▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկներով կհետևեն կենդանիներին ու որսագողերին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում`Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են մշտադիտարկման նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ:

IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչներ (անտառապահների կայանում, հիմնադրամի գրասենյակում գտնվող), իսկ GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցելով SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Սա հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլև բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողերի:

 

Տեսախցիկների գործարկումը հնարավոր է դարձել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հասանելի գերարագ ինտերնետի շնորհիվ, որն ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրում (ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա) ընկերությունը շարժական կապի հիմնական կայան է տեղադրել: Այն ծառայում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի»աշխատակիցներին անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաև կնպաստի անձնակազմի և այցելու-գիտնականների կողմից արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում:

 

Կայանի էլեկտրասնուցման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղադրվել է հոսանքափոխարկիչ ենթակայան և փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը միանում է լեռան գագաթին գտնվող հոսանքի հիմնական աղբյուրին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ հոսանքափոխարկիչ ենթակայանից առանձին հոսանքագիծ է անցկավել կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու և հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

 

Շրջայցի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ծրագրի շրջանակում ձեռք բերված անօդաչու տեսահսկման համակարգին: Թե՛ տեսախցիկները, թե՛ տեսահսկման համակարգը հնարավորություն են ընձեռում մշտադիտարկումն իրականացնել հեռավոր և դժվարհասանելի վայրերում` կենդանական աշխարհի վերաբերյալ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Ստեղծված համակարգը պահպանվող տարածքում որսագողության դեմ պայքարի արդյունավետ գործիք է նաև: Տեսահսկման գերժամանակակից համակարգերի միջոցով կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկությունների ստացումն առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին