▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու կյանք. թղթե եւ կենդանի վկաների արանքում

Ֆոտոգրաֆ Բորիկին գյուղում բոլորը գիտեն, քայլող հանրագիտարանը կամ գյուղի տոհմածառերի «այգեպանն» է նա։

Ի պաշտոնե Մարտունու շրջանի Բերդաշենի գյուղապետարանի հաշվապահն է Բորիկ Զաքարյանը. 1976 թվականից է աշխատում։ Հավանաբար այդ օրվանից մինչ օրս գյուղապետարանը չի վերանորոգվել։ Այդ մասին վկայում են խունացած պատերը, խոնավության սուր հոտը։ Գյուղապետարան մտնելով հայտնվում ես մութ միջանցքում, որտեղ խորհրդային ժամանակաշրջանը հիշեցնող շատ բան կարող ես գտնել։

Հաշվապահի փոքրիկ սենյակն էլ է այդ ժամանակաշրջանի «կենդանի վկան», որտեղ իրարից մոտիկ մի քանի սեղաններ են տեղադրված, որոնց վրա էլ դարսված են տարիների հաշվետվությունները, հնացած փաստաթղթեր, թղթապանակներ...

Հաշվապահի գլխավերեւում, պատի վրա օրացույց է՝ իր կուսակցության առաջնորդի նկարով /բայց ոչ կոմունիստական կուսակցության/, իսկ դիմացի պատին սեւ ու սպիտակով մեծավուն նկար։

-Ո՞վ է։
-Մեր նախկին հաշվապահն է, լավ մարդ էր։

-Ձեր նկարն էլ հաջո՞րդ հաշվապահն է կախելու։
-Ա՜, չէ, չէ մի,- ու ծիծաղում է։

Հաշվապահ Բորիկը մի այլ հոգատարությամբ է պահում գյուղի ընտանիքների տոհմածառերը. բոլորին անուններով գիտի, ով ինչով էր զբաղվում, ինչ մասնագիտություն ուներ եւ այլն։ Դրանց հետ մեկտեղ նաեւ լուսանկարների հաստափոր ալբոմներ ունի, տարատեսակ նկարներով՝ գլխաշորերով կանայք, գյուղի «հին-հին հերոսներ», որոնց մասին պատմում է այնքան ոգեւորված, ինչպես կպատմեին առասպելական դյուցազունների մասին։ Հերոսական կերպարներից մեկը ցակատ կապող Մածին է, որի ցակատներն, ասում է, ողջ Կովկասում մրցակիցը չունեին։

Մի ողջ պատմություն կա այդ ալբոմների ու նկարների մեջ, իսկ ալբոմների կողքին դեղնած թերթի մի էջ՝ Բորիկի համար շատ ցավալի հիշողությամբ. տարիներ առաջ ադրբեջանցի ուսուցչի զարհուրելի արարքը շատերին էր ափերից հանել, երբ նա մանկահասակ տղային կացնահարել եւ անդամահատել էր։ Մի օր, սակայն, սպանությունից հետո իր պատիժը ստացավ հանցագործ ուսուցիչը՝ մարդկանց զայրույթով լցված ամբոխը հրկիզեց այն մեքենան, որով տանում էին հանցագործին։

Բերդաշենում եւ առհասարակ Ղարաբաղում շատերին հայտնի այս դեպքը ուղիղ կապ ունի Բորիկի ընտանիքի հետ. անդամահատված մանուկն իր հորեղբոր որդին էր։ Ահա թե ինչու տասնամյակների հեռավորությունն անգամ մոռացության չի տալիս այն օրերին ապրած սարսափն ու զայրույթը, եւ խոսելով հայերի եւ ադրբեջանցիների հարաբերությունների մասին Բորիկն ասում է. «Չէ, ես գիտեմ, որ մենք չենք կարող նրանց հետ միասին ապրել»։ Պատասխանը կարճ է ու սպառիչ։

Հարեւանների /ադրբեջանցիների-հեղ./ մասին Բորիկը միայն հիշում է այն ժամանակ, երբ սահմանին նորից լարվածություն է լինում, իսկ այդպիսի դեպքերը քիչ չեն։ «Իսկ ի՞նչ մտածել այդքանից հետո, ամեն անգամ համոզվում ես, որ անունն է խաղաղություն, պատերազմը դեռ շարունակվում է»։

Պատերազմի մասին լսել էր դեռեւս մանկուց, երբ հայրը մասնակցում էր Ստալինգրադի ճակատամարտին, որից հետո մեդալներով ու պատվոգրերով վերադարձավ տուն։ Իր ողջ կյանքում հայրն է մեդալները հպարտորեն կպցրել կրծքին, հիմա նույն հպարտությամբ Բորիկն է պահում դրանք եւ հերոս հոր մասին պատմում արդեն իր թոռներին։

Տոհմածառերի ու ալբոմերի «վարպետը» դեռ երիտասարդ տարիներից է սիրում լուսանկարել, դրա համար են գյուղում նրան բոլորը «ֆոտոգրաֆ Բորիկ» ասում։ Ոչ միայն լուսանկարչությունը, այլեւ նոթագրություններն ու հուշագրություններն է հիմա նրա զբաղմունքը։ Փեսայի խանութում երբեմն փոխարինում է նրան, իր լավ ընկերն էլ հեռուստացույցն է, քանի որ տասից ավելի խանութ ունեցող գյուղում քչերն են առեւտուր անում. «Շատ փող չունեն գյուղացիները հիմա»,-նշում է նա։ Հավատարիմ հեռուստացույցը շատ փաստերի եւ դեպքերի մասին է պատմում։ Վաճառասեղանին դրված ստվարաթղթի մի մասում՝ թվերի կողքին ծանոթ անուն եմ կարդում, հայացքս որսալով շտապ վերցնում է թուղթը եւ ծիծաղելով ավելացնում. «Էս մի նկարիր, տելեվիզրով եմ երեկ լսել, թե որտեղ է ծնվել Պարգեւ Սրբազանը /Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ-հեղ./, ինձ համար գրել եմ, սիրում եմ նման բաներ իմանալ», ասում է ու հմտորեն թաքցնում ստվարաթղթի կտորը։

Պարգեւ Սրբազանի ծննդավայրն իմանալուց զատ մի անգամ էլ ռադիոյով լսել է, որ Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցների անուններն են հավաքագրում, բացել է խնամքով դասավորված հերթական թղթապանակը, հոր պատվոգրերն ու մեդալը նկարել, ուղարկել Մոսկվա․ ««Գոլոս Ռոսիային» եմ ուղարկել, հետո արձագանք եմ ստացել, որ այո, իրոք Ձեր հայրը մասնակցել է պատերազմին»,- պատմում է Բորիկը՝ ցույց տալով ռադիոկայանից ստացած նամակն ու պատվոգիրը։

Անցյալի հպարտությունների, ցավերի ու ձախողումների մասին պատմելուց հետո Բորիկն անցնում է գյուղի խնդիրներին՝ սողանքի գոտում գտնվող գյուղում որոշ տների պատերը ճաքել են, որոշ շինություններ փլուզման ճանապարհին են, այդպես մի օր կփլվի մշակույթի տունը, որն ինչպես ֆոտոգրաֆն է պատմում, իր նկարներում նախկինում ճոխ էր ու գեղեցիկ․ «1975թ․ մայիսի 7-ին են բացել, պահում եմ նույնիսկ հրավիրատոմսը»,-ասում է ու ցույց տալիս դեղնած թղթի կտորը։

Այսպես իր նկարներով ու պատմություններով ապրում է Բորիկը, նկարներ, որտեղ գյուղը գեղեցիկ էր ու շքեղ, կոլխոզում բոլորն էին հավասար, մարդիկ հարուստ ապրում էին, հողերն էլ էին այն ժամանակ հարուստ, լավ բերք էին ստանում։ Հիմա շատ բան է փոխվել, հիմա ապրում են մի խաղաղության մեջ, «որի անունն է միայն խաղաղություն», հիմա առաջվա պես հարուստ չեն ապրում, պատերազմը բազմաթիվ բերդաշենցիների կյանքեր է խլել, ավիրել ամեն ինչ։

Հիմա Բորիկն ապրում է երկու իրականության մեջ՝ մեկ ականատեսն է լինում այսօրվա խնդիրների ու դժվարությունների, մեկ էլ այդ ամենը մոռանալու համար շտապում է քրքրել իր ունեցած՝ «պատմության թղթե վկաները», որոնք ավելի ուրախ, անհոգ ու պայծառ օրերի մասին են պատմում։

karabakh-open.info

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին