▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ Հայաստանում դոկտոր դարձածները որքանո՞վ են դոկտոր

 

Բոլորս էլ, ինչքան կարող էինք այս օրերին խոսեցինք Սյունիքի մարզպետի այսպես ասած «դոկտոր» լինելուց: Քննադատեցինք, ինչքան կարող էինք ու վերջ: Իսկ ինչ փոխվեց: Բառացիորեն ոչինչ: Պարոն Խաչատրյանը շարունակում է մնալ մարզպետի պաշտոնում ու իրեն համարել դոկտոր, իսկ ՀՀ պետական հաստատության կայքն էլ ի դեմս Սյունիքի մարզպետարանի, շարունակում է իր բացառիկ անգրագետ թարգմանությամբ «դամ պահել» իր մարզպետին /ես չեմ կարող հասկանալ, թե ինֆորմատիզացիա ասվածն ինչպես կարելի է թարգմանել հայերեն ..../:

Իսկ նորմալ երկրում նման երևույթը նախ կառաջացներ սկանդալ, երկրորդ այդ երկրի գիտական միտքը ոնց պետք է կքլնգեր նման զեղծարարություն անողին էլ դամ պահողին էլ մեջք հանդիսացողին էլ .... /շարքը չշարունակեմ հասկացաք/: Բայց մեր մոտ: ԳԱԱ նախագահն օրերս այնպիսի խուսափողական պատասխան տվեց, մնում էր ճանաչեր Ս. Խաչատրյանի դոկտոր լինելը. նույնիսկ ճանաչելն ավելի տղամարդկություն կլիներ, քան նման կերպ սպրդողական պատասխաններ հնչեցնելը այն էլ այդ տարիքում ... ումից էր վախենում, կամ ինչ կորցնելիք ուներ, որ վախենում էր: 

Սակայն հարցը միայն սա չէ: Հարցն ավելի խորն է ու ավելի բարդ: Հայաստանում հարյուրավոր ու հարյուրավոր սուրիկխաչատրյաններ կան, որոնք ոչ թե Կանադայում, կամ այլ արտասահմանյան երկրում, այլ հենց Հայաստանում են մեղմ ասած «գնել» իրենց գիտական աստիճանները` մոդայից հետ չմնալու համար. բա ոնց մի կողմից մոդա է էգ գայլի չորացրած սեռական օրգանը պահել գրպանում որպես հաջողության թալիսման, մյուս կողմից էլ մոդա է անպայման լինել առնվազն «գիտությունների դոկտոր»: Բայց նրանց մասին, կարծես ոչ մեկը չի խոսում, ոչ մեկը չի ասում, ասենք օրինակ Պողոսյան Պողոս ջան, դու որ օրինակի համար մաթեմատիկական գիտությունների դոկտոր ես, վերջին մի տարում քանի գիտական հոդված ես գրել, քանի հետազոտություն ես արել, կամ որն է եղել քո ներդրումն ու նորարարությունը մաթեմատիկայի բնագավառում, որ Ակադեմիան քեզ շնորհել է գիտության դոկտորի գիտական աստիճան:

Ինչ տարբերություն Երևանում գնած «դոկտորի» կոչման ու Կանադայում գնած «դոկտորի»  կոչման միջև: Հա մի տարբերություն կա: Նման կոչման այստեղի «վաճառականները», թերևս «խանձվել են», որ «յուղոտ կլիենտ են ձեռքից բաց թողել»: Ու երևի դրա համար էլ հայտարարում են, որ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում դոկտոր չէ:

Ի դեպ, այնպիսի մեծ հայագետներ, ինչպիսիք Ն. Ակինյանն է, Ղ. Ալիշանը, Ղ. Ինճիչյանը կամ Ի. Ճեմճեմյանը, կամ գիտական աստիճան չեն ունեցել, կամ այն ստացել են իրենց կյանքի վերջում, սակայն ողջ գիտական աշխարհը նրանց հետ հաշվի է նստում .... Չնայած ում հետ ում եմ համեմատում ....

 Գևորգ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին