▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. Խաչվերացի օրը դիմում եմ Ձեզ՝ հանդուրժողականության կոչով

Հարգելի պարոն նախագահ,
Այսօր Դուք Տավուշում ներկա եք գտնվել նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծմանը:
Նույն այդ ժամերին, Երևանի կենտրոնում հավաքվել էր մի քանի տասնյակ պատանի՝ պաշտպանելու համար իրենց դասընկերոջը, որին սպառնում է հինգ տրվա ազատազրկում:
Շանթի ու մյուսների գործով Ձեզ մի անգամ դիմել էի՝ հրապարակավ ու շիտակ:
Ցավոք, իշխանությունը չգտնվեց իր բարձության վրա. տղերքի խենթությունը, նոյեմբերի 5-ին դրսևորած ոչ այնքան քաղաքական վարքագիծը թույլ տվեց, որ պետությունը մինչև վերջ օգտագործի իր պատժիչ գործառույթը:
Ցավոք, անտեսվեց Շանթի, Վարդանի, մյուսների անուրանալի դերն արցախյան ազատամարտում:
Այսօր նրանց դատում են՝ որպես խուլիգաններ ու շատ հաճախ ինձ զարմացրել է Ձեր անտերբերությունը:
Խնդրի իրավական կողմը չէ, ոչ ինձ հետաքրքրում է:
Քաղաքական առումով՝ Շանթի գնահատականները շատ ավելի ադեկվատ են, քան՝ Ձեր իշխանության ու նրա ընդդիմախոսների շատ երևելիների, որոնցից շատերը իսկի դիրքորշում չեն էլ հայտնում՝ քծնելով կան սևացնելով Ձեզ, երկու դեպքում էլ՝ լուծելով մասնավոր խնդիրներ:
Վարքագծի առումով՝ Շանթի ու տղաների արածն ինձ համար էլ խորթ է, սակայն Շանթն ու տեղերքը մեղավոր չեն, որ հայաստանյան քաղաքակական մշակույթում բռնությունն ամուր հիմքեր ունի:
Ես վստահ եմ, որ Դուք էլ Շանթին ու մյուսներին խուլիգան չեք համարում ու հոգու խորքում համաձայն եք այն գնահատականին, որ հնչեցնում եմ:
Ձեզ գուցե կաշկանդում է իշխանություն կոչվածի անորակությունը կամ այն հանգամանքը, որ նույնիսկ ընդդիմությունը վախեցավ պաշտպանել Շանթենց, սակայն վստահ եմ, որ այս գործում հանդուրժողականությունը նահանջեց, տղերքի բարձրացրած հարցերը քննարկման օրակարգից հանվեցին՝ բանտարկվելով դրանց հեղինակների նման:
Շանթի նոյեմբերի 5-ի արածն երբեք չեմ արդարացնում, բայց նրան միշտ համարել եմ ու կհամարեմ իսկակական քաղաքացի ու հայրենասեր, տեսակ, որի դեֆիցիտը շատ ունեն Ձեր ղեկավարած իշխանությունը, Ձեր իշխանությանը հակադրվող ընդդիմությունը:
Սակայն Շանթի թեմայով չէ, որ գրում եմ, այլ՝ նրա որդու:
Շահենը կարգին տղա է. թասիբով երիտասարդ, ով, անկախ հոր ճիշտ ու սխալ լինելուց, կանգնել է նրա կողքին:
Ու այսօր նրան ուզում են ազատազրկել հինգ տարով՝ չներելով նրա ՙՙմեղքը՚:
Խաչվերացի օրը դիմում եմ Ձեզ՝ հանդուրժողականության ակնկալիքով:
Հուսով եմ՝ Դուք կապացուցեք, որ բոլորի, այդ թվում՝ Ձեզ ընդդիմացող քաղաքացիների ու հոր կողքին կանգնած պատանու նախագահն եք:
Հուսով եմ, որ կօգտագործեք Ձեր բարոյական ազդեցությունն, որպեսզի անմեղ մի պատանու իդեալական պատկերցումները չխաթարվեն բանտային գարշահոտությամբ ու բարքերով:
Հավատում եմ Ձեզ ու հույս հայտնում, որ Ս. Հովհաննես եկեղեցու օծման գեղեցիկ արարողությունը համանման հույզերի դրսևորման ու արթնացման առիթ էին....
Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին