▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր «ընտրություններին» հաջորդելիք հետոն»

Քղաքական սակարկությունների, կամակորությունների ու ստերի ետևում դժվար է նշմարել այն իրապես լուրջ և մեր երկրի ապագայի համար աննախադեպ կարևորություն ունեցող շարժը, որը, թեև, դեռ չի հանգեցրել նախանշված արդյունքին, սակայն արդեն որոշակի անշրջելիություն է ձեռք բերել: Հայաստանում ուղղորդված կերպով ձևավորվում է մի նոր քաղաքական իրողություն, որի հիմնական բնութագրիչը կառավարող վերնախավի կողմից կառուցվածքային տեսանկյունից տեսականորեն գործունակ իշխանական բուրգի ձևաչափի հաստատումն է: …խորհրդարանական ընտրություններին նախորդած և հաջորդած մի քանի ամիսների ընթացքում իշխանական թևի քաղաքականությունը մշակող և իրականացնող անհատներին ու կառույցներին հաջողվեց մասնատել և վերջնականապես չեզոքացնել ՀԱԿ-ը` որպես իշխանական բուրգի նախանշված ձևաչափով կայացմանը խանգարող հիմնական խոչընդոտ: ՀԱԿ-ի խորհրդարանում հայտնված յոթ հոգանոց խմբակցությունն իր խառնիճաղանչ կազմի և գաղափարական միասնականությունն ապահովող մոտեցումների բացակայության պատճառով ոչ այժմ, ոչ էլ տեսանելի ապագայում ընդունակ չի լինելու էապես ներազդել մեր ներքաղաքական իրողությունների վրա: Պարոն Տեր-Պետրոսյանի կողմից “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունը հիմնելու նախաձեռնությունը, թերևս, կհանգեցնի նոր ճգնաժամի այդ թևում, քանի որ պատճառ կդառնա առաջիկայում հենց խորհրդարանական խմբակցության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար պայքարի` ներկայիս ՀԱԿ-ում մնացած և “ՀԱԿ” նորաստեղծ կուսակցության մեջ մտած գործիչների և ուժերի միջև: Այս պայքարը կարող է նաև կաթվածահար անել խմբակցության գործունեությունը, ինչը թեև բնական կդիտվի, սակայն էապես կնվազեցնի խմբակցության կազմում հայտնված գործիչների և նրանց կողմից ներկայացվող խմբավորումների վարկն ու ներուժը: Կարծում եմ, որ ծրագրված սցենարի համաձայն ՀՀ քաղաքական և իշխանական համակարգում հիմնական դերակատարումը վերապահված է լինելու ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և Դաշնակցությանը: Հենց այդ քաղաքական ուժերն են այսօր տիրապետում իշխանական ու տնտեսական լծակների և, այդ առումով, երևի թե առաջին անգամն է, որ Հայաստանի խորհրդարանում ուժերի դասավորվածությունը առավել բարենպաստն է արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից: Խորհրդարանական ուժերի այսօրվա համամասնությունը հնարավորություն է տալու իշխող Հանրապետական կուսակցությանը հենվել “ընդդիմադիր” ճամբար ձևավորած ԲՀԿ-ի և Դաշնակցության վրա ներքին և արտաքին քաղաքականության առավել կարևոր ու վտանգահարույց խնդիրները լուծելիս, իսկ այդպիսի համագործակցության իրական և ամուր հիմքը կլինի տնտեսական ոլորտում նշված քաղաքական ուժերի և դրանց առանձին անդամների տնտեսական շահերի ընդհանրությունն ու անձեռնմխելիությունը: Այս կուսակցական եռամիասնության մեջ առանձնահատուկ է լինելու մշտական “պաշտոնական” ընդդիմության կարգավիճակով սահմանափակված Դաշնակցության դերը` եթե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, գործերի հանդարտ ընթացքի դեպքում, կարող են միմյանց փոխարինել իշխանության ղեկի մոտ, ապա Դաշնակցությունը, որը ոչ միայն համահայաստանյան, այլև աշխարհի մասշտաբով համահայկական կառույց է, ունենալով շատ որոշակի ներիշխանական գործառույթներ և լծակներ, դժվար թե առաջիկա տասնհինգ տարիների ընթացքում երկրում գլխավոր քաղաքական դերակատարը դառնալու հեռանկար ունենա :
Վերոգրյալը մի հատված է 2013թ. նախագահական ընտրությունների նախօրեին՝ փետրվարի 10-ին հրապարակված «Մեր «ընտրություններին» հաջորդելիք հետոն» հոդվածիցս: Եվ ներհայաստանյան, և միջազգային քաղաքական գործընթացները ենթարկվում են հստակ օրինաչափությունների ու, հետևաբար, դրանց զարգացումը, որոշակի սահմաններում, կանխատեսելի է:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին