▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմն առանց ավելորդ նազուտուզի «հանձնեց» հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձին

Գյումրիի ողբերգությունը չքաղաքականացնելու վերաբերյալ տարբեր պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող կոչերը բավական ուշագրավ են այն առումով, որ այս կարգի արյունալի ոճիրները քաղաքականացնել-չքաղաքականացնելու մենաշնորհը, փաստորեն, վերապահում են բացառապես իշխանության ներկայացուցիչների համար: Տարիներ առաջ մեկ ուրիշ սահմռկեցուցիչ սպանության դեպքի առնչությամբ պաշտոնական Երևանը նախընտրեց ծայրահեղ քաղաքականացնել իրավիճակը և անգամ խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով: Հունգարիայի այն ժամանակվա պահվածքն ամենևին չեմ ողջունում, բայց ստիպված եմ արձանագրել նաև, որ Պերմյակովի հարցով Հայաստանն իրեն պահեց նույն կերպ: Հունգարիայի համար օտար էին և զոհը, և ոճրագործը, իսկ տեղի ունեցած սպանությունը ընկալվում էր որպես հունգարական տարածքում վայրի կովկասցիների միջև եղած թշնամանքի հողի վրա տեղի ունեցած բիրտ հաշվեհարդար, որի իրավաչափ քննությունն ու դատական գործընթացն ապահովվեց տեղի արդարադատության կողմից, իսկ արտահանձնումն էլ չէր հակասում իրավական գործող միջազգային նորմերին: Մինչդեռ Գյումրիի ոճրագործության պարագայում հայկական կողմն առանց ավելորդ նազուտուզի «հանձնեց» հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձին վերջինիս քաղաքացիության երկրի իշխանություններին և, ըստ տարածվող տեղեկատվության, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ իրազեկեց հետաքրքրվողներին այն մասին, որ Հայաստանի տարածքում ՀՀ քաղաքացիներին քնի մեջ սպանած հանցագործին դատելու է ռուսական դատական ատյանը՝ ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրավիճակն այսչափ անհեթեթ է հատկապես այն պատճառով, որ պաշտոնական մակարդակում մենք սովոր չենք խնդիրները դիտարկել իրավական հարթությունում՝ գերադասելով դրանք «լուծել» քաղաքականացնելու (երբ դա ինչ-որ մեկին ձեռնտու է թվում) կամ չքաղաքականացնելու միջոցով: Հայաստանյան արդարադատության և իրավամտածողության որակի ու ինքնատիպ առանձնահատկությունների դիպուկ բնութագիրը ներկայացրեց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը՝ դատական նիստի ժամանակ արտասանած իր ճառում: Այս ամենի հետևությունն այն է, որ իրավական հարցերում քաղաքականացնել-չքաղաքականացնելու սկզբունքով առաջնորդվող իշխանությունն իր գործողություններում երկակի մոտեցում ցուցաբերած չլինելու համար հիմա, թերևս, պետք է Հունգարիայից ներողություն հայցի ու դիմի վերջինիս՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու խնդրանքով:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին