▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ դրեք ջայլամի քաղաքականությանը... հոգևորականների օնլայն վեճը շարունակվում է

Հորդորում ենք Մայր Աթոռին` վերջ դնել ջայլամի քաղաքականությանը

Գաղտնիք չէ, որ դեռեւս Խորհրդային Հայաստանում գոյություն ունեցած աստվածամերժության տարիներին Հայ եկեղեցին ենթարկվեց տարբեր ճնշումների, հալածանքների, սահմանափակումների, որոնց արդյունքում եկեղեցում տկարացավ հոգեւոր կյանքը, խափանվեց վանականությունը, տեղի տվեց եկեղեցական մտածողությունը:

Դրանց փոխարենը ծաղկեց անհավատությունը, խրախուսվեց անկարգությունը, ճանապարհ հարթվեց եկեղեցու աշխարհիկացմանը: Խորհրդային տարիներից (գուցե եւ ավելի վաղ ժամանակներից) ժառանգած հոգեւոր ճգնաժամը ոչ միայն չհարթվեց անկախության տարիներին, այլեւ էլ ավելի խորացավ Գարեգին Բ կաթողիկոսի` այսպես կոչված «ընտրությունից» հետո:

Այստեղ չենք ուզում անդրադառնալ համացանցում լայնորեն շոշափվող 1999 թ. կաթողիկոսական ընտրությունների կեղծիքներին, ընտրակաշառքին եւ Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների ահաբեկումներին, քանի որ այդ մասին արդեն իսկ տարբեր տեսանյութերով հանրության դատին է ներկայացրել Երուսաղեմի հանգուցյալ Թորգոմ Պատրիարք Մանուկյանի եղբորորդին` Արա Մանուկյանը, ով ԱՄՆ-ում զբաղվում է Մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ ՀՀ իշխանությունների կողմից կաթողիկոսներ նշանակելու մասին հանգամանալից խոսել է «Ճշմարտությունը պիտի ասվի» կայքէջի միջոցով: Բնական է, որ չընտրված, այն է` նշանակված կաթողիկոսը ամեն ջանք պետք է ի գործ դներ, որպեսզի հաստատեր իր տիրապետությունը, ամրացներ իր իշխանության դիրքերը եւ ստեղծեր սեփական շրջապատը` իր համախոհներով, ենթականերով, կուրորեն «հլու-հնազանդ» ստրկամիտ անձերով, մի խոսքով, թող ներվի ասել` անողնաշար խամաճիկներով:

Ասվածի մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցել «Վեհափառի աշունը» հոդվածը, որ հրապարակվել է «Հրապարակ» օրաթերթում եւ վերահրապարակվել մամուլի էջերում: Ընդհանուր առմամբ, հայկական համացանցը, կարելի է ասել, հեղեղված է Գարեգին Բ կաթողիկոսին քննադատող, նրա հակաեկեղեցական գործունեությունը պախարակող տեղեկատվությամբ, որոնց մեջ հաճախ հանդիպում են ոչ միայն զուսպ գնահատականներ, դառն իրականության ճշգրիտ ախտորոշումներ եւ պարկեշտ վերլուծություններ,այլեւ երբեմն պատշաճության սահմանն անցնող ծանրածանր ցեխարձակումներ, մինչեւ իսկ փողոցային մակարդակի իջնող հայհոյանքներ ու գռեհիկ ծաղրանքներ: Բնավ չողջունելով այս վերջին մեղադրաոճը`այնուամենայնիվ, չենք կարող փախուստ տալ այն բոլոր առողջ ու կառուցողական քննադատություններից, որոնք հետեւանքն են համատարած հիասթափության, ազգի անորոշության եւ տիրող անվստահության, որ մեր ժողովրդի զավակները տածում են հայոց հայրապետ Գարեգին Ներսիսյանի անձի նկատմամբ:

Շատերը նույնիսկ համարձակվում են ասելու, որ երջանկահիշատակ Վազգեն եւ Գարեգին Ա կաթողիկոսներից հետո Լուսավորչի գահը մնացել է թափուր, քանի որ ազգի ճնշող մեծամասնությունը չի ճանաչում եւ չի ընդունում Գարեգին Ներսիսյանին` որպես ազգընտիր 132-րդ կաթողիկոս: Մինչեւ անգամ եղան կոչեր, որոնցով եպիսկոպոսաց դասից եւ գործող իշխանություններից պահանջվում է հրաժարեցնել կամ աթոռազուրկ հռչակել Գարեգին Ներսիսյան կաթողիկոսին:

Այս բոլորը, ինչ խոսք, զորեղ հարված են հասցնում եկեղեցու հեղինակությանը, նրա արդեն իսկ սասանված առաքելությանը, թեեւ քաջ գիտակցում ենք, որ ո՛չ կաթողիկոսի, ո՛չ էլ որեւէ եպիսկոպոսի անձը դեռեւս եկեղեցի չէ` բառիս ամբողջական իմաստով: Բայցեւայնպես, կաթողիկոսի անձով ողջ եկեղեցին է հարվածի տակ ընկնում, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի հավատացյալ հայորդիները հեռանան եկեղեցուց եւ իրենց հոգեւոր մխիթարությունը գտնեն այլ եկեղեցիներում` շատերն էլ, դժբախտաբար, ընկնելով աղանդավորական Հայ եկեղեցում առկա հոգեւոր գորշ մթնոլորտը, որ ծնունդ է անհավատ միջավայրի, լցրել է նաեւ որոշ գիտակից եկեղեցականների ու ազնիվ մտավորականների համբերության բաժակը:

Այդ ամենը եթե գործնականում ունենում է իր արտահայտությունը (բողոքներ, հրաժարականներ, կարգաթողություններ), բնականաբար իր հակազդեցությունը պիտի ստանա Մայր Աթոռի կողմից, որպեսզի «գերագույն պետը», տվյալ դեպքում` կաթողիկոսը, ամեն ինչում արդար եւ ճիշտ ներկայացվի, իսկ ընդվզող կողմը` «անհնազանդ», «կարգազանց» եւ ի վերջո` «դավաճան»: Դե ուրիշ կերպ անհնար է պատկերացնել Մայր Աթոռի պաշտոնյաների դիրքորոշումը այս հարցում: Նրանք պարզապես կատարում են իրենց պարտականությունը, որպեսզի հանկարծ չզրկվեն «մի փոր հացից»:

Այս համատեքստում լիովին սպասելի էր Մայր Աթոռի միաբան Պարթեւ աբեղա Բարսեղյանի «Երբ եկեղեցական կարգ ու կանոնից կարգազանցներն են խոսում» վերտառությամբ հրապարակումը` իրեն բնորոշ քծնելու վարպետությամբ: Ոչինչ չասող էժանագին այս գրությունը կաթողիկոսին ու նրա ձեռնասուններին վերստին անգամ շռայլորեն խնկարկելուց բացի ուրիշ ոչ մի բանով օգտակար չեղավ ընթերցողներին: Ընդամենը հաստատվեցին Նուրհան Պատրիարք Մանուկյանի խոսքերը, որ մայր եկեղեցին «գարշապար լիզողների» կարիք չունի, որոնցով եւ անհագորեն շրջապատված է եկեղեցական բարձրագույն իշխանությունը: Նման դեպքերում Ավետարանն էլ ասում է, որ «եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը պիտի ընկնեն»:

Հարկ ենք համարում անդրադառնալ հիշյալ հրապարակման մեջ արծարծված մի քանի հարցերի պարզաբանմանը: Հարցեր, որոնք առաջադրվել են Հայր Պարթեւի կողմից, ով միաժամանակ Մայր Աթոռում զբաղեցնում է փոխդիվանապետի պաշտոնը: Նախ, մինչեւ պարզաբանումներին անցնելը հիշեցնենք, որ վերջերս Մատիրոս քահանա Բերբերյանը «Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը եկեղեցին ղեկավարում է իր անձնական «կանոնագիրքով» հոդվածում 11 հարց էր ուղղել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն, Գարեգին Բ կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանին, որից այդպես էլ պատասխան չստացվեց` հավանաբար կաթողիկոսի կողմից «օրհնություն» չունենալու պատճառով: Սույն հոդվածում Տեր Մարտիրոսը մատչելի կերպով ներկայացնում է այն կանոնազանց վիճակը, որտեղ գտնվում է Հայ եկեղեցին` Սուրբ Էջմիածին կենտրոնով:

Այն տպավորությունն ենք ստանում, որ կաթողիկոսն ու իր պաշտպանյալները բնավ գաղափար չունեն Հայ եկեղեցու կանոնական իրավունքից, նվազագույն չափով չեն թերթատել «Կանոնագիրք հայոց» երկհատորյակն ու Ներսես Արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունք» ստվարածավալ աշխատությունը: Եթե ուսումնասիրելու լինենք Հայոց եկեղեցական կանոնները եւ միաժամանակ դրանք համեմատենք եկեղեցական ներկա վիճակի հետ, ապա գրեթե համեմատության եզր չենք կարող տեսնել այս երկու իրականությունների միջեւ:

Պարզից էլ պարզ է, որ եկեղեցական կանոնների 90 տոկոսից ավելին տեղ չեն գտնում Հայ եկեղեցու կյանքում, այլ դրանց փոխարեն մեծավ մասամբ կյանքի են կոչվում հայրապետական անհասկանալի տնօրինություններ, անտրամաբանական որոշումներ եւ հակասական վճիռներ, որոնք ոչ այլ ինչ են, քան կաթողիկոսի պաշտոնի եւ դիրքի չարաշահում` քմահաճույքների ու կամայականությունների տեսքով:

Այս քաոսային իրադրությունը, մեղմ ասած, ձեռնտու է եկեղեցական բարձրագույն իշխանությանը, այլ խոսքով`իրենց արժանապատվությունն ու ինքնասիրությունը կորցրած եպիսկոպոսներին, որոնք կաթողիկոսին ու նրա սխալները «սրբացնելուց» բացի այլ «մասնագիտության» թերեւս չեն տիրապետում: Տեղին է հիշատակել Ոսկան Մխիթարյանի «Ո՞ւր են եպիսկոպոսները» հրապարակումը, որտեղ հեղինակը խոսում է ներկայիս եկեղեցական վերնախավի այն կրավորական եւ դատապարտելի կեցվածքի մասին, որ երբ հարկ է լինում արտահայտվել հանրությանը հուզող եկեղեցական հարցերի շուրջ, բոլորը պապանձվում են: Եկեղեցական տագնապներին ու մարտահրավերներին ընդառաջ` համրանում են նաեւ Մայր Աթոռի միաբանները, սակայն երբ հերթը գալիս «օճառվելուն», մի լավ ներշնչվում են «ներսիսյան դպրոցից» եւ ուժգին կերպով տարփողում` հաչս իրենց վերադաս եկեղեցական պետերի: Ո՞վ իմանա. գուցե մի օր իրե՞նք էլ հասնեն եպիսկոպոսության աստիճանին, ինչպես բախտ ունեցան իրենց նախորդները:

Գալով Պարթեւ աբեղայի չքմեղանքներին, թե «եկեղեցական բարձրագույն իշխանության շահերին հակառակ է` կորցնել եկեղեցականին, առավել եւս արժեքավոր մեկին», ապա հարցնում ենք, թե ինչո՛վ են պայմանավորված 100-ից ավելի կարգազրկությունները, որոնք որպես ռեկորդ` սահմանել է Գարեգին Բ կաթողիկոսը: Այսօր այդ հոգեւորականները դուրս են նետված եկեղեցական ծառայությունից, իսկ կարգաթողների մեծ մասը սեփական նախաձեռնությամբ է լքել ծառայության դաշտը, որովհետեւ ստեղծվել էր մի այնպիսի մղձավանջային իրավիճակ, որ մարդիկ այլեւս չեն կարողացել դիմանալ` նախընտրելով դասավորել անձնական կյանքը:

Որպեսզի տեղիք չտրվեն այն խոսակցություններին, թե «եկեղեցական բարձրագույն իշխանությունը կարգալույծ է անում եկեղեցականներին` ելնելով կամայական եւ կանխակալ վերաբերմունքից», ապա ախուսափելիորեն անհրաժեշտ եւ հրատապ է Հայ եկեղեցում կյանքի կոչել նվիրապետական 4 Աթոռների փորձառու եպիսկոպոսներից բաղկացած եկեղեցական դատարանը, որը լինելով անկախ եւ չեզոք մարմին`զերծ պետք է լինի կաթողիկոսական ճնշումներից` առաջնորդվելով բացառաբար Սուրբ Գրքով եւ եկեղեցական իրավունքով: Եկեղեցական ատյանի գոյության կարեւորության մասին տարբեր առիթներով բարձրաձայնել է նաեւ «եկեղեցու ընդդիմախոսներից» ընտիր գիտնական եւ աստվածաբան Արամ դպիր Դիլանյանը` հանդես գալով «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն այսօր ուղղակի անհրաժեշտ է Եկեղեցական ատյանի գոյությունը» եւ «Եկեղեցական դատական համակարգը իրականություն դարձնելն այսօր առաջնահերթ խնդիր է» հրապարակումներով:

Ավելորդ ենք նկատում վերստին խոսել «կարգալուծություն» բառի եւ երեւույթի` աստվածաբանորեն եւ լեզվաբանորեն սխալ եւ ընդունելի չլինելու մասին, որով Հայ եկեղեցի է ներմուծվել մոլորեցուցիչ մի հերետիկոսություն: Ըստ այդմ, «հայրապետական տնօրինություն» հորջորջվող պարզ գրությամբ եւ կաթողիկոսի «կախարդական գրիչով» ձեռնադրված եւ օծված քահանան, վարդապետը կամ եպիսկոպոսը դադարում են իրենց վրա կրել Ձեռնադրության սուրբ խորհուրդն ու սրբալույս մյուռոնի օծումը` համարվելով աշխարհական: Այս անհեթեթ տեսության կողմնակիցները երեւի չեն կարդացել Աստվածաշնչի այն տողերը, որտեղ խոսվում է հավիտենական քահանայության մասին (Սաղմ. 109:4, Եբր. 5:6): Ավելին` այսպիսի հերետիկոսությամբ առհասարակ հարցականի տակ է դրվում այն դավանողների ուղղափառ հավատքը, քանի որ առհասարակ եկեղեցական դասի մի մաս ոչ միայն չի ընդունում, այլեւ անամոթաբար ծաղրում է Եկեղեցական Հայրերին` նրանց համարելով ժամանակավրեպ:

Սուրբ հայրապետների նզովքի տակ են ընկնում այն եկեղեցականները, որոնք իրենց «պոստմոդեռն» համարելով` անտեսում եւ ոտնահարում են Սուրբ Հայրերի ժառանգությունը, նրանց կերպարը, վաստակը: Այդպիսիներին ոչ միայն պետք է զրկել եկեղեցական կարգից, այլ նաեւ` Սուրբ Հաղորդությունից` դասելով ուրացողների եւ հերետիկոսների շարքերը: Սուրբ խորհուրդների մշտնջենավորությունն ի մտի ունենալով` անկարելի է դառնում որեւէ վավերական խորհրդի լուծարումը: Այլապես ստացվում է, որ ճշմարիտ են այն պնդումները, թե եկեղեցին Գարեգին Բ-ի համար մի հիմնարկություն է, որտեղ գործում են միայն իր անձնական տրամադրությունները: Եվ ինչպես սովետական հիմնարկում կընդունեին եւ այնտեղից կազատեին աշխատողներին, այդ սկզբունքով էլ Գարեգին Ներսիսյանը ձեռնադրում եւ կարգազրկում է իր ուզած մարդկանց:

Քահանայության եւ կարգազրկության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Դու ես քահանայ յաւիտեան» եւ «Նախկին քահանա չի լինում» ուսումնասիրություններից: Նշենք միայն, որ կարգաթողության դեպքերում, երբ հոգեւորականն ինքնակամ թողնում է քահանայագործությունը եւ անցնում աշխարհական վիճակի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության, Երուսաղեմի ու Պոլսո հայոց պատրիարքական Աթոռների կողմից այդ անձերը «կարգալույծ» չեն հռչակվում, ինչը հատուկ է Էջմիածնի կաթողիկոսությանը: Եվ դա միանգամայն տրամաբանական է, քանի որ եթե հոգեւորականը սեփական կամքով է հրաժարվում եկեղեցականծառայությունից, այլեւս կարիք եւ իմաստ չկա նրան կարգազուրկ հռչակելու: Սա մոտավորապես նման է այն դեպքերին, որ երբ հիմնարկի աշխատողը աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, հաջորդ օրը հիմնարկի ղեկավարը նրան աշխատանքից չի հեռացնում` «իր դիմումի համաձայն»:

Այս զավեշտը հատուկ է միայն Մայր Աթոռին: Վերջերս կարգաթող եղան Երուսաղեմի միաբան Հայր Ընծա Բաբախանյանն ու Մեծի Տանն Կիլիկիոյ միաբան Հայր Վարանդ Կորդմոսյանը, մինչդեռ նրանց, այսպես կոչված, «կարգալուծության վճիռները» ոչ մի տեղ չեք գտնի: Բայց սրանից է՛լ ավելի զավեշտալի երեւույթն էլ կա: Մի քանի տարի առաջ ԱՄՆ հայոց թեմի քահանաներից մեկը հետմահու «կարգալույծ» է հռչակվում Գարեգին Բ կաթողիկոսի կողմից, քանի որ քահանան (կամ նրա հարազատները) ցանկացել էր, որ իր վրա վերջին օծման կարգ տեղի չունենա: Դե կաթողիկոսն էլ, առանց երկար մտածելու, խնդիրը լուծելու համար, հետմահու «կարգալույծ» է անում այդ քահանային` նրան թաղելով աշխարհականի պես: Այս պատմությունն իր արժանի տեղը պետք է որ գրավի Հակոբ Պարոնյանի երգիծապատումների շարքում:

Մենք հակված չենք կարծելու, որ բոլոր կարգազուրկ հռչակված հոգեւորականները անպարտ են կամ ըստ Հայր Պարթեւի` «լավերն» են, ուստի նրանց նկատմամբ միանշանակորեն անարդար որոշում է իրականացվել: Առավել եւս հակված չենք կարծելու, որ եկեղեցական ծառայության մեջ գտնվող բոլոր հոգեւորականներն են «լավերը», քանի որ եթե ուշադիր զննության ենթարկվեն նրանց կյանքն ու գործունեությունը, ապա կեսից ավելին ենթակա կլինի կարգազրկության` համաձայն եկեղեցական կանոնների: Իսկ թե ինչո՛ւ նրանք չեն կարգազրկվում, որովհետեւ կարգազրկողի, տվյալ դեպքում` կաթողիկոսի կամ նրա անմիջական շրջապատի հետ լավ հարաբերությունների մեջ են` տարբեր առումներով: Այստեղ հարցն ավելի առանցքային է, քան թե ստուգել` ո՛վ է անմեղ, իսկ ո՛վ` մեղավոր: Ողջ խնդիրը կարգազրկման սխալ ձեւի մեջ է:

Մինչեւ անգամ աշխարհիկ դատարաններում դատապարտյալին հնարավորություն է տրվում ինքնապաշտպանության, հստակ նշվում են նրա մեղադրանքները եւ մատնանշվում է քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի կոնկրետ կետը` համաձայն որի մեղադրյալը կրելու է օրենքով սահմանված պատիժը: Իսկ կարգազրկության դեպքում, քանի որ չկա եկեղեցական դատարան, կաթողիկոսը ինչպես ուզում, այդպես էլ վարվում է: Մի քանի իրեն համակիր «վաղահաս» եպիսկոպոսներ է գտնում եւ «Կարգապահական հանձնախումբ» կազմում (որն, ի դեպ, գործում է 2011 թվականից), ու ոնց քեֆը տալիս, այդպես էլ վճիռ է արձակում: Ապա Մայր Աթոռը նույնիսկ չի բարեհաճում կարգազրկման վճռի կրկնօրինակը հանձնել մեղադրյալ եկեղեցականին` հույս ունենալով, որվերջինս կա՛մ համացանցից կտեղեկանա, կա՛մ էլ իր ծանօթները մի տեղ կկարդան եւ հեռաձայնով կփոխանցեն:

 Սա նաեւ տարրական էթիկայի պակաս է, որ ցուցաբերում է Մայր Աթոռը: Մյուս կարեւոր հարցը եկեղեցականների պատրաստության խնդիրն է, որը Հայ եկեղեցու ցավոտ կողմերից մեկն է: Հայտնի է, որ եկեղեցականների պատրաստության գործում առաջնահերթ գործառույթ ունեն ճեմարանները, որոնք, իբր թե հոգեւոր-կրթական հաստատություններ լինելով, ուսանողների մեջ պետք է եկեղեցականի նկարագիր ձեւավորեն` ուսմանը զուգահեռ: Մամուլով Հայր Գարեգին Հարությունյանի եւ Հայր Եղիա Խաչատրյանի կողմիցս քանիցս անդրադարձ կատարվել է այս հարցին, որին նրանք բախվել են ի պաշտոնե:

Եվ սա փաստ է, քանի որ այդ հաստատություններից դուրս եկած «անկառավարելի եկեղեցականները» հիմնականում անհավատ, հոգեւոր նկարագրից զուրկ եւ եկեղեցական կոչումից շատ հեռու կարիերիստ անձինք են, որոնք ըստ Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի` դաստիարակված են «բիզնես հոգեբանությամբ»: Նրանցից շատերը նույնիսկ մարդկանց հետ շփվելու վարվեցողությանը չեն տիրապետում, էլ ուր մնաց, թե հովվական ծառայության անցնեն: Բարդույթավորված եւ ինքնահաստատման կարիք ունեցող կուսակրոններն էլ մի քանի տարի «հավատարիմ» վարչական պաշտոններ ստանձնելուց հետո մեկ էլ հանկարծ, բախտի բերմամբ թե պատահմամբ, եպիսկոպոս են դառնում` իրենք էլ զարմանալով, թե ինչպես դա կատարվեց:

Ճեմարանի ուսանողները ուսումնառության 6 տարիների ընթացքում այդպես էլ չեն ունենում խոստովանահայր, ով որպես հոգեւոր առաջնորդ` հոգեւոր խնամք պետք է տածի ապագա հոգեւորականների կայացման գործում: Սա նշանակում է, որ այդ ուսանողները, վայրիվերումների մեջ հայտնվելով, չունեն մի տիպար հոգեւորական, որին կնմանվեին իրենց ճեմարանական տարիներին: Եթե մի հաստատության տեսուչը լինի Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, ապա ամեն ինչ շատ պարզ է: Հատուկ ծրագիր է տարվում, որ ճեմարանից հավատացյալ ու առաքինի ուսանող դուրս չգա: Մինչեւ իսկ ուսանողներից մեկի վկայությամբ` վերատեսուչ Գեւորգ Սարոյանը ծաղրել է Սեւանի դպրանոցի սաներից մեկին, ով ծնկած աղոթելիս է եղել: Ահա թե ինչպես են կրթում ապա եկեղեցականներին:

Մայր Աթոռում «լավերին» վերացնելու սեւ ցուցակը գնալով համալրվում է: Ներկայումս հարձակումներ են սկսվել Մայր Աթոռի միաբաններից Կորյուն աբեղա Առաքելյանի եւ Հայրիկ աբեղա Հովհաննիսյանի նկատմամբ:Կաթողիկոսի հալածքների ներքո են գտնվում նաեւ Մյուռոն ծ. վրդ. Գըվըգյանը, Աթանաս վրդ. Մովսիսյանը, Կյուրեղ քհն. Տալյանը եւ ուրիշներ: Այս բոլոր եկեղեցականներն էլ շատ սիրված են հավատացյալների կողմից, իսկական հոգեւորականի կեցվածք ունեն, ինչն էլ հենց անհանգստացնում է Գարեգին Բ կաթողիկոսին ու իր թիմակիցներին: Հարցին, թե «ո՞րն է Եկեղեցու բարձրագույն իշխանության շահը` կորցնելու այսքան ջանքերի գնով ձեռք բերվող եկեղեցականին եւ վասն ինչի՞», մեր պատասխանը սա է:

Ժողովրդի կողմից սեր ու հարգանք վայելող, այլեւ ուսյալ եւ արժեքավոր եկեղեցականների կողքին նրանց վերադասները փոքր են զգում իրենց, քանի որ ուզում են միայն իրենք «փայլել», մինչդեռ ժողովրդականություն վայելող հոգեւորականները «ստվեր» են գցում բարձրաստիճան, բայց փոքրոգի եկեղեցական վերադասի վրա, ուստիեւ ամեն գնով փորձում են ազատվել «լավերից»: Թվարկենք միայն Հայր Պարթեւ Գյուլյումյանի հանրահայտ եւ աղմկահարույց դեպքը, որը, ցավոք, եզակի չէ: Սա Հայ եկեղեցում կարելի է անվանել «եպիսկոպոսական հիվանդություն»: Չկա՛ եղբայրասիրություն, փոխադարձ հարգանք եւ նվազագույն չափով վստահություն:

Իրար «տակ փորելը», «գործ տալը» եկեղեցական ասպարեզում գոյության պայքարի է վերածվել: Ներկա պատկերով Հայ եկեղեցին ուղղակի սրընթաց գահավիժում է: Եվ եթե Եզր կաթողիկոսը, ըստ պատմիչների, Հայ եկեղեցին հասցրեց անդունդի եզրին (այդ պատճառով էլ անվան Ե տառը շրջված էին գրում), ապա Գարեգին Բ կաթողիկոսը ուղղակի քայքայեց եկեղեցին եւ դեպի անդունդ գլորեց` պատճառ դառնալով աղանդավորների տարածման եւ անթիվ հոգիների կորստյան:

Հայր Պարթեւ Բարսեղյանն իր գրության մեջ շեշտում է, որ կաթողիկոսը բծախնդիր է մեր եկեղեցու կարգապահությանը եւ ըստ իրեն` պատժված հոգեւորականները խախտել են մեր եկեղեցու կարգ ու կանոնը։ Այստեղ ուզում ենք ընթերցողներին հիշեցնել, որ Գարեգին Բ կաթողիկոսն առաջին իսկ օրից բազմիցս խախտել է մեր եկեղեցու ավանդական կարգ ու կանոնը, ինչի մասին դիտողություններ են արվել նաեւ մեր եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալների կողմից: Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը` որպես Պոլսո հայոց Պատրիարք եւ Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը` որպես Երուսաղեմի հայոց Պատրիարք, իրենց նամակներում հստակ կերպով առանձնացնում են Գարեգին Ներսիսյան կաթողիկոսի կատարած կանոնական խախտումները։ Հետեւաբար, եթե կարգազանց հոգեւորականը պիտի պատժվի, ուրեմն պետք է սկսել ներկայիս կաթողիկոսից, իսկ այն «անձնական կանոնների» հիման վրա, որոնցով կաթողիկոսը պատժում է բազմաթիվ հոգեւորականների, ըստ իր հայեցողության, բոլորն էլ անօրինական են եւ անվավեր` եկեղեցական իրավունքի տեսակետից։

Հայր Պարթեւը հստակ պետք է իմանա, որ մեր եկեղեցու կանոնների փոփոխությունները, ավելացումներն ու հաստատման իրավունքը պատկանում է եկեղեցու գերագույն մարմնին, որ է` Ազգային- եկեղեցական ժողովը։ Եկեղեցական կարգ ու կանոնը առաջին հերթին ոտնահարում է հենց եկեղեցական բարձրագույն իշխանությունը` կաթողիկոսի գլխավորությամբ: Այսօր էլ կաթողիկոսը շարունակում է ինքնակամ ու միապետական որոշումներ պարտադրել իր շուրջը խմբված եպիսկոպոսներին, որոնք վախի ազդեցության տակ ամեն ինչի հետ համաձայնում են: Նույնն է պարագան ապօրինի Գերագոյն հոգեւոր խորհրդի չընտրված, այլ նշանակված «պատկեր-անդամների», որոնք միայն ծափահարել գիտեն կաթողիկոսի առաջարկներին, ինչպես բոլորովին վերջերս Երուսաղեմի միաբանության կողմից առաջադրված եպիսկոպոսության թեկնածուներից մեկի` Պարետ ծ. վրդ. Երիցյանի նկատմամբ «վերապահումներ»-ով հանդես եկավ, ու երբ Հայր Պարետը նամակով խնդրել էր կաթողիկոսին գրավոր պատճառաբանել այդ «վերապահումները», Մայր Աթոռի կողմից տիրեց քար լռություն, ինչպես բոլոր կարգազրկությունների պատճառաբանման դեպքերում։

Մենք կարծում ենք, որ Պարթեւ աբեղան միամիտ չէ եւ փորձում է այսօրինակ հրապարակումների միջոցով կաթողիկոսի «աչքը մտնել», բայց որքան էլ պաշտպանի, միեւնույնն է, ծառն իր պտղից է ճանաչվում: Գալով հիշատակված «բարեկարգության թեզիսներին»` պիտի փափագեինք, որ Մայր Աթոռի միաբանները ժամանակ գտնեին թերթելու «Բարեկարգութիւն Հայց. Եկեղեցւոյ» խորագիրը կրող աշխատասիրությունը` ի նպաստ Հայ եկեղեցու պայծառացման շահեկան գործին, որպեսզի եկեղեցին վերջապես դուրս գա անհավատության թմբիրից ու թոթափվի կլանային համակարգից:

Վերջում, Պարթեւ աբեղա Բարսեղյանին չմոռանանք հիշեցնել ժողովրդական մեկ այլ առած, թե`«Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Իսկ չերչիլյան մեջբերումների փոխարեն, որոնք բառացիորեն նույնպես տեղ էին գտել Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հարցազրույցներից մեկի ժամանակ, պատշաճ կլիներ, որպես եկեղեցական, գոնե մի մեջբերում աներ Աստվածաշնչից: Այսու, հորդորում ենք Մայր Աթոռին` վերջ դնել ջայլամի քաղաքականությանը, սեփական գլուխները դուրս հանել ավազաթմբերից եւ չպառակտել առանց այն էլ վիրավոր հայ քրիստոնյաների կրոնական զգացումները:

«Հայ Եկեղեցու բարեկարգում» շարժման մասնակիցներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին