▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը գիտեն՝ ով ուր գնաց, որտեղից եկավ, երբ եկավ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Հայկական թաղամաս» ցուցադրությունը, որը ներկայացնում է անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունները, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Նկարներն  արվել են վերջին շրջանում:  Հայկական թաղամասը բնորոշ է աշխարհի բոլոր համայնքներին, հատկապես Արևմտյան Հայաստանի, և իմ մեծ կտավներից մեկի մոտիվը դա է: «Հայկական թաղամաս»  արտահայտությունը շատ է կիրառվել. այն  միշտ շրջապատել են, պաշտպանվել է,  միասին ապրել են և այլն…»:

Մեկ ուրիշ աշխատանք էլ կա՝ կոչվում է «Կիրակի», որն էլ կապված է Գյումրիում  ապրող մարդկանց  թաղամասի  հետ, որն  իմ մանկության հուշերից է: Թաղամաս հասկացությունը Գյումրիին շատ է բնորոշ, մարդիկ մեկ ընտանիքի  նման են ապրում, բոլորը գիտեն՝ ով ուր գնաց, որտեղից եկավ,  երբ եկավ: Միասին ճաշում են, միասին ուրախանում են, միասին կռվում:

Այս ամենը տեղ է գտել կտավում, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ իր մտածողությունը զարգացնում է իր մասնագիտությանը  համարժեք. երաժիշտների  մոտ երևույթները վերածվում են հնչյունների, բանաստեղծների մոտ՝ բառերի, նկարիչների մոտ էլ՝ պատկերների»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Համալբաշյանը:

Հարցին, թե արդյոք  այսօր պահպանվա՞ծ է Գյումրիի  կոլորիտը, որը ներկայացված է կտավում, Սարգիս Համալբաշյանը նկատեց.

«Գյումրիի կոլորիտն  իր արյան մեջ է: Քանի այս քաղաքը կա, ամենը տարբեր ձևափոխումներով պահպանվում է.պարտադիր չէ՝ գլխարկ դնեն, կամ կոստյում հագնեն»:

Նկարիչը 26 տարի է՝ ապրում է Երևանում, բայց դեռ այստեղի որևէ թաղամաս չի նկարել.

«Միայն ավտոբուսի կանգառն է դեռևս…»,-ասաց Սարգիս Համալբաշյանը:

Նշենք, որ ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ կլինի ապրիլի 17-19-ը:

Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում: Սարգիս Համալբաշյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում անհատական ցուցադրությունների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում (2006), «Melina Mercury» սրահում, Նիկոսիա, Կիպրոս (2002), «Die Bodenschatz» պատկերասրահում, Բազել, Շվեյցարիա (2001), Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունում, Երևան, Հայաստան (1997), «New Academy» պատկերասրահում, Լոնդոն, Միացյալ Թագավորություն (1992): Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում:
2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին