▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Սարգիս` «Ջահելներին Կարգիս»

Սբ. Սարգսի տոնը, թեւ չի նշվել մեծ շուքով ու հանդիսություններով, բայց եղել ու շարունակում է մնալ հայոց ամենասիրված տոներից մեկը: 

Առաջավորաց Բարեկենդանը Զատիկից տաս շաբաթ առաջ հանդիպած կիրակին է, որին հաջորդող յոթնյակի հինգ օրը Առաջավորաց պաս է կոչվում եւ ծոմի հետ միասին՝ խիստ պաս է պահվում: Այդ յոթնյակի շաբաթ օրը տոնվում է Սբ. Սարգսի հիշատակը եւ ժողովուրդն էլ շատ անգամ այդ պասը կոչում է Սբ. Սարգսի պաս: 

Հայկական ավանդությունների մեջ ձիավոր սրբերը շատ են. Սբ.Սարգիսը՝ ճերմակ ձիավոր է, Գեւորգը՝ տեգավոր, Թորոսը կամ Թեոդորոսը՝ նախշուն ձիուն նստած: Սբ. Սարգիսը երիտասարդության հովանավորն ու սիրո ճակատագիրը որոշողն է, եւ այդ է պատճառը, որ տոնի բոլոր ծիսական արարողություններն ուղղված են նրան սիրաշահելուն ու նրա բարյացկամությունը վայելելուն: 

Պասի օրերին արգելվում էր գլուխը լվանալ ու լվացք անել, աղջիկներն ու երիտասարդները հինգ օր հրաժարվում էին սովորական կերակրից, գոհանալով չոր հացով, որն ուտում էին արեւամուտից հետո: Միայն նման ժուժկալությամբ կարելի էր արժանանալ սրբի բարեգթությանը: Մի շաբաթ շարունակ, բացի պաս պահելուց, երիտասարդների խոսակցության առարկան Սբ. Սարգիսն էր: Տարիքավոր կանայք՝ մայրերն ու տատերը պատմում էին, թե ինչպես էին իրենք տարիներ առաջ մասնակցել Սբ. Սարգսի տոնին: Պասի ուրբաթ օրը Հայաստանի բոլոր շրջաններում բոված ցորենը երկանքով աղում էին, փոխինդ պատրաստում ու շաղելով խաղողահյութով, ճաշակում:

Երեկոյան երեխաները խմբեր էին կազմում եւ գնում տնե-տուն, բարձրանում կտուրներն ու երգեր երգում՝ դիմացը նվերներ ստանալով: Ուրբաթ օրը պասի վերջին օրն էր եւ հարսնացու աղջիկ ունեցող մայրերն այդ գիշեր հատուկ երգեր էին երգում: Այդ գիշեր երիտասարդները, հատկապես աղջիկները, աղի բլիթ էին ուտում, որպեսզի երազ տեսնեն: Նրանք հավատում էին, որ Սբ. Սարգիսն այդ գիշեր որոշում է իրենց բախտը եւ նա, ով երազում ջուր տա խմելու, լինելու է իրենց ապագա զուգընկերը: Այդ նույն գիշերը, երբ բոլորը քնում էին, տանտիրուհին դռան ետեւում կամ տան կտուրին ամանով չոր փոխինդ էր դնում եւ աղոթում. ՙՄեռնիմ քի, ատենահաս բոզ ձիավոր,

Սըփ Սարգիս, դու իգաս, քու ձիու ոտ զարկիս մեջ՚: Հավատում էին, թե այդ գիշեր Սբ. Սարգիսն սպիտակ ձիու վրա նստած փախցնում է իր հարսնացուին՝ մի ուռումի աղջիկ: Ծոպերով զարդարված նիզակը ձեռքին, յափնջին ուսին, նա շրջում է ողջ Հայաստանով մեկ. ՙՆրա ձիու պնչերից ամպեր են ցայտում եւ փաթիլ-փաթիլ ձյուն անում, ոտների տրոփյունից աշխարհք թնդում, նիզակի խաղացնելուց սաստիկ բուք բարձրանում՚:
Նա այցելում է բոլոր հայերի տները՝ փոխինդը նայելու: Փոխինդը տեսնելով եւ գոհանալով, որ պահել են իր պասը, Սբ. Սարգիսը հրամայում է ձիուն՝ փոխինդի մեջ թողնել պայտի հետքը (որը երազանքների իրականացման խորհրդանիշ էր դիտվում): Տանտիրուհին այս փոխինդից հետո խաշիլ էր եփում, որ ճաշակում էին տան բոլոր անդամները: 

Շաբաթ առավոտյան տեղի էր ունենում ՙաղջիկ ժողվրտանքը՚, երբ հարսնացու աղջիկները հավաքվում էին որեւէ տեղ, միմյանց շնորհավորում, պատմում ու մեկնաբանում տեսած երազները: Դրանից հետո սկսվում էր հացկերույթը: Դա հարսնացու աղջիկների ուրախությունն էր, նրանց հանգստի տոնը, որ տեւում էր մինչեւ երեկո: Նրանք պարում էին, երգում, կատակում: Փեսացու տղաներն այդ օրը աշխատում էին գտնվել աղջիկների հավաքատեղիին մոտ: Երիտասարդներից յուրաքանչյուրը ցանկանում էր տեսնել իր հարսնացուին, հանդիպել հավանած աղջկան, քանզի մեծերը, Սբ. Սարգսի տոնին, մեղմորեն էին վերաբերում այդ հան-
դիպումներին: 

Այդ օրը աղջիկներն ու տղաները բարձրանում էին տան կտուրը եւ փոխինդի գնդիկ կամ հաց դնելով սպասում, թե թռչունն ու՞ր կտանի այն: Եթե տաներ ուրիշի տունը եւ սկսեր կտցել, ուրեմն՝ այնտեղից էլ հարս կամ փեսա կլիներ: Նրանք ժամերով սպասում էին, մինչեւ որ թռչունը տաներ հացն ու փոխինդը: Այսպես էլ ավարտվում էր Սբ. Սարգսի տոնը: 

Ըստ Մ.Աբեղյանի, Սբ. Սարգիսը հողմի անձնավորումն է եւ քամու հին աստվածության ներկայացուցիչը: Նրա հողմային բնույթը երեւում է մի քանի սովորույթներից ու զրույցներից: Պասի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը եւ աղոթելով հանձնում քամուն, հավատալով, թե սուրբը իրենց մազերի հետ կտանի նաեւ իրենց ցավերը: Հավատում էին նաեւ, որ Սբ. Սարգիսն իր բքով կարող էր խեղդել մարդկանց, բայց ոչ հայերին, այլ հույներին ու վրացիներին, որոնք իրեն իբրեւ սրբի, չեն ճանաչում: 
Նրա բարեգթությանը արժանանալու համար, չամուսնացած երիտասարդ մարդիկ, հատկապես աղջիկները, շատակեր չպետք է լինեին, որպեսզի Սբ. Սարգիսը իրենց հարսանիքին բուք չբարձրացներ՝ սրանումն է տոնի՝ չափավորության ու ժուժկալության կոչող խորհուրդը: 

Իբրեւ հողմի ոգի, Սբ. Սարգիսը նաեւ գայլերի ու կենդանակերպ
ոգիների տիրակալ էր պատկերացվում: 
Ժողովրդի պատկերացմամբ, Սբ. Սարգիսն ունի գեղեցիկ կերպարանք, նիզակ, ոսկե սաղավարտ ու ոսկե սպառազինություն. մտքի պես արագ հայտնվում է նա իր լուսաշող ձիով, երբ նեղության մեջ՝ նրան են կանչում:

Գեղամ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին