▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ազգը չի մտնում հեղափոխության մեջ, ապա հեղափոխությունն է մտնում ազգի մեջ

Վերջին օրերին ինձ մի քանի անգամ դիմել էին հարցազրույցի կամ մեկնաբանության խնդրանքով «ընդդիմադիր քառյակի» կամ ես իմ ինչ «յակի» վերաբերյալ: Հրաժարվում եմ: Կոշկատակերի համի նրբերանգների մասնագետներ մեր երկրում շատ կան, ես նրանց թվին չեմ պատկանում: Պնակալեզների ժամանակն անցնում է, քանի որ պնակ գրեթե չի մնացել, ողջ սպասքն ու կահույքը ջարդված է  տունն էլ կամ վաճառված, կամ գրավի տակ է:

Տարիներ տեւող «զրոյական» ժամանակաշրջանը Հայաստանում մոտենում է ավարտին, քանզի փսկում է դրա գլխավոր հովանավորն ու պատվիրատուն` Կրեմլը զավթաց ԿԳԲ-ական խունտան: Տեղական խունտիկ-մունտիկները պայթելու են փուչիկների պես ավելի շուտ: Պատասխանատու քաղաքացիներն այսօր պետք է մտահոգվեն ոչ թե օճառի պչպղակների գույնային երանգներով կամ կոշկատակերի համով, ինչով զբաղեցնում է հանրությանն օլիգարխներին պատկանող մամուլը, այլ սույն օլիգարխներից ու նրանց մոսկովյան տերերից հետո մնացած մեր Հայրենիքի ճակատագրով:

Հայոց ազգային խայտառակություն հանդիսացող ազգային մկների ժողովը նման լուրջ քննարկման հույս չի թողնում: «Ընդդիմադիր» կուսակցությունները կուրորեն ու ագահաբար կիսում են խնջույքի վերջին փշրանքները: Ազգի նվիրյալները, որ բանտեր ու պատերազմ անցան, չեն դիմանում խաղաղության ու պատմության դաժան փորձություններին ու վատնում են կյանքի անգին փորձը նեղ խմբակային զրույցներում կամ քայլարշավներում: Մինչդեռ խոյացող ահեղ մարտահրավերները, ազգային անկախությանը սպառնացող վտանգը, տարածաշրջանում ընթացող հեղափոխական զարգացումները, հին սահմանների ու պայմանագրերի փլուզումը, ավանդական դաշինքների քայքայումն ու նոր ելքեր փնտրելու անհրաժեշտությունը վաղուց արդեն պահանջում են հրապարակային եւ բաց երկխոսություն ազգի հետ` հենց հրապարակներում ու փողոցներում, հանրահավաքների ու հանրաքվեների միջոցով: Հեղափոխական ժամանակը պահանջում է հեղափոխական միջոցներ:

Եթե ազգը չի մտնում ընթացող հեղափոխության մեջ, ապա հեղափոխությունն է մտնում ազգի մեջ եւ դրան անպատրաստ ազգերը լրջորեն վտանգված են: Հեղափոխությունից վախեցողները վախենում են անխուսափելիից եւ խանգառում են պատրաստվել մնացածներին: Մեր ողջ քաղաքական դաշտը` անպատասխանատվության անապատ է: Անպատասխանատու է իշխանությունը` փախչելով իրականությունից: Անպատասխանատու է ընդդիմությունը` փախչելով պայքարից: Անպատասխանատու ենք մենք բոլորս, մտահոգվելով թե որ բուհում են սովորելու մեր երեխաները կամ որ երկիր պետք է արտագաղթել, սակայն չմտածելով, որ ոչ մի երկրում ապահով չէ այսօր եւ հատկապես վաղը չի լինելու, եւ որ մեր պապերից ժառանգած հայրենիքը մենք պարտավոր ենք փոխանցել մեր երեխաներին գոնե այնպիսին, ինչպես մենք ենք ստացել այն, այլ ոչ ստրկացած ու ամայացած: Հեղափոխությունը շեմին է: Բացեք դռները:

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին