▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգույշ եղեք կեղծարարներից ու կեղծիքներից

 

Մեր հայրենակիցներին կրկին տեղեկացնենք եւ զգուշացնենք, որ վերջին շրջանում, սկսած 2014 թ. հուլիսի 21-ից, երբ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի արդեն նախկին նախարար՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագրով պաշտոնանկ արված Արամ Մկրտչյանը ապօրինի նիստ հրավիրեց, այդ նիստում ինքն իրեն վարչապետ եւ ներկաներին նախարարներ նշանակեց եւ մի նոր կառույց ինքնահռչակեց («Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց, Գերմանիա» անվանումով), նրա կողմից ղեկավարվող խմբակի կողմից համացանցում եւ լրատվամիջոցներում կեղծիքների մի ողջ փաթեթ է շրջանառության մեջ դրվել, ինչից հարկավոր է հեռու մնալ:

 

  1. Կեղծիք № 1: Տարածվում է այն կեղծիքը, թե իբր 2014 թ. հունվարի 17-20-ը Փարիզում կայացած Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի քվորումը չի ապահովվել, հետեւաբար՝ իբրեւ թե Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը եւ պետականության մյուս կառույցները լեգիտիմ չեն:

Կեղծիքի բացահայտումը: 2014 թ. հունվարի 17-20-ը Փարիզում կայացած 1-ին գումարման 1-ին նստաշրջանի Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի կազմում ընտրված 64 պատգամավորներից մասնակցել են 50-ը, որը կազմում է ավելի քան 78 տոկոս: Դահլիճում նիստերին մասնակցել են 29-ը պատգամավոր, ինտերնետ կապի միջոցով՝ 21-ը: Այն դեպքում, երբ քվորումը ապահովելու համար բավարար է 50+1 տոկոսի, այսինքն՝ 33 պատգամավորի մասնակցությունը դահլիճում եւ ինտերնետ կապի միջոցով միասին: Հավելենք, որ նիստերը հեռարձակվել են Սկայպով եւ Յուստրիմ կապի միջոցով, ինչի շնորհիվ նիստերի աշխատանքները դիտում էին հարյուրավոր հայրենակիցներ աշխարհի տարբեր ծայրերում: Կրկին նշենք, որ քվորումը ապահովված էր եւ միայն դահլիճում ներկա պատգամավորների պատկառելի թիվը՝ 29-ը, դրա լավագույն վկայությունն է: Ներկաներից յուրաքանչյուրը, մասնավորապես վերոնշյալ խմբակի անդամները, ցանկության դեպքում, սեփական հիշողությանը մի քիչ զոռ տալով, ինքնուրույն էլ կարող են հիշել դա: 2014 թ. հունվարի 17-20-ը Փարիզում կայացած Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի նյութերը ժամանակին լայնորեն հրապարակվել եւ լուսաբանվել են մամուլում, իսկ վերջերս կրկին հրապարակեցինք նստաշրջանի արձանագրությունների քաղվածքները՝ հարազատ մնալով արխիվային փաստաթղթերին:

 

  1. Կեղծիք 2: Նույնանման կեղծիքն է շրջանառության մեջ. 2014 թ. հոկտեմբերի 17-20-ը Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ նստաշրջանի վերաբերյալ, այսինքն՝ իբրեւ թե քվորումը չի ապահովվել, մասնակցել են 8-10-ը պատգամավորներ, իսկ որպես «ապացույց» ներկայացվում են նիստերի նկարահանումներից մոնտաժված ու կտրտված հատվածներ: Նիստերի նկարահանումների ամբողջական պատկերներում այդ կեղծիքները բացահայտվում են, դրա համար էլ խմբակի կողմից շրջանառության մեջ դրված տարբերակները անխնա կտրտված ու մոնտածված են:

Կեղծիքի բացահայտումը: 2014 թ. հոկտեմբերի 17-20-ը Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ նստաշրջանի նիստերին մասնակցել են 64 պատգամավորներից 55-ը, որը կազմում է 86 տոկոս: Դահլիճում նիստերին մասնակցել են 31 պատգամավոր, ինտերնետ կապի միջոցով 24: Այստեղ էլ քվորումը ապահովված է: Մեր կողմից շրջանառության մեջ դրվող նյութերում եւ նկարահանումներում այդ կեղծիքները բացահայտվում են եւ պարզ երեւում է նիստերին մասնակից պատգամավորների եւ հյուրերի ընդհանուր քանակը, որն առաջին նիստում գերազանցում է 60-70-ը, իսկ երկրորդում՝ 80-100-ը:

 

  1. Կեղծիք 3: Շրջանառության մեջ է դրված այն բամբասանքն ու կեղծիքը, թե իբր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի համար առաջնային կարեւորության նշանակություն չունի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը:

Կեղծիքի բացահայտումը: Նայենք փաստերին: Արմենակ Աբրահամյանի ստորագրած ու վավերացրած բոլոր հիմնական փաստաթղթերում առանձին կետով նշված է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը: Համոզվելու համար բավարար է մեկ անգամ նայել «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական - քաղաքական փաթեթի» հրամանագրերն ու որոշումները, որոնցից վերջինը նախագահը ստորագրել է 2014 թ. օգոստոսի 10-ին:

 

  1. Կեղծիք 4: Շրջանառվում են այն կեղծիքները, որ Ավետիս կայքը Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պաշտոնական կայքն է, որ Հայաստանի Հանրապետությունում բացվել է Արեւմտյան Հայաստանի ներկայացուցչությունը, որ Հայաստանի Հանրապետությունում նշանակվել է Արեւմտյան Հայաստանի հյուպատոս:

Կեղծիքի բացահայտումը: Իրականում վերոնշյալ խմբակի կողմից իրականացվում է ամբողջովին անօրինական մի գործունեություն, որովհետեւ այդ խմբակը իրավասու չէ հանդես գալու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների անունից, իրավասու չէ վարչապետ ու փոխվարչապետ, նախարարներ ու հյուպատոսներ նշանակելու, Արեւմտյան Հայստանի քաղաքացիության անձնագրեր առաջարկելու եւ այլ գործողություններ իրականացնելու, որովհետեւ պաշտոնանկությունների ենթարկված լինելու հանգամանքով՝ դուրս է մնացել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգից: Անօրինական ու ապօրինի նիստի ինքնահռչակ որոշումները չեն տալիս եւ չեն կարող տալ իրավունք հանդես գալու, որպես լեգիտիմ ներկայացուցիչներ Արեւմտյան Հայաստանի հայերի: Այն հայերի, որոնց ինքնության ու քաղաքացիության համակարգն ու ինստիտուտը ձեւավորվել է Արմենակ Աբրահամյանի գլխավորած Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ՄԱԿ-ում եւ այլուր իրականացրած երկարատեւ ու տքնաջան աշխատանքների շնորհիվ:

 

 

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության

Լրատվական ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին