▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը

ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2015/2016 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Դրանք հաստատվում են 3 տարի ժամկետով և ամենամյա վերահաստատման սկզբունքով: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2015/2016 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:

 

 ք. Երևան, 19  դեկտեմբերի 2014թ.

 

Հարգելի տիկնայք և պարոնայք,

 

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի հերթական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2015/2016 թվականների մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թեկնածու թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:

 

Նախատեսված է, որ նոր` 2015/2016 թվականների մրցաշրջանը կսկսվի 2015 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացն ընթանալու է նախորդ մրցաշրջանում կիրառված ժամանակացույցով` իր մեջ ներառելով որոշակի փոփոխություններ: Հարկ եմ համարում նշել, որ արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ամբողջական կերպով կիրառվեց ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս: Գալիք մրցաշրջանում ևս այն իր ուրույն տեղն է ունենալու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում: Մասնակից ակումբներն արդեն նախորդ մրցաշրջանում հասցրել են ամրապնդել իրենց փորձառությունն այս ասպարեզում, ինչը միանշանակորեն նպաստելու է այս ոլորտում նրանց ցուցանիշների բարձրացմանն ու բարելավմանը գալիք արտոնագրային մրցաշրջանում: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունը հերթական անգամ ապահովելու համար:

Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Ինչպես նախորդ մրցաշրջանների ընթացքում, գալիք մրցաշրջանում ևս նախատեսված են մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես Արտոնագրման բաժնի աշխատակիցների, այնպես էլ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների համար:

Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման համակարգը և վերահսկողության գործընթացը նպաստում են ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:

Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2014 թվականի հոկտմբերի 30-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2014 թվականի խմբագրություն): Վերջինս հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի  2012 թվականի խմբագրության կանոնակարգի վրա:

Ակումբների արտոնագրման համակարգում և ակումբների վերահսկողության գործընթացում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանասական արդար խաղի համակարգի կողմից սահմանված Ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012 թվականի խմբագրություն) պահանջներին: Շարունակելով ձևավորված ավանդույթը և հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորև ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի գործունեության հիմքերը, այն է` տարվող քաղաքականությունն ու նպատակային խնդիրները.

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի համար հստակ սահմանված նպատակներ:

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի նկատմամբ ակումբների կարիքների և ակնկալիքների բավարարում, օժանդակություն ակումբների գործունեության բարելավման հարցերում և նրանց իրավունքների պաշտպանություն:

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի արդյունավետության մշտական և շարունակական բարելավում ու մասսայականացում:

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում:

- ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների անշեղորեն պահպանում;

- Ակումբների արտոնագրման և վերահսկողության շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում և միջազգային կապերի զարգացում:

- Ակումբների և ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի սահմանած որակի չափանիշների ու պահանջների:

- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` մարզչական կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև ենթակառուցվածքային ու իրավական հարցերում:

- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:

- ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմքերի ստեղծում և պայմանների բարելավում:


ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ


- Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին մասնակից ակումբներին:

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման ուղիների մշակում:

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում և դրանց իրագործման վերահսկում:

- Աջակցություն ՀՖՖ ակումբներին` նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, հաշվապահներ, մամուլի քարտուղարներ, անվտանգության և երկրպագուների հարցերով պատասխանատուներ և այլն) պատրաստման և վերապատրաստման հարցերում:

- Արտոնագրերի շնորհում ակումբների մարզիչներին և այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնակարգերի:

- ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարչական Բ, Ա և ՊՐՈ դասընթացների կազմակերպում և անցկացում` ներառելով արտասահմանցի բարձրակարգ մասնագետների:

- Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին, այն է` ենթակառուցվածքային խնդիրներ, խաղերի կազմակերպում և կազմակերպչական ամբողջական օժանդակություն:

- Շփումների կազմակերպում, պահպանում և համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման հարցերում:

- Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման և գործնական կիրառման հարցերում:

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների և այլ արձանագրությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում:

- ՀՖՖ ակումբների փաստաթղթերի և արխիվային նյութերի հաշվառման և վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում:

- Ակումբների գործունեության համեմատական վերլուծության իրականացում և հերթական տպագիր հաշվետվության ներկայացում:

- Մշտական համակարգված աշխատանք ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացումն ապահովելու համար:

- Բազմակողմանի աջակցություն և խորհրդատվություն ՀՖՖ ակումբներին իրենց ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման հարցերում` համապատասխան ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող որակի ստանդարտների:

- ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012թ. խմբագրություն) տեղայնացման և կիրառման աշխատանքների շարունակականություն:

- Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնակցություն այդ նախագծերին` ինքնուրույն, ինչպես նաև պետական և տեղական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ համատեղ:

- ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող տարբեր կանոնակարգերի թարգմանություն, տեղայնացում և տպագրում. մասնավորապես ՈՒԵՖԱ-ի ենթակառուցվածքային և անվտանգության կանոնակարգերի տեղայնացում:

- Ազգային մակարդակով մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի ստեղծում:

- Տեղեկատվական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին` ֆինանսական, իրավական, կադրային, մարզական և այլ հարցերի վերաբերյալ:

- Օժանդակություն ՀՖՖ ակումբներին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի մշակման, տեղայնացման և իրականացման հարցերում:

 

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և վերահսկողության գործընթացի նվազագույն խնդիրները գալիք  մրցաշրջանի համար: Հարկ է նշել, որ դրանք առանձնակի փոփոխության չեն ենթարկվել նախորդ մրցաշրջանների համեմատությամբ, քանի որ դրանք կրում են ամենամյա շարունակական բարելավման և զարգացման բնույթ և միմիայն ուղղված են ոլորտի զարգացմանը:

Կասկածից վեր է, որ, ըստ նշված քաղաքականության կետերի և նպատակային խնդիրների, տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացմանը, այլև ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական և մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանն ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի և որդեգրած ուղու ճշմարտացիության մեջ և շարունակելու է լինել հետևողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում, իսկ ակումբների արտոնագրումն այդ ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն է: 

 

ՀՖՖ Նախագահ` Ռ. Հայրապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին