▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մտրակի» քաղաքականության հետևանքները

Այսօր առավոտյան Ազգային ժողովի շենքի մոտ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ անցկացրած ցույցից ժամեր անց դրա մի քանի մասնակիցներ իրենց աշխատավայրերից ոստիկանություն են տարվել հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նրանք «Ազատությանը» փոխանցել են, որ ոստիկանությունում ցույցի ընթացքի վերաբերյալ հարցեր են ուղղվել, ինչը նրանք իրենց նկատմամբ ճնշում են որակում։
Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն «Ազատության»-ը ասել է, որ մի քանի առևտրականներ հարցաքննվել են որպես վկա, իսկ քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի և դրա ընթացքում Տիգրան Մեծի փողոցը փակելու հետ կապված։
Ավելորդ է ասել, որ խիստ բացասաբար եմ վերաբերում իշխանության այս գործելաոճին:
Երբ քաղաքացիների ինչ-որ խումբ կոնկրետ խնդրով բողոքում է, ցույցեր ու երթեր անում, իշխանությունը պետք է կարողանա զսպել հարկադրանքի լծակն օգտագործելու իր գայթակղությունը:
Լավ օրից մարդիկ ճանապարհներ չեն փակում, նույնիսկ ցույցեր ու երթեր չեն անում:
Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ այսօր խորհրդարանի դարպասների մոտ ավելի քիչ բողոքավոր առևտրական է հավաքվել, քան օրեր առաջ՝ կառավարության շենքի մոտ:
Բայց դա մարդկանց բարձրացրած խնդիրը լուծելու հետևանք չէ. ուղղակի գործել է սպառնալիքի պետական ու ոչ պետական ինստիտուտը. առևտրականը վախեցել է, որ կկորցնի իր տաղավարը, փոքրիկ կրպակը, վախեցել է իրավապահի կամ տարածքի տիրոջ հետապնդումից:
Հիմա այս քրեական գործը դարձյալ ուղղված է վախեցնելուն, որն ավելի է փոքրացնելու հնարավոր կոմպրոմիսն իշխանության ու առևտրականների միջև:
Վերջիններս կանգնելու են երկընտրանքի առջև. կամ քաղաքականացել իրենց շարժումը, ասենք՝ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կամ լռել, համակերպվել սեփական գործի կորստի հեռանկարին, մտածել երկրից հեռանալու մասին:
Երկու սցենարն էլ ցանկալի չէ ու ժամանակն է, որպեսզի իշխանությունը հրաժարվի ՙՙմտրակի՚՚ քաղաքականությունից...

Սուրեն Սուրենյանց
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին