև 22-26 աստիճան, իսկ գիշերը կնվազի 2-5 աստիճանով: Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-36 աստիճան: Լոռիում, Սյունիքի նախալեռներում ամսվա առաջին կդիտվի օրերին 22-25 աստիճան:

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ օգոստոսին ՀՀ տարածքում ջերմաստիճանը նորմայից բարձր էր մոտ 2-3 աստիճանով, 15 օր օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում տատանվել է 37-39 ջերմաստիճանի սահմաններում, որը բարձր ցուցանիշ է:

«Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բարձր էր նաև օդի հարաբերական խոնավությունը, ինչն էլ հանգեցնում էր շոգի էլ ավելի շատ զգալի լինելուն: Սովորաբար, երբ որ խոնավութունը ցածր է լինում, շոգը տանելի է: Բավականին բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ 30-ից 20 օրերի ընթացքում ՀՀ տարածքում նկատվել են ամպրոպներ և կարճատև անձևներ: Այսինքն, բարձր ջերմային ֆոնն ուղեկցվում էր տեղումներով: Երեկ մայրաքաղաքում դիտվել է ամենաբարձր` 39 աստիճանը: Նման և ավելի շատ օգոստոսներ գրանցվել են 1957, 1976, 1995, 1996, 1999 և 2006 թվականներին: 2006թ.-ին Երևանում ջերմաստիճանը եղել է 40.8: Ունեցել ենք շատ զով օգոստոսներ, երբ Երևանում օդի ջերմաստիճանը 35-ից չի բարձրացել: Դա եղել է 1970, 1971, 1991, 1992, 1993, 1964 և 2009 թվականներին»,-ասաց նա:

                                                                             Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին