▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան դասախոսներ, ովքեր 20-30 տարի դաս են տալիս` հրամցնելով իրենց սովորածը

«Բուհերում գիտելիքներ են տալիս, բայց պրակտիկան թերի է: Աշխատաշուկան սպասում է, որ աշխատանքի եկողը  որոշակի գիտելիք  պետք է ունենա, կարողանա կիրառել դա, կայացնել որոշում: Գործատուն սպասում է, որ շրջանավարտը կարողանա խմբում աշխատել, ընդունել ուրիշների կարծիքը և այլն»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում բարձրագույն կրթության որակի, նրա` աշխատաշուկայի պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին`  ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը` հավելելով. «Այսօրվա դասախոսները միտված են տալ այնքան շատ գիտելիք, որ հերիքի ամբողջ կյանքում, իսկ գիտելիքը 1-2 տարում հնանում է»:

Ռուբեն Թոփչյանը նշում է` կան դասախոսներ, ովքեր 20-30 տարի  դաս են տալիս, բայց երբեք իրենց արտերկրի գործընկերներին չեն հանդիպել.

«Հրամցնում է իր սովորածը, այնինչ, շատ կարևոր է շփումը, առանց դրա առաջ չենք գնա»,-ասաց բանախոսը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը որակից բացի մեծ խնդիր է համարում մասսայականացումը.

«Դժվար է քննության ընթացքում որոշել. ցածր ստացողը վերջում լավ մասնագետ կդառնա, թե բարձրը, ուստի մեծ մասին ընդունում են: Այսօրվա դրությամբ ռեսուրսները քիչ են: Դասախոսները ռեսուրս և հմտություն չունեն` սովորեցնել ասենք Բժշկական համալսարանի 600 ուսանողի»:

Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ հաճախ կիրառում ենք այնպիսի մեթոդներ, որոնցում համոզված չենք. օրինակ կրեդիտային համակարգը:

«Արդյունքում` դասախոսը շփոթվեց, փոխվեցին մոտեցումները»,-հավելեց բանախոսը:

Անի Կարապետյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին