▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատված Պարույր Հայրիկյանի բանտային հուշերից

Ահա եւս մի յատուած Իմ բանտային յուշերից գրքից։ Գիրք  Ա (1965-1973թթ.) 
Մաս 5

Ես չէի բացառում, որ կկատարեն պահանջս եւ կը հանդիպեմ ՊԱԿ-ի նախագահ գեներալ լեյտենանտ Բադամեանցի հետ, բայց եւ շատ հաւանական չէի համարում։ Տասնամեակներ անց վերապրելով այն օրերի իմ տրամադրութիւնն ու հոգեվիճակը շատ կուզէի ամեն ինչ մատուցել այն ժամանակուայ իմ պատկերացումներին համահունչ։ Սակայն կան երեւոյթներ, որ տրամաբանութիւնից դուրս են եղել, ճիշտ են եղել, սակայն որպէս այդպիսին չեն գիտակցուել։ «Ես ոչ մի ցուցմունք չեմ տայ, մինչեւ գենեարալ Բադամեանցի հետ չխօսեմ» յայտարարութեանս հիմքում ընդամենը ցուցմունք չտալս իրենց համար հասկանալի պատճառով հիմնաւորելու ցանկութիւնս էր։

Ես պէտք է ժամանակ շահէի։ Ընկերներիս հետ պայմանաւորուել էինք, որ իմ կալանաւորուելու դէպքում գոնէ երկու ամիս ցուցմունք չեմ տալու։ Խօսքը չէր վերաբերում ճիշտ կամ սխալ ցուցմունք տալուն, այլ ընդհանրապէս որեւէ ցուցմունք չպէտք է տայի։ Եւ ահա, առանց լուրջ վերլուծութեան, առանց առարկայական հիմնաւորման գտել էի մի պատճառաբանութիւն, որով իմ ցուցմունք չտալը տեղի էր ունենում ոչ թէ իմ կամայականութեան կամ սկզբունքայնութեան պատճառով, այլ իրենց ցանկութեամբ։ 

Ես տեղակ չեմ, թէ ինչ խօսակցութիւններ էին եղել ՊԱԿ-ի «վերեւներում», ով եւ ինչ առաջարկութիւններ էր արել, ինչ էին զեկուցել Մոսկուայ (իսկ զեկուցագրեր «ՊԱԿ-ի կենտրոնական ապարատ» ուղարկւում էին ամեն շաբաթ) եւ ինչ յանձնարարութիւն էին ստացել այնտեղից, բայց այդ հանդիպումը կայացաւ։ 

Մի առաւօտ հսկիչը բացելով ճաշադռնակը, կարգադրեց. «Պատրաստուիր,-այն ժամանակ իրենց թոյլ էին տալիս ոչ պաշտոնական դիմել, ինձ համար բացարձակապէս էական չէր Դուք կասեն, թէ՝ դու,- գնում ենք քննութեան»։ Դա նշանանակում էր, որ եթէ մարզահագուստով ես կամ այնպիսի հագուստով, որով չէիր կամենայ ներկայանալ քննիչներին, փոխես՝ վերազգեստաւորուես։ Սովորաբար դրա համար երկու-երեք րոպէ էին տալիս։ Երբ ես պատրաստ ներկայացայ, նկատեցի, որ սովորականից շատ են հսկիչները։ Նրանցից մէկն էլ հարցրեց․«Էդպէ՞ս ենք տանելու»։ Կարծէս ինչ-որ մէկն ուզեց ինչ-որ բան ասել, բայց այդպէս էլ պատասխան չհնչեց․ միայն հայացքներ փոխանակեցին ու երկու հսկիչներու ու հերթի պետի ուղեկցութեամբ ինձ ուղեկցեցին հիմնական մասնաշենք, ուր քննչական բաժինն էր։

Քննիչ Ենգիբարեանը տոնական էր հագնուած՝ կոստիւմով, փողկապով։ Զգաստ ու պատասխանատու տեսք ուներ։ 
Եթէ չլիներ այդ արարը, ես երբեք չէի իմանայ, թէ ներգերատեսչական հարաբերութիւններում ինչպիսի կարգ կար այդ հիմնարկում։ Իրենք իրենց պետին պիտի տեսնէին եւ դա երեւոյթ էր՝ կարեւորագոյն իրադարձութիւն։ Երկար միջանցքով քննիչ Ենգիբարեանը, հսկիչներն ու ես գնացինք քննչասենեակների հակառակ ուղղութեամբ, անցանք մի քանի դռներով, միջանցքներով եւ յայտնուեցինք մեծ ընդունարանում։ Ուղեկցող հսկիչները մնացին դրսում։ Ներս եկաւ միայն հերթի պետը։ Ենգիբարեանը զգայական լարուած վիճակում էր. ժամանակ առ ժամանակ վեր էր ձգւում կանգնելով ոտնաթաթերի վրա։ Ընդունարանի հեռախօսախեղդ սեղանի մոտ բարձրաստիճան սպա էր նստած։ Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում գնդապետի աստիճան ուներ։ Այնտեղ էր նաեւ քննչական բաժնի պետ գնդապետ Դադայեանը։ 

Մեզ հրաւիրեցին գեներալի աշխատասենեակ։ Երկար եւ ծանր սեղանը զբաղեցնում էր աշխատասենեակի զգալի մասը։ Նրա վերջում նստած էր բարձրահասակ մոտ վացունամեայ սպիտակահեր գեներալ Բադամեանցը։ Նրանից քիչ հեռու սեղանի մոտ նստած էր մի գնդապետ։ Հաւանաբար իր համհարզն էր։ Դադայեանն ու Ենգիբարեանը պաշտոնապէս ողջունելուց յետոյ սեղանի մոտ նստելու ինձ համար անտեսանելի հրաւէր ստացան։ Ինձ համար նախատեսուած էր երկար սեղանի այս ծայրի նստատեղը։ Աթոռը հատակին ամրացուած չէր, ինչպէս քննասենեակում։
«Ես ստացել եմ Ձեր դիմումը, որով ցանկութիւն եք յայտնում հանդիպել ինձ հետ»,-հարգալից ոճով սկսեց Բադամեանցը,-Ես լսում եմ ձեզ»։ «Ես կուզէի ձեզ հետ առանձին խօսել»,- պատասխանեցի ես։ «Ներկաներն իմ աշխատակիցներն են։ Ես առանց նրանց ոչինչ չեմ անում»։

«Բայց այն, ինչի մասին ես ուզոմ եմ խօսել ձեզ հետ...Ես չեմ ուզում, որ կողմնակի մարդիկ լինեն»։ Մայոր Ենգիբարեանն ու համոզուած եմ, նաեւ երկու գնդապետներն այդպիսի իրավիճակներում երբեք չէին եղել եւ նրանց դէմքերին քողարկուող շփոթմունք կար։ Ասէս որպէս փոխզիջում գեներալը նշան արեց իր օգնական գնդապետին դուրս գալ աշխատասենեակից, ապա դիմեց ինձ,-«Ես չեմ կարող գաղտնիք ունենալ քննչական բաժնի պետից եւ ձեր քննիչից»։ Ես որպէս վերջին փաստարկ, սակայն իրականում որպէս իմ նահանջի (դա կռահում եմ հիմա, իրադարձութիւնից մոտ կէս դար՝ 45 տարի անց) նախապատրաստում հարցրի․-«Դուք վստահու՞մ եք նրանց»։ «Լիովին,- պատասխանեց,- ՊԱԿ-ի նախագահը,-կարող եք սկսել»։ 

Եւ ես ներկայացրի իմ առաջարկը։ Չգիտեմ, «չեկիստներն» ինչ էին սպասում, բայց ես ամենայն լրջութեամբ կոչ էի անում յանուն մեր ազգային ազատութեան, յանուն մեր ազգային հարցերի պայքարել համատեղ։ «Խօսքը չի վերաբերում այս պահին։ Ես հիմա կգնամ, կանցկացնեմ իմ ազատազրկումը կալանավայրում, բայց քանի որ դուք էլ, մենք էլ հայ ենք, պիտի միասին պայքարենք մեր արդարացի խնդիրների լուծման համար՝ դուք՝ վերեւից, մենք՝ ներքեւից»։ 

Քննչականի պետն ու քննիչս մումիայի պէս լուռ էին։ Նրանց դէմքերը որեւէ զգացում չէին արտայայտում։ Գեներալն այնպիսի տեսք ուներ, ասես, ձայնասփիւռով ինչ-որ հեռաւոր, անհասկանալի բան էր լսել։ Եկաւ իր խօսելու հերթը եւ ահա, թէ նա ինչ ասաց։ «Ձեր գործունէութեան հետեւանքով Հայաստանը վատ վիճակի մէջ է յայտնուել։ Մենք հայերս խայտառակ ենք եղել. մեր ուկրաինացի եւ միւս ազգերի գործընկերներն ասում են, որ հայերս նացիոնալիստ ենք։ Դուք ծանր վիճակում եք եւ պէտք է մտածեք ձեր եւ ձեր ընկերների մասին։ Դուք պիտի օգնեք մեզ՝ քննութեանը գտնել նրանց եւ թոյլ չտալ խորանալ այդ սխալ ճանապարհի մէջ։ Մի ամսից աւելի է դուք կալանաւորուած եք եւ ցուցմունք չեք տալիս։ Պիտի հասկանաք, որ դա ծանրացնում է ձեր վիճակը»։
Ես լսում էի եւ զգում, որ նա չի լսել, չի կամեցել լսել իմ ասածը։ Գեներալին այդ հանդիպումը պէտք էր, կարծես, ոչ թէ իմ ասածը լսելու, այլ իր ասելիքն ինձ փոխանցելու համար։

Իր՝ ահ ու սարսափ «կագէբէ»-ի ղեկավարի հեղինակաւոր խօսքը։ Գուցէ այդ պահուածքը բխում էր նաեւ ինքնապաշտպանական զգացումից․ երկու չեկիստների ներկայութեամբ «պետական յատուկ վտանգաւոր յանցագործը» դիմել է իրեն համագործակցութեան կոչով։ Դրանից վտանգաւոր ի՞նչ կարող էր լինել, իսկ այսպէս նա «չի էլ նկատել, որ իրեն այդպիսի առաջարկ է արուել»։
Հասկացայ, որ շարունակելն աւելորդ է, չնայած սկզբից էլ այլ զարգացում սպասելի չէր։ Ստալինեան ժամանակներում այդպիսի բան անողին ինքնապաշտպանութեան նկատառումներից ելնելով պաշտոնեան նոյնիսկ ամեն տեսակ կարգ խախտելով տեղում կհարձակուէր «ժողովրդի թշնամու» վրայ ու կտար նրա վերջը, բայց արդէն այլ սերնդի՝ զգուշաւոր «չեկիստների» դարաշրջանն էր սկսուել։ Խրուշչովեան բացայայտումներից ակնյայտ էր դարձել, որ «գաղափարական հակառակորդների» ոչնչացնելիս «յատուկ ծառայութիւններն» 99.99 տոկոսով ոչնչացրել էին իւրայիններին։

Խօսքը մի քանի հարիւր կամ նոյնիսկ մի քանի հարիւր հազար մարդու մասին չէ, այլ տասնեակ միլիոնների, որի հետեւանքով աշխարհի բնակչութեան վեց տոկոսից աւելին համրող կայսրութիւնը եզրագծին հասաւ մոտ երկու տոկոսով։ Եթէ հին գործելակերպը շարունակուէր, ապա նորօրեայ կոմունիստներն էլ որեւէ երաշխիք չէին ունենայ, ինչպէս բազմաթիւ բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական ղեկավարներ, մտաւորականներ, որ իրենց վտանգ չի սպառնայ։ Այդ պատճառով, թեւ նոր սերնդի «չեկիստներ»-ն էլ սիրում էին իրենց երկրի տէրն համարել, օրինակ՝ քանիչիցս եմ քննիչ Ենգիբարեանից լսել՝ «ի չեկա չեկա, ի ցեկա՝ չեկա», այսինքն՝ «եւ չեկան է չեկա եւ կկ-ն (կենտրոնական կոմիտեն) է չեկա, Խրուշչովի օրոք ՊԱԿ-ի նկատմամբ կոմունիստական կուսակացական վերահսկողութիւն սահմանուեց։ «ՊԱԿ»-ը Ռուսաստանում կրկին իրավիճակի լիարժեք տէրը դարձաւ կոմունիստական մենիշխանութեան վերացումից յետո յետելցինեան ժամանակներում։

Գեներալ Բադամեանցի հետ հանդիպումից յետոյ ես սկսեցի ցուցմունքներ տալ, բայց ընդամենը ընդունում էի ակնյայտօրէն բացայայտուած փաստերն ու պնդում, որ ամեն ինչ ինքնուրոյն, մենակ եմ արել։ ՊԱԿ-ն իր դատախազներն ուներ՝ Ղամբարեան եւ Շլեպչեան ազգանուններով։ Նրանք հաճախ ներկայ էին լինում եւ մասնակցում էին հարցաքննութիւններին։ Շլեպչեանը հպարտութեամբ ներկայացաւ, որ ինքն այն ժամանակ շատ յայտնի եւ սիրուած հեռուստահաղորդավարուհի Նարայ Շլեպչանի հորեղբայրն է։ «11 բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում կէս ժամուայ ընթացքում քսանից-երեսուն տեղերում «Երկունք» է փակցուել։ Դու, եթէ նոյնիսկ ռեակտիւ շարժիչով փոխադրուելու հնարաւորութիւն ունենայիր, չէիր հասցնի»,-պնդում էր նա։ Իսկ ես հանգիստ իմն էի պնդում՝«Մենակ եմ արել ու հանգիստ հասցրել եմ»։
Ամփոփելով գեներալի հետ հանդիպումը նշեմ, որ դրան յաջորդած առաջին հարցաքննութեան ժամանակ քննիչս՝ քննչական խմբի ղեկավար մայոր Ենգիբարեանը իր աշխատասեղանի մոտ նստած գլուխը տմտմբացնելով հազիւ լսելի արտաբերեց՝ «Էդ «վերբովկա՞յ» էիր անում մեր նախագահին», այսինքն՝ հաւաքագրու՞մ էիր։

1969 թուականի յուլիսի 5-ին լրացաւ քսանամեակս։ Այն նշեցի միայնութեան մէջ, աւելի ճիշտ՝ նոյնիսկ չնշեցի։ Ինչի՞ս էր պէտք․ օր էր, եկաւ ու անցաւ։ Միայն քառասուն տարի անց հասկացայ, որ մեր ծննդեան օրը դա պատահական օր չէ։ Այդ օրը Ամենակարողը մարդկութեանը պարգեւել է մեզ եւ հենց մեր ծննդեան օրը մեր աշխարհ գալու ճանապարհով մեզ է նուիրել ողջ տիեզերքը։

Այս իրողութիւնն ըմբռնելուց յետոյ ծննդեան օրերին լուրջ եմ վերաբերում եւ նշելը համարում եմ երախտագիտութեան գործողութիւն։ Միայն քսան տարի անց իմացայ, որ ես ծնուել եմ Ամերիկայի Միացեալ Նահանգների ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ օրը. Հայաստանում Յուլիսի 5-ին ԱՄՆ-ում Յուլիսի 4-ն է։ Իսկ 1995թ.-ին Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանը պատահականօրէն այդ օրը դարձրեց Հայաստանի սահմանադրութեան օր։ Այդ օրը հանրաքուէով ընդունուեց Հայաստանի առաջին սահմանադրութիւնը։ Մանկութեանս ընկերներիցս մէկը՝ Մկրտիչը, ով ապրում էր ԱՄՆ-ում, այդ առիթով ինձ հարցրեց՝ «Իսկապէ՞ս դա պատահական ստացուեց, թէ՝ պայմանաւորուել էիք»։ «Ես ներկայ էլ չեմ եղել այդ նիստին․ դա ինձ համար էլ անակնկալ էր։ 100 տոկոսանոց պատահականութիւն է եղել»։ «Այո, ճիշտ էր Դեմոկրիտը,-իմաստաբանեց Մկրտիչը,-գլխաւոր օրինաչափութիւնները մեզ ներկայանում են պատահական համընկնումների տեսքով»։

Պարույր Հայրիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին