▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահ Պուտինը տապալվելու է

Անգամ ռուսաստանյան տարբեր շրջանակներից են այսօր սկսել կանխատեսումներ հնչել այն մասին, որ շուտով տապալվելու է նախագահ Պուտինը, իսկ Ռուսաստանի մասնատումն էլ անխուսափելի է և տեղի է ունենալու ԽՍՀՄ մասնատման օրինակով, բայց, հավանաբար, շատ ավելի արյունալի ու աղետաբեր հետևանքներ բերելով իր հետ: Դժվար թե իմաստ ունի ժխտել այն իրողությունը, որ նախագահ Պուտինը՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում վարած քաղաքականության ու հատկապես Ղրիմը Ռուսաստանին միացնելու դրվագի շնորհիվ շահեց իր ժողովրդի զգալի մասի համակրանքն ու ստացավ նրա աջակցությունը, սակայն արժանացավ արևմտյան բարոյափիլիսոփայական արժեքների հետևորդ հանդիսացող ռուսաստանյան մտավորականության կոշտ արձագանքին ու Արևմուտքի բավականին ցավոտ պատժամիջոցներին: Ոմանց մոտ սա հույսեր արթնացրեց ու հիմք ծառայեց այն բանի համար, որ շուտով ռուսական իշխանական-օլիգարխիկ վերնախավը, հետագա անձնական նյութական կորուստներից խուսափելու և երկիրը փրկելու համար հենց ինքը իշխանությունից կհեռացնի նախագահ Պուտինին ու վերջինիս կհանձնի Հաագայի դատարանին: Սրանք միամիտ ու սին հույսեր են: Պուտինյան վարչակազմը շատ օգտակար ու եզակի դեր է կատարում ներկա աշխարհակարգի կայունությունն ապահովելու տեսանկյունից, իսկ հնարավոր ռիսկերն արդեն արդյունավետորեն չեզոքացված են՝ այսօրվա Ռուսաստանը ապահով կերպով անջրպետված է Եվրամիության գոտուց և այս հարցի լուծումն ապահովվեց հենց ուկրաինական ճգնաժամի միջոցով: Ռուսաստանին դժվարին ժամանակներ են սպասում, բայց ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում անձնապես նախագահ Պուտինին հեռացնելուն կամ ՌԴ հսկայական տարածքը մասնատելուն ուղղված գործողությունները կկասեցվեն հենց Ռուսաստանի մերօրյա հիմնական հակառակորդների կողմից՝ որպես իրենց իսկ շահերի դեմ ուղղված ոտնձգություն: Վիճակը կփոխվի միայն այն ժամանակ, երբ ռուսական քաղաքական վերնախավը (իշխանական ու ընդդիմադիր թևերը միասին կամ առանձին) կկարողանա իրենց երկրի համար սահմանել մի նոր ու միջազգային հարաբերությունների համակարգում այլոց համար ևս պահանջված դերակատարում:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին